«Հայաստանը մտադիր չէ հրաժարվել Եվրամիության հետ համագործակցությունից»․ վարչապետ
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որը գործում է Ռուսաստանի հովանու ներքո, սակայն դա չի նշանակում, որ երկիրը պետք է հրաժարվի Եվրամիության երկրների հետ համագործակցությունինց։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովի նիստին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվրամիության և ԵԱՏՄ մերձեցումն անխուսափելի է»
Համաժողովին ունեցած ելույթում վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը կարող է յուրօրինակ կամուրջ լինել Եվրասիական տնտեսական միության և մյուս համաշխարհային խաղացողների միջև, այդ թվում՝ Եվրամիության։ Նրա խոսքով՝ երկու միավորումների մերձեցումն անխուսափելի է․
«Հայաստանը ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիր է կնքել, որը մենք մտադիր ենք առավելագույն արդյունավետությամբ օգտագործել մեր բարեփոխումների նախագծման և իրականացման համար: ԵՄ-ի հետ գործընկերությունը որևէ կերպ չի հակասում մեր անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Նրանք լրացնում են միմյանց՝ հարստացնելով մեր հնարավորությունները նոր համեմատական առավելություններով»:
Փաշինյանը կարծում է, որ եվրոպացի գործընկերների հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանի համար, մանսավորապես դատական համակարգի բարեփոխման համատեքստում․
«Երկրի դատական իշխանությունը, ի տարբերություն գործադիր և օրենսդիր ճյուղերի, որտեղ ինստիտուտների օպտիմալացման հարցում կա որակական առաջընթաց, որևէ շոշափելի փոխակերպման չի ենթարկվել: Արդյունքում, դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության զգալի անկում է եղել: Եվ սա, իր հերթին, լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկրի զարգացման համար»։
Եվ այն փաստը, որ Հայաստանին այդ գործընթացում օգնում է Եվրամիությունն, ըստ վարչապետի, չի կարող խանգարել Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմանն, այդ թվում՝ ինտեգրացիոն կառույցների շրջանակում։
«Այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր է ինստիտուցիոնալ հասանելիությունը համաշխարհային տնտեսական կենտրոններին: Սա, առաջին հերթին, վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցությանը և Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությանը:
Մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա կատարելագործմանը և ԵԱՏՄ առավել արդյունավետ մասնակցությանը: Այդ նպատակով մենք ամեն ջանք կգործադրենք համագործակցության մեխանիզմների բարելավման և մեր միության անդամների միջև ինտեգրացիան խորացնելու համար: Սա հավասարապես վերաբերում է նաև մեր անդամակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը [Ռուսաստանի հովանու ներքո գործող հետխորհրդային ռազմական դաշինք, որին անդամակցում է նաև Հայաստանը – JAMNews]»։
Տնտեսական ֆորումի ընթացքում իր ելույթի ժամանակ Փաշինյանը խոսել է նաև երկրի տնտեսական հաջողությունների մասին և դիմել արտասահմանյան ներդրողներին․
«Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 7.1 տոկոս: Մենք միջազգային բիզնեսին հրավիրում ենք ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Մենք նույնիսկ պոտենցիալ ներդրողների համար կարգախոս ունենք` հարստացեք և հարստացրեք»։
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գազի և զենքի մատակարարման գները
Համաժողովի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հասցրել են երկկողմանի հանդիպում անցկացնել։ Բանակցություններից հետո Փաշինյանը հայտարարել է, որ քննարկվել է, մասնավորապես, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը․
«Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի սակագին, որ այդ գինը չկոտրի այն տեմպը, որն այժմ ունի մեր տնտեսությունը։ Եվ հուսով եմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ոչ թե սովորական են, այլ ռազմավարական։ Եվ ես կարծում եմ, որ պետք է գազի ռազմավարական հարցը լուծել»։
Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ պաշտոնական Երևանը հույս ունի Ռուսաստանից զենքի նոր տեսակներ ստանալ։
«Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք։ Սակայն հույս ունենք էլի ինչ-որ բան ստանալ։ Եվ ոչ փոքր բան»։
Սակայն, ինչպես Փաշինյան-Պուտին բանակցություններից հետո հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտությունը «մանրամասն չի քննարկվել։ Զրույցը շատ հանգամանալից էր, վերաբերում էր երկկողմանի հարաբերություններին և առևտրատնտեսական համագործացության տարբեր ոլորտներին»։