Ռուսաստանից՝ կանխիկով. ռուսները փախչում են, Վրաստանը՝ բարգավաճում
Ռուսները փախչում են, Վրաստանը՝ բարգավաճում
Մինչ Պուտինի սանձազերծած պատերազմը խեղդում է Եվրոպան, փոքր Վրաստանը, որը գտնվում է Ռուսաստանի ճնշման տակ, անսպասելի տնտեսական բում է ապրում։
Այս տարի Վրաստանը պետք է դառնա աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը՝ ավելի քան 100.000 ռուսաստանցիների կտրուկ հոսքից հետո։ Նրանք երկիր են եկել այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, իսկ Վլադիմիր Պուտինը մոբիլիզացիա հայտարարեց։
Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ մինչ աշխարհի մեծ մասը հակված է ռեցեսիայի, Վրաստանը, որն ունի 3,7 միլիոն բնակչություն, 2022 թվականին 10 տոկոս տնտեսական աճ կարձանագրի՝ սպառման վրա հիմնված բումի պայմաններում:
Սա կարող է հանգեցնել նրան, որ Վրաստանի համեստ՝ 19 միլիարդ դոլարանոց տնտեսությունը գերազանցի զարգացող շուկաներին, ինչպիսին է Վիետնամը, և նավթ արտահանողներին, ինչպիսին է Քուվեյթը:
«Տնտեսական տեսանկյունից Վրաստանում ամեն ինչ շատ լավ է ընթանում», — Reuters-ին ասել է երկրի խոշորագույն TBC բանկի գործադիր տնօրեն Վախթանգ Բուցխրիկիձեն:
«Սա ինչ-որ բում է», — հավելել է նա: «Բոլոր ճյուղերը՝ միկրոյից մինչև կորպորացիաներ, շատ լավ են աշխատում: Չեմ կարող մտաբերել մեկին, որն այս տարի խնդիրներ ունեցած լինի»:
Սահմանային անցակետերի վիճակագրության համաձայն՝ այս տարի Վրաստան է ներգաղթել առնվազն 112 հազար ռուսաստանցի։ Վրաստանի կառավարության տվյալներով՝ 43 հազար մարդուց բաղկացած առաջին մեծ ալիքը եղել է փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Երկրորդը սեպտեմբերի վերջին էր, այն բանից հետո, երբ Պուտինը հայտարարեց համազգային մոբիլիզացիա։
Վրաստանի տնտեսական բումը երկարա՞տև է, թե՞ ոչ, հարցը շփոթության մեջ է գցել բազմաթիվ փորձագետների, որոնք մեծ հարևանից տնտեսապես կախված երկրի համար պատերազմի սարսափելի հետևանքներ էին կանխատեսել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Այսպիսով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մարտին Վրաստանի տնտեսության համար լուրջ հարված էր կանխատեսել։ Իսկ Համաշխարհային բանկը ապրիլին կանխատեսել էր, որ 2022 թվականին երկրի աճը կդանդաղի մինչև 2,5%՝ նախնական 5,5%-ից։
«Չնայած մեր բոլոր ակնկալիքներին… որ Ուկրաինայի պատերազմը լուրջ բացասական հետևանքներ կունենա վրացական տնտեսության համար, մենք դեռևս չենք տեսել այդ ռիսկերի իրականացումը», — ասաց Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով ՎԶԵԲ-ի առաջատար տնտեսագետ Դիմիտար Բոգովը:
«Ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ այս տարի Վրաստանի տնտեսությունը զարգանում է բավականին լավ՝ երկնիշ թվերով»։
Այնուամենայնիվ, այս աճը ոչ բոլորին է ձեռնտու. տասնյակ հազարավոր ռուսասատանցիների ժամանումը բարձրացրել է գները և որոշ վրացիների դուրս մղել այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են բնակարանների վարձակալությունը և կրթությունը:
Բիզնեսի ղեկավարները վախենում են նաև այն դժվարություններից, որոնց Վրաստանն անխուսափելիորեն կբախվի, երբ պատերազմն ավարտվի, և ռուսները վերադառնան հայրենիք:
- Վրաստանի խորհրդարանը դատապարտում է ՌԴ հարձակումն Ուկրաինայի վրա
- «Ասես նորից պատերազմ է սկսվել». Ի՞նչ են մտածում Վրաստանում ապրող ռուսները մոբիլիզացիայի մասին
- Ռուսաստանցիների երկրորդ հոսքը Հայաստան․ ռիսկերը՝ փոքր երկրի համար
Միլիարդ դոլարով դեպի Վրաստան
Ինքը՝ Վրաստանը, կարճ պատերազմ է մղել Ռուսաստանի հետ 2008 թվականին Հարավային Օսիայի և Աբխազիայի՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող անջատված տարածքների համար:
Այնուամենայնիվ, այժմ Վրաստանի տնտեսությունը քաղում է Ռուսաստանի հետ իր աշխարհագրական հարևանության և լիբերալ ներգաղթի քաղաքականության օգուտները, որոնք թույլ են տալիս ռուսներին և շատ այլ երկրների մարդկանց ապրել, աշխատել և բիզնես բացել երկրում՝ առանց վիզայի անհրաժեշտության:
Բացի այդ, նրանք, ովքեր փախչում են Ռուսաստանից, դա անում են իրենց փողերի հետ միասին։
Վրաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ռուսները բանկերի կամ դրամական փոխանցումների ծառայությունների միջոցով Վրաստան են փոխանցել ավելի քան 1 միլիարդ դոլար, ինչը հինգ անգամ ավելի է, քան 2021 թվականի նույն ամիսներին։
Այս ներհոսքն օգնել է վրացական լարին հասցնել վերջին երեք տարիների ամենաբարձր մակարդակին։
TBC բանկի գործադիր տնօրեն Բուցխրիկիձեի և տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ եկող ռուսաստանցիների մոտ կեսը տեխնոլոգիական ոլորտում են աշխատում։ Սա համընկնում է ոլորտի հարցումների և գնահատականների հետ, որոնցում խոսվում է տասնյակ հազարավոր ՏՏ մասնագետների ներգաղթի մասին:
«Նրանք կայացած մարդիկ են, հարուստ մարդիկ… նրանք Վրաստան են գալիս բիզնես գաղափարներով և կտրուկ ավելացնում սպառումը», — ասում է Թբիլիսիի պետական համալսարանի (ISET) Միջազգային տնտեսագիտության դպրոցի ավագ գիտաշխատող Դավիթ Կեշելավան:
«Մենք սպասում էինք, որ պատերազմը շատ բացասական հետևանքներ կունենա»,- հավելում է նա։ — «Բայց ամեն ինչ բոլորովին այլ կերպ ստացվեց։ Դրական»։
Ազատ բնակարաններ չկան
Նոր ժամանածների ազդեցությունն առավել ակնհայտ է մայրաքաղաքի բնակարանների վարձակալության շուկայի վրա, այստեղ աճող պահանջարկը սրում է լարվածությունը:
TBC բանկի վերլուծության համաձայն՝ այս տարի Թբիլիսիում վարձավճարներն աճել են 75%-ով։ Որոշ ցածր եկամուտ ունեցող մարդիկ և ուսանողներ գտնվում են այն բանի կենտրոնում, ինչն ակտիվիստներն անվանում են աճող բնակարանային ճգնաժամ:
19-ամյա վրացի Նանա Շոնիան ռուսական ներխուժումից մի քանի շաբաթ առաջ պայմանավորվել էր քաղաքի կենտրոնում գտնվող բնակարանի վարձակալության երկու տարվա պայմանագիր կնքել՝ ամսական 150 դոլար արժողությամբ։ Հուլիսին բնակարանի տերը նրան վռնդել է, իսկ Նանան ստիպված է եղել տեղափոխվել քաղաքի ծայրամասում գտնվող անբարենպաստ շրջան։
«Ես աշխատանքի էի հասնում 10 րոպեում։ Հիմա առնվազն 40, ստիպված եմ ավտոբուսով և մետրոյով գնալ և հաճախ մնալ խցանումների մեջ»,- ասում է նա՝ շուկայի դինամիկայի փոփոխությունը բացատրելով նորեկների աճով։
Հնդկաստանից բժշկականի ուսանող 21-ամյա Հելեն Խոսեն ստիպված է եղել մեկ ամիս գիշերել ընկերուհու տանը այն բանից հետո, երբ ամառային արձակուրդի ընթացքում նրա վարձավճարը կրկնապատկվել է:
«Նախկինում շատ հեշտ էր բնակարան գտնելը։ Իսկ հիմա իմ ընկերներից շատերը ստիպված են հեռանալ, քանի որ կան ռուսներ, որոնք պատրաստ են մեզնից ավելի շատ վճարել»,- պատմում է նա։
ISET-ից Քեշելավայի խոսքով՝ վրացական համալսարանները նունպես հայտնում են, որ ուսանողների զգալի մասը հետաձգում է ուսումը Թբիլիսիում, քանի որ չի կարողանում վճարել բնակարանի վարձավճարը։
Ռուսները փախչում են՝ Վրաստանը բարգավաճում է
«Ճգնաժամ կարող է սկսվել»
TBC բանկի տնօրեն Բուցխրիկիձեն նորեկների մեջ տեսնում է վրացական տնտեսության բացերը լրացնելու ներուժ։
«Նրանք շատ երիտասարդ են, տեխնիկապես կրթված և բանիմաց. մեզ և վրացական այլ ընկերությունների համար սա շատ օգտակար հնարավորություն է», — ասում է նա:
«Տեխնոլոգիաները մեզ համար առանցքային մարտահրավեր են։ Եվ, ցավոք, այստեղ մենք մրցում ենք ԱՄՆ-ի և Եվրոպայի բարձր տեխնոլոգիական ընկերությունների հետ»,- հավելում է նա։ «Արագ հաղթանակի համար այս միգրանտները շատ օգտակար են»:
Այնուամենայնիվ, տնտեսագետներն ու գործարարները շարունակում են մտահոգված լինել պատերազմի երկարաժամկետ բացասական հետևանքներով, և թե ինչ կարող է լինել, եթե ռուսները վերադառնան հայրենիք:
«Մենք չենք կարող ապագայի պլաններ կազմել՝ հիմնվելով եկվորների վրա»,- նշում է Շիո Խեցուրիանին՝ «Archi»-ի (Վրաստանի խոշորագույն ծրագրավորող ընկերություններից մեկն է) գործադիր տնօրենը։
Խեցուրիանին ասում է, որ նույնիսկ վարձակալության գների աճի պայմաններում ընկերությունները շահագրգռված չեն բնակարանների շուկայում գերներդրումներ կատարելով, հատկապես նյութերի և սարքավորումների գների աճի պայմաններում: Նրա խոսքով՝ թեև տանտերերը կարող են կապիտալացնել վարձավճարների աճը, բնակարանների վաճառքից ստացված շահույթի չափն առանձնապես չի փոխվել։
Տնտեսագետները նույնպես զգուշացնում են, որ բումը չի կարող երկար տևել և Վրաստանի կառավարությանը կոչ են անում հսկայական հարկային եկամուտներն օգտագործել պարտքերը մարելու և արտարժույթի պահուստներ ստեղծելու համար, քանի դեռ դա հնարավոր է:
«Մենք պետք է գիտակցենք, որ այս տարվա աճը խթանող գործոնները ժամանակավոր են և չեն երաշխավորում կայուն աճ առաջիկա տարիների համար, ուստի անհրաժեշտ է զգուշություն», — ասել է Բոգովը ՎԶԵԲ-ում:
«Անորոշություն դեռևս կա, և ճգնաժամը կարող է Վրաստանի վրա ազդել որոշակի ուշացումով»:
Ռուսները փախչում են, Վրաստանը՝ բարգավաճում