Հայաստանում ստվերային տնտեսության դեմ պայքարի առաջին արդյունքները
2019թ-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի հարկերի հավաքագրումն աճել է 57 մլրդ դրամով ($117 մլն)՝ 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում, այս ցուցանիշը 4 տոկոսով ավելին է, քան նախապես պլանավորածը։
• Հայաստանի տասը բնակչից երեքն աղքատ է․ իշխանությունները կոչ են անում մեղավորներ չփնտրել
Ինչի՞ հաշվին
2019թ-ի առաջին երեք ամսում կոմիտեն 296 մլրդ դրամի ($ 610 մլն) հարկ է հավաքել։ դա 11 մլրդ 400 մլն դրամով (գրեթե $24 մլն) ավելին է, քան նախապես պլանավորված է եղել կառավարության ծրագրով։
Մեկ տարում կոմիտեն ընդհանուր առմամբ պլանավորում է հավաքագրել 1 տրլն 401 մլրդ դրամ (ավելին քան $ 2 մլրդ) հարկ։
Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը կարծում է, որ այս արդյունքին հնարավոր է եղել հասնել ոչ թե տնտեսության աճի, այլ ստվերի դեմ պայքարի արդյունքում․
«Այս տարվա պլանն ընդհանուր առմամբ կատարվելու և գերակատարվելու է ստվերային տնտեսության դեմ պայքարի հաշվին։ Եթե տնտեսական աճը մեզ այդ հարցում օգնի, շատ ուրախ կլինենք։ Հետագա տարիներին հույս ունենք, որ տնտեսական աճի գործոնը դոմինանտ կլինի»։
Ընդ որում, կառավարությունում վստահ են, որ ներկայիս հաջողությունը չի նշանակում, որ ստվերային տնտեսության դեմ պայքարն ավարտվել է։ Պետեկամուտների կոմիտեն շարունակում է գնահատել տնտեսության ծավալները հարկային դաշտից դուրս։ Այդ նպատակով նույնիսկ հատուկ հետազոտություն է պատվիրվել, որն անցկացնելու են արտասահմանյան գործընկերները։
Նախնական գնահատականով՝ Հայաստանում ստվերային տնտեսության մասնաբաժինը հասնում է 30 տոկոսի։ Զարգացող երկրներում այս ցուցանիշը 20 տոկոսի շրջանակում է, զարգացած երկրներում՝ 10-15 տոկոսի։
Ավելի շատ կտրոն՝ ավելի շատ փող բյուջեում
Պետեկամուտների կոմիտեն մշտապես կոչ է անում երկրի բնակիչներին ապրանք գնելիս պահանջել ՀԴՄ կտրոնները։ Մարդկանց բացատրում են, որ դա պետությանը թույլ կտա բիզնեսը ստվերից դուրս բերել և բյուջեի մուտքերն ավելացնել։
Կտրոններ պահանջելու կոչով Հայաստանի բնակչությանն է դիմել նույնիսկ երկրի վարչապետը։ Մարտի վերջին Նիկոլ Փաշինյանն արդեն խոսել է արդյունքների մասին։ Տարեսկզբից՝ երեք ամսում, 20 մլն կտրոն ավելին է տրվել, քան 2018թ-ի նույն ժամանակահատվածում։ Միայն մարտին տպված կտրոնների քանակն աճել է 34%-ով։
Առաջին եռամսյակի արդյունքի համաձայն՝ 2019թ-ի պետբյուջեի եկամտային մասը կգերակատարվի 40 մլրդ դրամով (մոտ $90 մլն)։ Եվ Հայաստանի վարչապետն այս կապակցությամբ հայտարարել է․
«Սա վերջին առնվազն 9 տարիների համար աննախադեպ երևույթ է։ Մենք մտադրված ենք 2019 թվականի հուլիսի մեկից 10 տոկոսով բարձրացնել Հայաստանի զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի մեկից նույն չափով բարձրացնել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը: Խոսքը մոտավորապես 38 հազար ուսուցչի մասին է: Բացի այդ, մենք պլանավորում ենք այս տարի իրականացնել շուրջ 303 կիլոմետր ավտոճանապարհների տարբեր մակարդակի նորոգումներ, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է վերջին 9 տարիների համար»։