Աբխազիա․ ինչպիսի՞ն է կյանքն առանց լույսի
Փետրվարի 20-ից Աբխազիայում հովհարային անջատումներ են հայտարավել ժամը 11-14-ը։ Նման անհրաժեշտություն առաջացել է Ինգուր ՀԷԿ-ի ջրամբարում ջրի ցածր մակարդակի պատճառով։
Ինգուր/ի ՀԷԿ-ը [գրելու վրացական և աբխազական տարբերակները — JAMnews] բացառիկ օբյեկտ է։ ՀԷԿ-ը տեղակայված է հենց վրաց-աբխազական հակամարտության գոտում և վրաց-աբխազական միակ համատեղ նախագիծն է։ Կայանի բետոնե պատվարը, որը 270մ բարձրություն ունի, գտնվում է Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող տարածքում, իսկ հինգ գեներատորներն՝ Աբխազիայի վերահսկման տակ գտնվող տարածքում։ Կողմերը համատեղ են կառավարում ՀԷԿ-ը և կիսում դրա արտադրած էլեկտրականությունը։
Թբիլիսիի և Սուխումի միջև ձեռք բերված ոչ պաշտոնական պայմանավորվածության համաձայն՝ կայանի արտադրած էլեկտրաէներգիայի 40 տոկոսը սպառում է Աբխազիան, 60 տոկոսը՝ Վրաստանը։ Աբխազիան ամբողջությամբ կախված է այդ էլեկտրաէներգիայից։
Ա
փրա» սրճարանի դատարկ սրահը ցերեկը մեկին հազվադեպ երևույթ է։ Կեսօրվա ընդմիջմանն այստեղ ճաշելու և ծովին նայելու են գալիս մերձակայքում գտնվող հաստատությունների՝ Աբխազիայի ծովային շոգենավագնացության, մաքսատան, նախարարների կաբինետի աշխատակիցները։
Սակայն այս օրերին այստեղ ոչ ոք չկա։
«Առանց հոսանքի նույնիսկ սուրճ չես եփի, — մտահոգ ասում է սրճարանի կառավարիչ Ալխաս Սանգուլիան, — մենք գազի բալոններ չունենք, դա անվտանգ չէ, սակայն, ըստ երևույթին, ստիպված կլինենք տեղադրել»։
Որքա՞ն կարժենա Ռուսաստանի օգնությունը
Նախորդ անգամ նման իրավիճակ էր ստեղծվել 2016թ-ին, երբ ցուրտ ձմեռ էր, տեղումներն էլ քիչ էին։
Սակայն այն ժամանակ հովհարային անջատումները երկու շաբաթից պակաս տևեցին՝ շնորհիվ այն բանի, որ Աբխազիայի կառավարությունը ռուսական կողմի հետ պայմանավորվել էր էլեկտրաէներգիա ստանալու մասին։
•Տնտեսական ճգնաժամը Թուրքիայում․ ոստիկանությունը վերահսկում է հացի գները
«ՉեռնոմորԷներգոյում»՝ ընկերությունում, որը պատասխանատու է Աբխազիայի էլեկտրամատակարարման համար, պնդում են, որ Ռուսաստանի հետ ներկայում բանակցություններ են ընթանում։
«Մենք չգիտենք, թե ինչ պայմաններով և ինչ ծավալով Ռուսաստանը կհամաձայնի մեզ օգնել։ Եվ որքան պարտք կձևավորվի, — ասում է «Չեռնոմորէներգոյի» գլխավոր տնօրեն Ասլան Բասարիան։ — Դրանով քաղաքական գործիչներն են զբաղվում»։
Փետրվարի 24-ին հոսանքն անջատել են ըստ ժամանակացույցի՝ ցերեկը երկուսին։ Սակայն տրանսֆորմատորը փչացել էր, և Սուխումի կենտրոնն առանց էլեկտրականության էր մնացել ավելի քան մեկ օր։
Մասնագետները բացատրում են, որ տրանսֆորմատորի փչանալն անխուսափելի էր։ Այն երեք ժամվա ընթացքում, երբ էլեկտրականություն չկա, բոլոր սարքավորումները սառում են, իսկ երբ հոսանքը միացնում են, սառած լարերն ու այլ դետալները չեն դիմանում լարման կտրուկ աճին։
Որպեսզի նման բան տեղի չունենա, էլեկտրիկները հորդորում են բնակչությանը ցանցից անջատել բոլոր էլեկտրական սարքերը։
«Ափրայի» կառավարիչ Ալխասն այդպես էլ անում է։ Սակայն նա հոգ է տանում նախևառաջ իր ռեստորանի թանկ սարքերի մասին։ Այդ պատճառով էլ անջատումների ժամանակ չի բացակայում սրճարանից։ Այլ հետևում է, որպեսզի բոլոր սարքերը վարդակներից անջատած լինեն։
«Սակայն ամենավատն այն է, երբ լույս չկա ամենաակտիվ ժամին, ինչո՞ւ չի կարելի այն անջատել գիշերը», — վրդովվում է Ալխասը։
Խնդիրն էլեկտրաէներգիայի ոչ ռացիոնալ սպառումն է
«Ջրամբարում առավելագույն քանակությամբ ջուր տնտեսելու համար անհրաժեշտ է տնտեսել էլեկտրաէներգիան ամենաէներգատար ժամերին», — ասում է Ինգուրի ՀԷԿ-ի տնօրենների խորհրդի նախագահ Լևան Մեբոնիան։
Եվ սա «Ափրա» սրճարանի կառավարչի հարցի ուղղակի պատասխանն է։
Սակայն, այնուամենայնիվ, հոսանքի անջատումները խնդիրը չեն լուծում, դա ընդամենը ժամանակավոր և արտակարգ միջոցառում է։
Հիմնական խնդիրը տեղումների սակավությունը կամ հալված ջրի հոսքը չէ։ Խնդիրն էլեկտրաէներգիայի ոչ ռացիոնալ ծախսն է։
«7.8մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա է ծախսում Աբխազիան։ 40 կոպեկ [մեկ ցենտից զգալիորեն քիչ] նվազագույն սակագնի պարագայում բնակչությունն իրեն չի ծանրաբեռնում տնտեսելով», — ասում է Լևան Մեբոնիան։
«Շատ հարմար է, երբ միացնում ես տան բոլոր տաքացուցիչներն ու պատուհանը բացում թարմ օդի համար։ Սակայն մեծապես ոչ ռացիոնալ է։ Մարդիկ այդպիսի մտածողություն ունեն․ նրանց չես կարող ստիպել տնտեսել, երբ հոսանքն էժան է։ Անհրաժեշտ է որպեսզի հանրապետության ղեկավարությունը էլեկտրաէներգիայի գինը մի քանի անգամ բարձրացնի»։
Մեբոնիան կարծում է, որ խնդիրը լուծելու միակ եղանակը բնակչությանը տնտեսել ստիպելն է։
«Այժմ կառավարությունում ակտիվորեն քննարկվում է այս հարցը, հնարավոր է, որ այն լուծվի։ Պետք է լուծվի։ Թբիլիսիում էլեկրաէներգիայի գինը 20 թեթրի է (մոտ յոթ ցենտ)։ Աբխազիայում՝ 1.6 թեթրի, սա պարզապես անհնար է», — ասում է Ինգուրի ՀԷԿ-ի ղեկավարը։
Ելքը՝ սեփականաշնորհո՞ւմ
Ֆեյսբուքի աբխազական սեգմենտում ակտիվորեն քննարկվում է հովհարային անջատումների թեման։
Շատերը վստահությամբ գրում են, որ Աբխազիան հատուկ են առանց լույսի թողնում, որպեսզի արդարացնեն սակագների բարձրացումը։
Մյուսները ենթադրում են, որ իշխանությունները դիտմամբ են նման իրավիճակ ստեղծել, որպեսզի հասարակության աջակցությունը ստանան նավթի արդյունահանման նախագծի իրականացման համար։
Ոմանք էլ կոչ են անում էներգետիկան մասնավոր հատվածին փոխանցել։
«Էներգասպառում» ընկերության ղեկավար Ինալ Լազբան այդ բոլոր ենթադրությունները շահարկումներ է համարում և նույնպես ասում է, որ Աբխազիայում էներգետիկայի խնդիրը կարելի է լուծել էլեկտրականության օգտագործման հանդեպ քաղաքացիների ռացիոնալ մոտեցման ճանապարհով։
«Պետք է ընդամենը վճարել հոսանքի համար, ինչպես նաև անջատել լույսն այնտեղ, որտեղ այն պետք չէ։ Սակագների բարձրացման մասին դեռ խոսք չի գնում։ Սակայն եթե էներգետիկան մասնավոր ձեռքերում հայտնվի, դա անխուսափելի կլինի», — վստահ է Ինալ Լազբան։
Աբխազիայում էներգիայի միակ աղբյուրն այսօր Ինգուրի ՀԷԿ-ն է։ Բոլոր արտադրություներն ու տների ջեռուցումն էլեկտրաէներգիայի հաշվին է։
Անգամ անցյալ տարվա վերջին վերանորոգված Սուխում ՀԷԿ-ն առանց Ինգուր ՀԷԿ-ի սնուցման չի կարող աշխատել, այն ինքնավար ռեժիմ չունի։ Եվ փետրվարի 20-ին այն սիպված էին կանգնեցնել անջատումների հետևանքով առաջացած գերբեռնման պատճառով։
Սուխում ՀԷԿ-ի տեխնիկական տնօրեն Ռեզո Զանտարիայի խոսքով՝ կայանն օգուտ է բերում Աբխազիայի էներգահամակարգին, սակայն ամեն դեպքում հարցը չի լուծում։ Դրա հզորությունը 20 մեգավատից պակաս է, և դա հերիքում է միայն էլեկտրաէներգիայի սպառման ամենաակտիվ ժամերին էլեկտրացանցում հավելումներ անելուն։
Հետաքննությո՞ւն, թե՞ էներգետիկայի զարգացման հայեցակարգ
Հոսանքի հետ կապված խնդիրն այնքան հեռուն է գնացել, որ Աբխազիայում հատուկ խորհրդարանական հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է «Չեռնոմորէներգոյի» գործունեության հետաքննությամբ։
Պատգամավոր Դմիտրի Դբարը, որը հանձնաժողովի անդամ է, կասկածում է․ արդյո՞ք անհրաժեշտ են հովհարային անջատումներն ու Ռուսաստանից էլեկտրաէներգիայի փոխանցումը։
Սակայն նրա գործընկեր Բատալ Այբան վստահ է, որ ոչ թե հետաքննություն է անհրաժեշտ, այլ Աբխազիայի էներգետիկայի զագացման հայեցակարգ։
Մինչ պատգամավորներն, էներգետիկներն ու իշխանությունները փորձում են ելք գտնել էներգետիկ ճգնաժամից, մասնավոր ընկերություններն էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների արտադրության ուղղությամբ են աշխատում։
Ռուսական «Սինոտորգ» ընկերությունը վերջերս ներկայացրել է քամու փոքր և արևային էլեկտրակայանների պատրաստման գործարանի նախագիծ։ Ենթադրվում է նոր ձեռնարկություն կառուցել Օչամչիրա քաղաքում՝ նախկին եթերայուղային գործարանի տարածքում։
Ստացված էլեկտրաէներգիան «Սինոտորգը» ենթադրում է իրացնել ոչ միայն Աբխազիայում։ Ընկերությունում ուղղակիորեն ասում են, որ իրենց հետաքրքրել է ոչ թե էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրն, այլ հանրապետության շահեկան տարածքային տեղակայումը։
Փոքր կայանների շինարարության գնի և այն մասին, թե որքան կարժենա դրանց արտադրած էլեկտրաէներգիան, դեռ խոսք չի գնում։ Սակայն հազիվ թե կարելի է ակնկալել, որ գինն ավելի ցածր կամ նույնիսկ նույնն է լինելու, որով Աբխազիայի բնակիչներն այսօր էլեկտրաէներգիա են ստանում Ինգուր ՀԷԿ-ից։
Փրկել Ինգուր ՀԷԿ-ը
Կայանի տնօրեն Լևան Մեբոնիայի խոսքով, որն ամեն կերպ զարգացնում է հոսանքի սակագնի բարձրացման գաղափարն, օպտիմալ գինը 0,7 ցենտ մեկ կիլովատ/ժամի դիմաց գինը կլինի։
«Դա լավ վաստակ կլինի։ Թեև այդ գնի պարագայում Աբխազիայի բնակիչները հազիվ թե այնքան էլեկտրաէներգիա սպառեն, որքան հիմա։ Անգամ եթե նրանք սկսեն հոսանք տնտեսել, Ինգուր ՀԷԿ-ի համար դա մեծ թեթևություն կլինի, ծանրաբեռնվածությունը զգալիորեն կկրճատվի», — ասում է Մեբոնիան։
Այսօր Ինգուր ՀԷԿ-ն աշխատում է Վրաստանի ֆինանսավորման հաշվին, որը վարկ է վերցրել Զարգացման եվրոպական բանկից կայանի լիակատար վերականգնման համար։ 2020-21թթ-ին հարկ կլինի իրականացնել դրա վերականգնման վերջին փուլը։ Խոսքը դերիվացիոն թունելի վերանորոգման և ջրամբարի հատակը տիղմից մաքրելու մասին է։
«Վրաստանի համար, որը բազմաթիվ փոքր ՀԷԿ-եր ունի, Ինգուր ՀԷԿ-ն էներգահամակարգի առանցքային օբյեկտ է։ Առանց այդ կայանի Վրաստանը գլուխ չի հանի, — ասում է Մեբոնիան։ — Կայանի հզորությունը 1300 մեգավատտ է։ Նման մասշտաբի օբյեկտ չկա ողջ Անդրկովկասում։ Մենք պետք է պահպանենք կայանը»։
Ինգուր ՀԷԿ-ի ադեկվատ շահագործումը նաև անվտանգության հարց է։ Պատվարի վթարի դեպքում կարող են տուժել և Աբխազիան, և Վրաստանը, և Թուրքիան, և Ռուսաստանը։
Սակայն հասարակ սպառողը դժվարությամբ է պատկերացնում իր բնակարանի լամպի և միլիոնավոր տոննա ջրի միջև կապը։
«Ամսական ութ հազար ռուբլի [մոտ $122] եմ վճարում հոսանքի համար, — ասում է «Ափրա» սրճարանի կառավարիչ Ալխաս Սանգուլիան, — ինչո՞ւ ինձ պետք է հուզեն նրանց խնդիրները»։