Ադրբեջանում մեկնարկել են գրանցումները մեդիա ռեգիստրում։ Ի՞նչ սպառնալիք է սա անկախ լրագրողների համար
ԶԼՄ-ների միասնական ռեգիստր Ադրբեջանում
Ադրբեջանում մեկնարկել է լրագրողների և լրատվամիջոցների գրանցումը մեկ ռեգիստրում։ Գործընթացը կտևի վեց ամիս։ Պետական պաշտոնյաների խոսքով՝ եթե որևէ ԶԼՄ այդ ընթացքում գրանցում չանցնի, դրա հետագա գործունեության հարցը կորոշվի դատարանում։ Փորձագետի կարծիքով՝ դրանք բավականին խիստ պահանջներ են և մեծապես կբարդացնեն լրագրողների կյանքը։
- Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտպանո՞ւմ է սոցցանցային գրառումների ազատությունը
- Որքա՞ն գումար է պետք վաստակել հարմարավետ կյանքի համար: Հարցում
- Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը
Անցած շաբաթվա վերջից՝ հոկտեմբերի 14-ից, Ադրբեջանում սկսվել է միասնական ռեգիստրում ԶԼՄ-ների և լրագրողների գրանցման գործընթացը։ Սա պահանջն է «Լրատվամիջոցների մասին» նոր օրենքի, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի փետրվարին։
Գրանցումն իրականացվում է առցանց reyestr.media.gov.az պորտալում՝ ASAN Login համակարգի միջոցով։ Այդ մասին հայտարարել է Մեդիայի զարգացման գործակալության (MEDİA) ԶԼՄ-ների ռեգիստրի ծառայության ղեկավար Ջահանգիր Հասանլին։
ԶԼՄ-ների զարգացման գործակալությունը ստեղծվել է Ադրբեջանի նախագահի հունվարի 12-ի հրամանագրով։ Նպատակը ԶԼՄ-ների զարգացման ոլորտում քաղաքականություն իրականացնելն է։ «Լրատվամիջոցների մասին» օրենքը խորհրդարանի կողմից ընդունվել է 2021 թվականի դեկտեմբերի 30-ին և հաստատվել նախագահի 2022 թվականի փետրվարի 8-ի հրամանագրով։
Ինչո՞ւ է լրատվամիջոցների ռեգիստրն անհրաժեշտ
«Լրատվամիջոցների ռեգիստրն անհրաժեշտ է զանգվածային լրատվության ոլորտը կարգի բերելու համար։ Մեր կողմից տրված փաստաթուղթը չի վկայում սեփականատիրոջ լրագրողական որակների մասին, այլ միայն հաստատում է նրա գրանցումը ԶԼՄ-ների ռեգիստրում»,- Հասանլիի խոսքերն է մեջբերել Turan գործակալությունը:
«Ռեգիստրում չգրանցված լրագրողները կկարողանան աշխատել նախկինի պես՝ ցանկացած պետական գերատեսչություն հարցումներ ուղարկելով և պատասխաններ ստանալով»,- հավելել է MEDİA-ի հաղորդակցության բաժնի տնօրեն Սաիդա Շաֆիևան։ «Ռեգիստրը նրանց ոչ մի կերպ չի սահմանափակում, պարզապես հանդիսանում է տեղեկատվական բազա»,- ասել է նա։
Ի՞նչ կտա այն լրագրողներին
«Լրատվամիջոցների ռեգիստրում գրանցումն ինքնին «գրավիչ է լրագրողների համար», — ասել է Ջահանգիր Հասանլին:
Այսպիսով, գրանցված լրատվամիջոցների աշխատակիցները կկարողանան արտոնյալ հիփոթեքային վարկեր և այլ առավելություններ ստանալ։
«Դիտարկվում է հետագայում մեդիա հարթակներում պետական սոցիալական գովազդի տեղադրման հնարավորությունը, սոցիալական ապահովության ամրապնդումը, այդ լրատվամիջոցների նյութական պայմանների բարելավումը և այլ արտոնություններ»,- ասել է պաշտոնյան։
Խոսք է գնում բնակարանների գնման 4%-անոց արտոնյալ հիփոթեքի մասին: Հստակեցրել է Սաիդա Շաֆիևան։ Լրատվամիջոցների ռեգիստրում չգրանցված լրագրողները նման հնարավորություն չեն ունենա։
Իսկ եթե չգրանցվե՞ն
Հասանլին ընդգծել է, որ մեդիա ռեգիստրում գրանցման բացակայությունը ոչ մի կերպ չի սահմանափակում լրագրողներին։ Բայց, ինչպես պարզվեց, դա ժամանակավոր է։
Օրենքի համաձայն՝ այն լրագրողներին, որոնք աշխատում են չգրանցված լրատվամիջոցներում, չեն գրանցի այդ ռեգիստրում։ Այդ մասին հայտարարել է մեդիափորձագետ, իրավաբան Ալեսքեր Մամեդլին։
Հարցին. «Իսկ ի՞նչ է լինելու, եթե լրատվամիջոցները չգրանցվեն (ժամանակ չունենան, գաղափարական նկատառումներով հրաժարվեն գրանցվել) կամ մերժում ստանան MEDİA-ից։ Շաֆիևան պատասխանել է, որ «ԶԼՄ-ների մասին» օրենքի համաձայն՝ վեց ամսվա ընթացքում գրանցման համար չդիմած լրատվամիջոցների աշխատանքի օրինականությունը կքննարկվի դատարանում։
Իրավաբան Ալեսքեր Մամեդլիի կարծիքով՝ սրանք բավականին խիստ պահանջներ են և մեծապես կբարդացնեն լրագրողների կյանքը։
Փորձագիտական կարծիք
JAMnews-ի ադրբեջանական խմբագրության ղեկավար Հուսեյն Իսմայիլբեյլիի խոսքով՝ լրատվամիջոցների միասնական ռեգիստրում գրանցվելու պահանջը լավ բան չի խոստանում անկախ լրատվամիջոցներին։
«Հնարավոր է, որ MEDİA գործակալությունը պարզապես հրաժարվի որևէ պարբերականի գրանցումից։ Անհրաժեշտության դեպքում դրա պատճառները կարելի է գտնել: Իսկ վեց ամիս անց, երբ գրանցումն ավարտվի, դատարանը պարզապես անօրինական կճանաչի այդ պարբերականի գործունեությունը։ Այն կդադարի գոյություն ունենալ։
Անկեղծ ասած, ես այս գաղափարի առավելությունները չեմ տեսնում։ Ի՞նչ են խոստանում լրագրողներին ռեգիստրում գրանցվելու դիմաց։ Ցածր տոկոսադրույքով հիփոթեք։ Այսինքն՝ նրանց ուզում են կաշառել ոչ թե իրական փողերով, այլ ապագայում ինչ-որ վիրտուալ հիփոթեքի խոստումով։
Կցանկանայի անդրադառնալ նաև լրագրողական միասնական հավատարմագրերի խնդրին։ Դրանց ձևը, ուշադրություն, հաստատել է անձամբ երկրի վարչապետը։ Ես չգիտեմ, թե ուրիշ որտեղ է պետությունը կարգավորում լրատվամիջոցների գործունեությունը այդքան բարձր մակարդակով։ Եվ պատկերացրեք, այս վկայականների համար լրագրողները ստիպված կլինեն վճարել 20 մանաթ [մոտ 12 դոլար]։ MEDİA-ն հայտարարում է, որ սա վկայական պատրաստելու գինն է։ Կներեք, բայց սովորական բեյջը չի կարող այդքան թանկ արժենալ: Իսկ հնարավոր չէ՞ր գոնե դա անվճար անել։
Մի խոսքով, «Լրատվամիջոցների մասին» օրենքը, որը սուր քննադատության է արժանացել երկրի գրեթե բոլոր անկախ փորձագետների և նույնիսկ միջազգային կազմակերպությունների կողմից, սկսում է իրագործվել: Իսկ դա լավ բան չի խոստանում ադրբեջանական լրագրությանը»:
ԶԼՄ-ների միասնական ռեգիստր Ադրբեջանում