Նախագահական ընտրություններ Ուկրաինայում․ ո՞վ է մասնակցում ընտրարշավին
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակում է թեկնածուների գրանցումը փետրվարի 9-ին, սակայն լրագրողներն արդեն քննարկում են Ուկրաինայի նախագահի 2019թ-ին կայանալիք ընտրությունների հիմնական մասնակիցներին։ Քվեարկությունը կանցկացվի մարտի 31-ին։ Տվյալ պահին պաշտոնապես 28 մարդ է գրանցվել, սակայն նրանց թիվը նվազագույնը մեկով կավելանա․ կասկածներ չկան, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգրանցի գործող նախագահին։ Ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաընկերությունը ներկայացնում է առավել պոպուլյար թեկնածուներին և հակիրճ պատմում նրանց ծրագրերի մասին։
Պյոտր Պորոշենկո
Իր նախընտրական արշավում նախագահ Պորոշենկոն շեշտը դնում է հայրենասիրական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի, ինչպես նաև իր գլխավոր ձեռքբերումներից մեկի՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիայի մասին տոմոսի վրա։
Եթե հավատանք հարցումներին՝ Պորոշենկոն բոլոր շանսերն ունի երկրորդ փուլ անցնելու․ ընտրազանգվածի համակրանքի վարկանիշում նա երկրորդ տեղը կիսում է Յուլյա Տիմոենկոյի հետ։
Յուլյա Տիմոշենկո
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն երրորդ անգամ է պայքարում նախագահի պաշտոնի համար։ Նա խոստանում է կրկնակի նվազեցնել գազի գինը, թեև երկրի ղեկավարը նման լիազորություններ չունի։
Սոցիոլոգները նշում են Տիմոշենկոյի ընտրողների «կայունությունը»՝ հենց այս թեկնածուի օգտին քվեարկելու նրանց պատրաստակամությունը։
Վլադիմիր Զելենսկի
Շոումեն, դերասան և կատակերգու Վլադիմիր Զելենսկին նախագահական ընտրարշավին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել Ամանորի գիշերը («Ժողովրդի ծառան» հայտնի հեռուստասերիալում նա գլխավոր դերակատարն էր, խաղում էր հասարակ ուսուցչի դեր, որը հետագայում դառնում է Ուկրաինայի նախագահը — JAMnews)։ Հունվարին լրագրողական հետաքննություն էր հրապարկվել, որում ապացույցներ էին բերված, որ Զելենսկին Ռուսաստանում երեք ընկերություն ունի։
Որքան էլ տարօրինակ լինի, այս տեղեկությունն, ըստ սոցիոլոգների, Զելենսկու օգտին էր։ Նրա բարձր վարկանիշի պատճառներից մեկը երկրում բողոքի տրամադրություններն են։
•Ուկրաինա և Ռուսաստան․ հակառակորդներ պատերազմո՞ւմ, թե՞ առևտրային գործընկերներ
•Ի՞նչ սպասել Ռուսաստանի նախագահ Նավալնուց
Յուրի Բոյկո և Ալեքսանդր Վիլկուլ
Յուրի Բոյկոն և Ալեքսանդր Վիլկուլը ռուսամետ թեկնածուներ են։ Վիլկուլին առաջադրում է «Ընդդիմադիր դաշինքը», իսկ Բոյկոյին՝ դաշինքից առանձնացած «Ընդդիմադիր հարթակ․ հանուն կյանքի» կուսակցությունը։ Մի քանի ամիս առաջ ուկրաինացի իրավապահները Վիլկուլին կասկածում էին լիազորությունների չարաշահման համար, սակայն Գերագույն ռադան հրաժարվեց զրկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից։
Անատոլի Գրիցենկո
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն իրեն «դեմոկրատ» է անվանում, սակայն միաժամանակ ոչ մի վատ բան ավտորիտարիզմի մեջ չի տեսնում։ Հինգ տարում նա խոստանում է «հասնել Եվրոպայի երկրներին» զարգացման մակարդակով, հաղթահարել կոռուպցիան, մոնոպոլիզմն ու օլիգարխներին։
Անդրեյ Սադովոյ
Լվովի քաղաքապետը նույնպես իրեն «դեմոկրատ թեկնածուների» շարքին է դասում։ Սադովոյն ընտրողներին խոստանում է պայքարել կոռուպցիոյի դեմ և տեխնիկական արդիականցում իրականացնել։
Օլեգ Լյաշկո
«Արմատական կուսակցության» պատգամավորը երկրորդ անգամ է մասնակցելու նախագահական ընտրություններին․ 2014թ-ին նա երրորդ տեղն էր զբաղեցրել 8.32% ձայնով։
Նոր ընտրարշավին Լյաշկոն արմատական փոփոխություններ չի կատարել․ նույն արմատական ընդդիմադիր հռետորաբանությունը՝ պոպուլիստական հայտարարություններով համեմված։ Օրինակ, հունվարի 21-ին իր կուսակցության համագումարի ժամանակ նա խոստացավ հանրաքվեի դնել Ուկրաինայում մահապատժի վերականգնման հարցը։
Ի՞նչ են ասում սոցհարցումները
Հունվարի վերջին հրապարակվեցին նոր սոցիոլոգիական հարցումների տվյալները, որոնց համաձայն՝ ըստ պոպուլյարության առաջին տեղում է Զելենսկին։ Ըստ «Վարկանիշ» խմբի տվյալների՝ Վլադիմիր Զելենսկու օգտին ընտրություններին պատրաստ է քվեարկել կողմնորոշվածների և քվեարկելու մտադրություն ունեցողների 19%-ը,
Յուլյա Տիմոշենկոյի օգտին՝ 18,2 տոկոսը,
Պյոտր Պորոշենկոյի օգտին՝ 15,1 տոկոսը,
Յուրի Բոյկոյի օգտին՝ 10 տոկոսը,
Անատոլի Գրիցենկոյի օգտին՝ 8,5 տոկոսը,
Օլեգ Լյաշկոյի օգտին՝ 7 տոկոսը։
Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի «Սոցիս» սոցիալական և մարքեթինգային հետազոտությունների կենտրոնի և Ռազումկովի կենտրոնի հարցումը հետևյալ թվերն է նշում․
Վլադիմիր Զելենսկի՝ 23 տոկոս,
Պյոտր Պորոշենկո՝ 16,4 տոկոս,
Յուլյա Տիմոշենկո՝ 15,7 տոկոս,
Յուրի Բոյկո՝ 9,3 տոկոս,
Անատոլի Գրիցենկո՝ 8,1 տոկոս,
Օլեգ Լյաշկո՝ 6,7 տոկոս։