Պահպանել սեփական ինքնությունը և հանգամանքներից ուժեղ գտնվել
Այն, որ պատերազմը ճակատագրեր է խեղում, սովորական է հնչում: Եվ չնայած նրան, որ այս արտահայտությունը բավական ծեծված է դարձել, մենք՝ հայերս և ադրբեջանցիները, ցավոք, բազմաթիվ դեպքեր գիտենք, երբ մարդկանց կյանքն անդառնալիորեն փոխվել է հակամարտության հետևանքով:
Բայց ես կպատմեմ բացառիկ տոկունություն ունեցող մարդկանց մասին: Մարդիկ, որոնք կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, վեր գտնվել հանգամանքներից և, ի վերջո, հաղթող դուրս եկել այս ամենից:
Իմ պատմության հերոսները, կարելի է ասել, ապրում են ինչպես հայ-ադրբեջանական հակամարտության պայմաններում, այնպես էլ դրանից դուրս: Նրանց միավորում է նաև այն, որ բոլորն էլ Ղարաբաղի համար համեմատաբար մեծ ՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի բնակիչներ են:
Մարետայի ընտանիքը
Հավանաբար, եթե չլիներ հայ-ադրբեջանական հակամարտությունը, Մարետա և Միխայիլ Սարգսյանների ընտանիքն այսօր էլ կապրեր Բաքվում: Ամուսինները կշարունակեին աշխատել Բաքվի նավաշինական գործարանում, որտեղ Միխայիլը` Միշան, պղնձագործ-թիթեղագործ էր, իսկ Մարետան աշխատում էր գալվանական արտադրամասում:
Այսօր Մարետան ամուսնու հետ ապրում է բլրի վրա կառուցված կոկիկ տանը: Տուն տանող արահետի երկայնքով պտղատու ծառեր են աճում:
«Ինտերնացիոնալ ընտանիք ունենք», — ժպիտով պատմում է Մարետան, — «հարսս ազգությամբ ռուս է, փեսաս՝ ադրբեջանցի և, ի ուրախություն բոլորիս, ապրում ենք խաղաղության, սիրո և համաձայնության մթնոլորտում: Ութ թոռնիկ ունենք, վեց ծոռնիկ»:
Մարետան ծնվել է 1941 թվականին Ստեփանակերտում՝ մեծ հայրապետական ընտանիքում: Նա 16 տարեկան էր, երբ եկան ձեռքը խնդրելու: Մայրը հորդորեց ընդունել առաջարկը, և Մարետան ստիպված եղավ գնալ այդ քայլին, որովհետև այդպիսին էր այն ժամանակ ավանդույթը՝ նախ պետք էր ամուսնացնել դստերը, որ հետո որդիներն ամուսնանային:
Ամուսինը՝ Միշան, որը ութ տարով մեծ էր Մարետայից, նրան տարավ Բաքու:
«Սկզբում ապրում էինք Բայիլովոյում, իսկ հետո բնակարան ստացանք գործարանից ու տեղափոխվեցինք Փաթամդար: Այդ շենքում ապրում էին մեր գործարանի աշխատողները՝ հիմնականում հայեր ու ռուսներ»:
Մեկ տարի անց, երբ լրացավ Մարետայի 17-ամյակը, ծնվեց նրանց առաջնեկ Ալեքսանդրը, երեք տարի անց՝ երկրորդ որդի Սերգեյը, իսկ 1967-ին՝ դուստր Իրինան:
Դստեր ու որդիների ամուսնությունը, հարկադրված տեղափոխությունը Բաքվից
Երեխաները մեծացան: Սաշան ամուսնացավ, նույնպես երեխաներ ունեցավ: Նախ ծնողների հետ աշխատում էր նավաշինական գործարանում, իսկ հետո, երբ գործարանն Ադրբեջանի Պետական անվտանգության կոմիտեից (ԿԳԲ) մասնագետ-ռադիոմեխանիկ տրամադրելու հրահանգ ստացավ, ղեկավարությունն ընտրեց Սաշային: Նա շարունակեց աշխատել Ադրբեջանի ՊԱԿ-ում մինչև հարկադիր տեղահանությունը Բաքվից:
Երկրորդ որդին՝ Սերգեյը, դպրոցն ավարտելուց հետո մեկնեց Մոսկվա՝ ուսումը բուհում շարունակելու, որից հետո ամուսնացավ:
Իսկ Իրինան ամուսնացավ բաքվեցի Իսմայիլ Նասիբովի հետ, որի հայրն ադրբեջանցի էր, իսկ մայրը՝ թաթար:
Հետո վրա հասավ 1988-ը: Սումգայիթյան իրադարձություններից հետո հայերը սկսեցին հեռանալ Բաքվից:
«1988-ի ձմռանը բոլորս, բացի աղջկաս ընտանիքից, ճանապարհվեցինք Հայաստան, — հիշում է Մարետան: — Մեզ կացարան հատկացրեցին Արարատի մարզի Զոդ ավանում: Այնտեղ աշխատանք գտնելը դժվար էր, և Սաշան ընտանիքով մեկնեց Մոսկվա՝ Սերյոժայի մոտ: Սկսեցին միասին աշխատել շինարարության ոլորտում, նաև բնակարանների վերանորոգմամբ էին զբաղվում…»
Մարետայի վերադարձը Բաքու: Երկրորդ հարկադիր տեղահանությունը Բաքվից: Բաքու-Կրասնովոդսկ լաստանավը: Կյանքը Ղարաբաղում
Այն ժամանակ Մարետային մինչև թոշակի անցնելն ընդամենը մեկուկես տարի էր մնացել, և նա որոշեց վերադառնալ Բաքու, հատկապես հաշվի առնելով, որ դուստրը՝ Իրինան, երեխայի էր սպասում և մոր օգնության կարիքն ուներ:
«Ծննդաբերությունը ծանր էր ընթացել: Իրինան մեծ քանակությամբ արյուն էր կորցրել, և անեսթեզիոլոգը վիրահատության ժամանակ արյան փոխներարկման դոնոր էր դարձել: Նրա արյան խումբը համընկել էր դստերս արյան խմբի հետ, և վիրահատության ընթացքում [բժշկի] արյունը փոխներարկել էին Իրինային: Այսպիսով աղջիկս փրկվել էր անխուսափելի մահից … »
Մարետան անցնում է իր հուշերով`ասես շրջելով համրիչի հատիկները:
«Մի օր փեսաս տուն է վերադառնում վատ տրամադրությամբ ու պատմում աղջկաս, որ ճանապարհին տեսել էր, թե ինչպես էին տարեց հայ կնոջը ծեծի ենթարկել: Նա ասել էր, որ անհանգստանում էր ինձ համար»:
Դա, հավանաբար, 1990-ի ձմռանն էր: Իսմայիլը կնոջը, երեխաներին ու Մարետային ուղեկցում է Բաքվի նավահանգիստ:
«Այնտեղ արդեն հայերի ստվար բազմություն էր հավաքվել, — պատմում է Մարետան, — երեխաներ, կանայք ու ծերեր կային… շատ էին հիվանդ, ծեծի ենթարկված մարդկանցով բեռնված պատգարակները: Մեզ պաշտպանում էին ոստիկանության ուժերը, վահաններով զինված ու զրահաբաճկոններ հագած զինվորները: Եղանակն ամպամած էր, մանր փաթիլներով ձյուն էր գալիս: Զինվորներն օգնում էին բարձրանալ լաստանավը, ամենից առաջ՝ երեխաներին ու հաշմանդամներին»:
Այս լաստանավը, կտրելով Կասպից ծովը, հայ փախստականներին ափ է հանում Թուրքմենստանի Կրասնովոդսկ քաղաքում:
Մարետայի դստեր համար ամեն ինչ քիչ թե շատ բարեհաջող է ավարտվում. նա ամուսնու հետ տեղափոխվում է Մոսկվա:
Իսկ Իրինայի ծնողները որոշում են մեկնել Հայաստան:
«Հետո մենք վերադարձանք Ղարաբաղի Շոշ գյուղ, որտեղ դեռևս մինչև այս իրադարձությունները ամուսինս մի հին տուն էր գնել ու վերանորոգել: Այստեղ ենք ապրում մինչ օրս: Այստեղ էլ մնացինք պատերազմի ընթացքում՝ թաքնվելով տան նկուղում կրակոցներից», — ասում է Մարետան:
Ամուսինները համակարգիչ ունեն, որը համարյա ամեն օր միացնում են, որպեսզի տեսազանգով կարողանան շփվել իրենց երեխաների ու թոռների հետ: Մարետայի ու Միշայի դուստրը, որդիներն ու երեխաները հաճախ են նրանց այցի գալիս:
«Իմ ռուս հարսին շատ է դուր գալիս Ղարաբաղը,- ժպիտով ասում է Մարետան, — իսկ թոռներս, երբ հյուր են գալիս, հետ վերադառնալ չեն ուզում»:
«Ափսոս, որ միայն փեսաս չի կարողանում գալ…»
Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ: