«Կախված է Մոսկվայից և Բաքվից, ոչ թե ինչ-որ փաստաթղթի ստորագրումից»․ կարծիք ԼՂ-ի ապագայի մասին
Արցախին առնչվող փաստաթուղթ չի ստորագրվելու
«Հայաստանի իշխանությունները վերահաստատել են, որ առանց Արցախի իշխանությունների հետ քննարկելու և մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նախօրեին վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, թե ուզում են ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատ մարդիկ իրենց դավաճան կանվանեն, բայց դրա «արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 կմ քառակուսի տարածքով կստանա տևական խաղաղություն և անվտանգություն»:
Փաշինյանի այս հայտարարությունից հետո բողոքի ցույցեր տեղի ունեցան ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում։ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատեց Արցախի դիրքորոշումը՝ «անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»։
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը Փաշինյանի հայտարարությունում հիշատակված փաստաթուղթը կապում է խաղաղության պայմանագրի հետ։ Ասում է՝ Ադրբեջանն ակնկալում է տարածքային ամբողջականության ճանաչում՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ, ինչն էլ «կարող է մեկնաբանվել որպես Հայաստանի կողմից Ղարաբաղի հայկականության ճանաչումից հրաժարում»։
Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց և անհաջող փորձ կատարեցին ներխուժել Հայաստանի ԱԺ շենք։ Իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ անձամբ վարչապետը ստիպված եղան հանդես գալ պարզաբանումներով։ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթեր չեն ստորագրվել և չեն էլ պատրաստվում ստորագրման։ Նա նաև ընդգծեց, որ ցանկացած փաստաթղթի քննարկում լինելու է հրապարակային։ Իշխող ուժի ներկայացուցիչները նախօրեին Երևանում տեղի ունեցածը որակում են որպես «սադրանք և մանիպուլյացիա»։
«Որևիցե մեկը որևիցե բան տալու մասին ելույթ չի ունեցել։ Ոչ Արցախի մասին է խոսքը գնացել, ոչ էլ Հայաստանի։ ՀՀ տարածքը մեր համար կարմիր գիծ է, մենք այդ տարածքի համար պետք է պայքարենք»,- ուղիղ եթերում հայտարարել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Փաշինյանի հայտարարության արձագանքը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ չունենք»
Խորհրդարանում վարչապետ Փաշինյանի ելույթից հետո ԼՂ-ի նախագահը ժամերի տարբերությամբ միանգամից երկու ֆեյսբուքյան գրառում հրապարակեց։ Դրանցում հղում չէր արվում Հայաստանի վարչապետի հայտարարությանը, սակայն բովանդակությունից պարզ էր, թե ում է արձագանքում Հարությունյանը։
ԼՂ-ի ղեկավարը անընդունելի էր համարել «բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»։
«Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ չունենք»,- գրել էր նա։
Երկրորդ գրառմամբ Հարությունյանն արդեն տեղեկացրեց մարդկանց, որ որևէ փաստաթղթի նույնիսկ նախագիծ չկա՝ ընդգծելով, որ պաշտոնական Երևանի հետ ունեն պայմանավորվածություն՝ «ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը»։
«Այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում»
Բուռն քննարկումների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 15-ին հաղորդվեց, որ Երևան է ժամանել պատվիրակություն Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովից։ Խորհրդարանականների հետ Հայաստանի մայրաքաղաքում է նաև նախագահ Արայիկ Հարությունյանը։
Պատվիրակության այցի նպատակը Հայաստանի իշխանությունների հետ «Արցախի հարցով քաղաքական խորհրդակցություններ» անցկացնելն է։
«Այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։ Հայաստանի իշխանությունները վերահաստատել են, որ առանց Արցախի իշխանությունների հետ քննարկելու և մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու»,- Հայաստանի ԱԽ նիստին մասնակցելուց հետո գրել է Հարությունյանը։
Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում քննարկվել են
- ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը,
- Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ իրագործվելիք քայլերը,
- ԼՂ-ի հարցի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակը։
Կեսգիշերն անց հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԼՂ-ի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։ Նա վերահաստատել էր, որ անընդունելի է Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկող ցանկացած քննարկում, դա այն «կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու»։
«Արցախի բռնակցումը Ադրբեջանին՝ կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական պատմական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար»,- ընդգծել էր խորհրդարանի խոսնակը։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքով՝ Արցախը բարձր ռիսկայնության տակ է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, այդ ռիսկերը կան և չեն վերացել։
«Ռիսկը կայանում է նրանում, որ Ադրբեջանը կարող է հասնել Արցախի հայաթափման։ Դա կապված է ոչ թե ինչ-որ փաստաթղթի ստորագրել-չստորագրելու, այլ Ռուսաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների հետ»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Քեռյանն ասում է՝ եթե երկու տարի անց Մոսկվան որոշի դուրս բերել խաղաղապահ զորախումբը, Ղարաբաղն այլևս անվտանգության որևէ երաշխիք չի ունենա։
Վարչապետ Փաշինյանի հայտարարությունում հիշատակված փաստաթուղթը քաղաքագետը կապում է խաղաղության պայմանագրի հետ և Ադրբեջանի ակնկալիքի՝ իր տարածքային ամբողջականության ճանաչման՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը․
«Սա կարող է մեկնաբանվել որպես Հայաստանի կողմից Ղարաբաղի հայկականության ճանաչումից հրաժարում։ Բայց անվտա՞նգ, թե՞ վտանգավոր կլինի այնտեղ, հայությունը կգոյատևի՞, թե՞ ոչ՝ կախված է միայն խաղաղապահների այնտեղ լինել-չլինելուց։ Հայաստանն այլևս Ղարաբաղի անվտանգության երաշխավորը չէ»։
Քեռյանի դիտարկմամբ՝ շատերը չեն բարձրաձայնում կամ խուսափում են ասել, բայց խաղաղության պայմանագրի Բաքվի առաջարկներում կա Հայաստանի համար անընդունելի երկու պայման․
- Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը ներառյալ,
- Ադրբեջանը փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման անվան տակ ուզում է տիրանալ Հայաստանի տարածքում գտնվող անկլավներին, որոնք ժամանակին եղել են «Ադրբեջանի վարչական ենթակայության տակ»։
«Վտանգը գալիս է այդտեղից։ Տարածքային ամբողջականության ճանաչումը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանից վերցվեն անկլավային գյուղերը։ Իսկ դրանք մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Տիգրանաշենը դեպի Սյունիք տանող ճանապարհին է, Նոյեմբերյանի անկլավները՝ Վրաստան գնացող ճանապարհին»,- նշել է քաղաքագետը։
Արցախին առնչվող փաստաթուղթ չի ստորագրվելու