«Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի էլեմենտներ կան»․ կարծիք
Հայ-ռուսական փոխօգնության պայմանագրի 25-ամյակ
Քսանհինգ տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 29-ին Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին պայմանագիր բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին։ Պաշտոնական Երևանն ու Մոսկվան այս առիթն օգտագործել են դաշնակցային հարաբերությունների կարևորությունն ընդգծելու համար։
Հոբելյանի առիթով հաղորդագրություններ են հրապարկել արտաքին գերատեսչությունները, հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը։ Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ երկրների ղեկավարները շնորհավորել են միմյանց և համոզմունք հայտնել, որ «այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ փոխօգնության պայմանագիրը համապարփակ փաստաթուղթ է, որտեղ ամրագրված են երկու սուբյեկտների հարաբերությունները։ Ասում է՝ այլ հարց է, որ իրական կյանքում այդ հարաբերություններում որոշակի խզվածություն կա, ինչը հակադրվում է փաստաթղթի ոգուն։
Տնտեսագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ՝ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանից տնտեսական կախվածության մեջ լինելն էականորեն սահմանափակում է Հայաստանի հետագա զարգացման հնարավորությունները։
Երևանի և Մոսկայի հաղորդագրությունները փոխօգնության պայմանագրի 25-ամյակի առիթով, մեկնաբանություններ պայմանագրի և հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլի մասին
Ի՞նչ ուղերձներով են հանդես եկել Երևանն ու Մոսկվան
Հայաստանի արտգործնախարարությունը փոխօգնության պայմանագիրը բնորոշել է որպես «առանցքային փաստաթուղթ», որը «նախանշեց երկու երկրների միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները»։
«Երկկողմ հարաբերությունների ներուժի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության միջև վստահության վրա հիմնված պարբերական շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել առկա խնդիրները, այլև՝ համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ»,- ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Պաշտոնական Մոսկվան ընդգծել է, որ պայմանագիրը կարևոր հանգրվան է դարձել «երկկողմ գործընկերությունը իրական դաշնակցային մակարդակի բարձրացնելու ճանապարհին»։
«Տրամադրված ենք հետագայում ևս առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման, հարևանների հետ կապերի կարգավորման գործում»,- ասված է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ 1997-ին ստորագրված պայմանագիրն իսկապես հայ-ռուսական հարաբերությունների հիմքն է, բայց իրողություններն այսօր այլ են։
Ասում է՝ փաստաթղթի ստորագրման պահին «հայ-ռուսական հարաբերությունները շատ ավելի բնականոն էին, շատ ավելի մեծ էր Հայաստանի սուբյեկտությունն ու դերը տարածաշրջանում»։
«Հայաստանը գնալով իր սուբյեկտությունը կորցրել է, պատերազմից հետո՝ շատ ավելի։ Դա չէր կարող չազդել հայ-ռուսական հարաբերությունների բնույթի և բովանդակության վրա։ Եթե փաստաթղթի ստորագրման ժամանակ Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն էր տարածաշրջանում, հիմա արդեն Ռուսաստանը փաստաթղթավորված դաշնակցային հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է Սուրենյանցը։
Նրա դիտարկմամբ՝ որքան էլ Հայաստանը դժգոհի դաշնակցային հարաբերությունների մակարդակից, ընտրության լայն հնարավորություններ չունի․
«Արդյո՞ք կա աշխարհաքաղաքական որևէ այլ կենտրոն կամ պետություն, որը պատրաստ է ավելի բարեխիղճ դաշնակից լինել։ Կարծում եմ՝ այս պահին չկա։ Այնպես չէ, որ Հայաստանը կարող է այլ տարբերակ ընտրել և ավելի շահավետ պայմաններում հայտնվել»։
Քաղաքագետը վերապահումներ ունի ոչ թե պայմանագրի, այլ դրա կատարման հետ կապված․
«Խնդիրն այն է, որ իրական կյանքում, հատկապես այսօր հայ-ռուսական հարաբերություններում որոշակի խզվածություն, ճգնաժամի թույլ էլեմենտներ կան, ինչը հակադրվում է փաստաթղթի ոգուն։ Կուզեի, որ այդ հարաբերությունների ներկայիս մակարդակն ադապտացվեր փաստաթղթի ոգուն ու տրամաբանությանը»։
Սուրենյանցը բնական է համարում այն, որ ի սկզբանե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ասիմետրիկ են եղել։ Ասում է՝ այդպիսին են նաև Միացյալ Նահանգների հարաբերությունները իր բազմաթիվ դաշնակիցների հետ։
Քաղաքագետն ընդգծում է՝ Երևանն ու Մոսկվան միևնույն տնտեսական, քաղաքական և անվտանգային միջավայրում են։ Ուստի Հայաստանի խնդիրը պետք է լինի դիվանագիտական հարթության վրա հնարավորինս բարձր պահել դաշնակցային հարաբերությունները․
«Պետք է դրանք զերծ պահել այն բոլոր ռիսկերից, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանի և տարածաշրջանային մյուս խաղացողների հարաբերությունների հետևանքով»։
Տնտեսագետ Արմեն Քթոյանն ասում է՝ այն, որ ՌԴ-ն Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է, փաստ է, որը կարելի է դիտարկել և որպես առավելություն, և որպես թերություն։
«Առավելությունն այն է, որ ունենք մեծ շուկա, որտեղ կարող ենք իրացնել մեր ապրանքները, ծառայությունները, ավելի հեշտ ու կոմֆորտ է մեր արտադրողների համար։ Մյուս կողմից՝ երբ սովորում ես հեշտին, բարդ շուկաներ մտնելիս էական դժվարությունների ես բախվում»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Քթոյանը։
Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից էլ ավելի մեծացավ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, հիմա էլ գնալով ավելանում է։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ կախված լինելը մեկ գործընկերոջից, որը գտնվում է պատժամիջոցների տակ, էականորեն սահմանափակում է հետագա զարգացման, դիվերսիֆիկացման հնարավորությունները։
Նրա կարծիքով՝ դրա բացասական ազդեցությունը Հայաստանը շարունակելու է զգալ, թեև «առերևույթ այս պահին դրանից օգտվում է»․
«Ռուսաստանցիները գալիս են Հայաստան, իրենց բիզնեսը տեղափոխում են այստեղ, Հայաստանը կարողանում է տնտեսական ակտիվության երկնիշ աճ ապահովել, բայց դա կարճաժամկետ բնույթ է կրում»։
Քթոյանի գնահատմամբ՝ թերություն է նաև այն, որ որոշ ոլորտներում ներդրումներ է անում միայն Ռուսաստանը, արևմտյան ընկերություններն այդտեղ մուտք գործելու հնարավորություն պարզապես չունեն․
«Արևմտյան ընկերությունների մասնաբաժինը ավելացնելը մեզ համար ավելի շահեկան կարող է լինել․ բիզնես մշակույթն ավելի կայացած է, տեխնոլոգիաները՝ ավելի զարգացած»։
Հայ-ռուսական փոխօգնության պայմանագրի 25-ամյակ