Հայաստանը հետ է կանչել իր ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումն ընդունել է ՀԱՊԿ խորհուրդը:
Ի՞նչ է ՀԱՊԿ-ը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը տարածաշրջանային միջազգային կազմակերպություն է, որը գործում է Ռուսաստանի հովանու ներքո: Ինչպես արձանագրված է ՀԱՊԿ կանոնադրության մեջ, կազմակերպության նպատակն է «խաղաղության ամրապնդումը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, անդամ-պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնաիշխանության պաշտպանությունը՝ հիմնված հավաքականության սկզբունքի վրա»:
Կազմակերպությունը հիմնադրվել է 1992թ.՝ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Վրաստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը շուտով լքեցին կազմակերպության շարքերը: Եվ այսօր դրա 6 անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Ինչու են Խաչատուրովին ազատել պաշտոնից
Կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը կայացրել է հայկական կողմը:
«Համաձայն սահմանված կարգի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին հետ կանչելու՝ հայկական կողմի նախաձեռնած գործընթացն ավարտված է»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Խաչաուրովի տեղակալը՝ Վալերի Սեմերիկովը:
Պաշտոնական Երևանը Յուրի Խաչատուրովին հետ կանչելու մասին որոշում է կայացրել նրան «Մարտի 1»-ի գործով որպես կասկածյալ մեղադրանք առաջադրելու պատճառով: Խաչատուրովի դեմ «սահմանադրական կարգի տապալման» հոդվածով քրեական գործը հարուցվել էր այս տարվա հուլիսին: Նա ազատ էր արձակվել գրավի դիմաց:
2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո երկրում սկսվեցին հուզումներ: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական դաշինքի համակիրները պնդում էին, որ ընտրություններում հաղթել է հենց Տեր-Պետրոսյանը, և պահանջում էին վերանայել քվեարկության արդյունքները:
2008թ. մարտի 1-ին ցույցը ցրելու ժամանակ օգտագործվեց մարտական զենք, զոհվեց 10 մարդ՝ 8 քաղաքացիական անձ և ոստիկանության 2 ծառայող:
Յուրի Խաչատուրովը զանգվածային ակցիաների ժամանակ գլխավորում էր Զինված ուժերի Երևանի կայազորը, և ըստ քննության, գլխավորել է ցուցարարներին ցրելու գործողությունը:
• Ինչի համար են ձերբակալել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ինչ հիմքով են ազատ արձակել
• Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Հայաստանին
• Նրանց մասին, ովքեր կազմակերպել են 1999թ. Հայաստանի խորհրդարանի ահաբեկչությունը
Ի՞նչ կլինի հետո
Այժմ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է ընտրի նոր գլխավոր քարտուղար: Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ խորհրդի նիստին: Ըստ կազմակերպության կանոնակարգի՝ գլխավոր քարտուղարի մանդատը Հայաստանը դեռ մեկ տարի կպահպանի:
Պաշտոնական Երևանի մեկնաբանությունը
Իրավիճակն արդեն մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է, արդյո՞ք գլխավոր քարտուղարի մանդատը կմնա Հայաստանի մոտ հարցը.
«Մենք համոզված ենք, որ կարող ենք իրականացնել այդ գործառույթը: Մենք բավականաչափ ռեսուրսներ ունենք թեկնածու առաջադրելու համար: Շահագրգռվածությունն առաջին հերթին նրանում է, որպեսզի կազմակերպությունը մնա արդյունավետ»:
Կհաջողվի՞ Հայաստանին պահպանել մանդատը
Հարցին՝ կհաջողվի՞ արդյոք Հայաստանին պահել այդ պաշտոնը, Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելուց հետո քննարկվել է փորձագիտական շրջանակներում: Իրավիճակը թեժացավ պաշտոնական Մոսկվայի սուր արձագանքից հետո: Այնտեղ կարծում են, որ Հայաստանը պետք է սկզբում հետ կանչեր Յուրի Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից և հետո միայն քրեական հետապնդում սկսեր նրա դեմ: Իսկ ստեղծված իրավիճակը վնաս հասցրեց կառույցի հեղինակությանը:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ենթադրում է, որ Հայաստանը չի կարողանա պահպանել մանդատը և գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի այլ երկրի.
«Ոչ ոք չի ցանկանա, որպեսզի դա դառնա նախադեպ: Կարծում եմ, կընդունվի միջանկյալ որոշում. նախագահությունը կանցնի այլ երկրի՝ ըստ այբբենական կարգի»:
Յուրի Խաչատուրովի մասին
1987-1989թթ. Յուրի Խաչատուրովը ծառայել է Աֆղանստանում որպես հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ: 1992թ.-ից գործուղվել է Հայաստանի պաշտպանության նախարարության տրամադրության տակ: 2008թ.-ից գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը զբաղեցրել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: 2016թ. նշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017թ. մայիսից: