«Հրավառություններ՝ միայն պետական տոների ժամանակ»․ Հայաստանի նախկին փոխվարչապետ
Հրավառությունների արգելք Հայաստանում
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր։ Ժամանակն է, որ ավելի կոշտ քայլերի դիմենք, որպեսզի միայն պետական, համայնքային միջոցառումներին տեսնենք հրավառություն»,- հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, իշխող ուժի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ Նրա հայտարարությունը պայմանավոված է այն փաստով, որ հրդեհի բռնկումը կենտրոնի՝ հրավառության համար նախատեսված ապրանքների պահեստից է սկսվել։
Տիգրան Ավինյանն աշխատել է Փաշինյանի կառավարության կազմում՝ փոխվարչապետի պաշտոնում։ 2022 թ․-ի ապրիլին հայտնի դարձավ, որ իշխող ուժը նրան է առաջադրելու քաղաքապետի պաշտոնում։ Ընտրությունները կայանալու են հաջորդ տարի։
Ասում է՝ պետք է անել ամեն ինչ, որ հրավառություններն իրականացվեն միայն պետական տոների ժամանակ, իսկ մասնավոր տոնակատարությունների ժամանակ՝ բացառվեն։
Լրագրողների հետ զրույցում նախկին փոխվարչապետը հայտնել է, որ աշնանը խորհրդարանն արտահերթ կարգով կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը։
Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Կա 16 զոհ, 2 անհետ կորած: Բժշկական կենտրոններ են դիմել 62 քաղաքացիներ, նրանցից 5-ը մինչ այս պահը բուժօգնություն է ստանում։ Օգոստոսի 16-ի երեկոյան հրդեհը մարվել է։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ի հիշատակ պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ օգոստոսի 17-ն ու 18-ը սգո օրեր են հայտարարվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում։
Այսօր առևտրի կենտրոն այցելած Ավինյանը հայտարարել է, որ միջադեպն ահաբեկչական գործողության հետ կապ չունի և հավելել, որ ամեն բան կպարզվի հարուցված քրեական գործի շրջանակներում։
- «Անփութությո՞ւն, թե՞ դիտավորություն». պայթյուն Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում
- Հայաստանում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին անձնական օգնական կտրամադրեն
Ողբերգական պայթյունին առաջին արձագանքողներից մեկը հենց Ավինյանն էր։ Նախքան դեպքի վայր այցելելը նա գրառում էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ շեշտելով, որ հրագործական արտադրանքի ազատ վաճառքն ու հրավառությունների ազատ կազմակերպումը պետք է արգելվեն։
«Հորդորում եմ ԱԺ-ի մեր գործընկերներին ձեռնամուխ լինել այդ նախաձեռնության կյանքի կոչմանը»,- գրել էր Ավինյանը։
«Ահաբեկչական գործողության հետ կապ չունի»
Ավինյանը բացառել է, որ տեղի ունեցածը կարող էր ահաբեկչական գործողություն լինել․
«4 տոննա հրավառ նյութերի պահպանումը մեկ տեղում մեծ վտանգ է ներկայացնում: Փոքր կայծը կարող է բերել նման հետևանքների»։
Նրա խոսքով՝ նման քանակի հրավառ նյութերի պահպանումը շատ մեծ ռիսկ է, և այդ պարագայում նույնիսկ լավագույն հովացման համակարգերն արդյունավետ չէին լինի։
Ավինյանը միջադեպի հավանական պատճառների մասին ոչինչ չի ասել, ընդգծել է, որ «բոլոր հարցերը կպարզաբանվեն» հարուցված քրեական գործի շրջանակներում։
«Պետք է կարողանանք հրաժարվել հրավառության մշակույթից»
Նախկին փոխվարչապետի խոսքով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածը առիթ է տալիս մտածելու նմանատիպ նյութերի պահպանման, մասնավոր միջոցառումներին հրավառությունների իրականացման մասին։
Կարծում է՝ պետք է հրաժարվել մասնավոր միջոցառումների ժամանակ հրավառություններ անելու մշակութից, քանի որ դրանք խաթարում են մոտակայքում ապրող մարդկանց անդորրը և մեծ վտանգ են ներկայացնում։
«Պետք է գիտակցենք, որ պարտադիր չէ մեր մասնավոր միջոցառումներին մասնակցեն շրջակա 10 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքացիները, հատկապես, որ նրանց թվում կան ծերեր և մանկահասակ երեխաներ։ Անգամ, եթե այդ հրավառությունները լինում են մինչև ժամը 23։00-ը, խախտում են այդ քաղաքացիների անդորրը։ ժամանակն է, որ ավելի կոշտ լինենք»,- նշել է Ավինյանը։
Հրավառությունների կազմակերպման կարգի խստացումը կքննարկվի ԱԺ-ում
Ավինյանի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում նախատեսվում է քննարկման ներկայացնել հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը:
«Դեռ 2021 թվականին քննարկվել ու կառավարության կողմից հավանության էր արժանացել մի նախագիծ, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ: Նման միջոցների օգտագործումը նախագծով թույլատրվում էր միայն պետական, համայնքային տոների ժամանակ»,- նշել է նա։
Ավինյանը կարծում է՝ այդ կոշտ որոշումը պետք է կայացվի, իսկ կառավարությունը պետք է անդրադառնա նաև այլ տեղերում պահվող վտանգավոր թափոնների հարցին:
Հրավառությունների արգելք Հայաստանում