Lինե՞լ, թե՞ չլինել. միասեռ ամուսնությունների վերաբերյալ հանրաքվե Ռումինիայում
Ռումինիայում ձախողվել է «Ընտանեկան հանրաքվեն»՝ երկրի սահմանդրությունում այնպիսի փոփոխություններ մտցնելու վերաբերյալ աննախադեպ մասշտաբային քվեարկությունը, որոնք հստակեցնում են, որ ամուսնությունը հնարավոր է միայն տարբեր սեռերի ամուսինների միջև։
Հանրաքվեն անվավեր է ճանաչվել․ դրան մասնակցել է քաղաքացիների միայն 20.4 տոկոսը նվազագույն թույլատրելի 30 տոկոսի փոխարեն։ Մոլդովական ZIARUL DE GARDA պարբերականը պատմում է, թե ինչպես է անցել հանրաքվեն, և թե Ռումինիայի իշխանությունների ինչին էր այն։
Ինչի՞ մասին էր հանրաքվեն և ո՞վ էր այն նախաձեռնել
Ռումինիայի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 6-ին և 7-ին։ Ընտրողներին առաջարկվում էր քվեարկել այն հստակեցման օգտին, որ ամուսնությունը «կնոջ և տղամարդու միությունն է», այլ ոչ թե աբստրակտ ամուսինների, ինչպես այժմ է նշված։
Հանրաքվեի գաղափարի հեղինակը «Կոալիցիա՝ հանուն ընտանիքի» ռումինական քաղաքացիական նախաձեռնությունն էր։ Այդ պահպանողական միավորմանը սատարում է Ռումինիայի ուղղափառ եկեղեցին։
Հանրաքվեի մասշտաբն աննախադեպ էր․իշխանությունները կոչ էին անում ողջ աշխարհի, այդ թվում՝ Բաքվի, Երևանի և Թբիլիսիի ռումինացիներին ընտրատեղամասեր այցելել։
«Կողմ» և «դեմ» փաստարկներ
Ռումինիայի բնակիչների 80 տոկոսից ավելին ուղղափառ են, և, թեև Ռումինիան աշխարհիկ պետություն է, եկեղեցին ամենաակտիվ աջակցությունն է ցուցաբերել քվեարկությանը։
Ռումինական ուղղափառ եկեղեցու պատրիարք Դանիիլը հայտարարել է, որ մասնակցությունը հանրաքվեին «ընտանիքի հանդեպ Աստծո սիրո հանդեպ հավատի խոստովանության ակտ է, ռումինացի ժողովրդի ապագայի համար մեծագույն պատասխանատվության ակտ»։
Չնայած որ Ռումինիայիում հոմոֆոբ տրամադրությունները բավականին տարածված են, բնակչության մեծ մասն ակնհայտորեն ամուսինների սեռը հստակեցնելն առաջնահերթ հարց չէր համարում։
Ըստ անցյալ տարի Pew Research Center-ի անցկացրած հարցման տվյալների՝ ռումինացիների միայն 26 տոկոսն է համաձայն միասեռական ընտանիքներին ամուսնանալու իրավունք տրամադրելուն։ Ընդ որում, մեկ այլ «CURS» հարցումը, որն անցկացվել էր այս տարվա սկզբին, ցույց էր տվել, որ մեծ մասը (67%) սահմանադրական հանրաքվեները երկրի համար քաղաքական առաջնահերթություն չի համարում։
Հանրաքվեի ի՞նչ անհրաժեշտություն կար
Կրքերը թեժացան դեռ քվեարկության անցկացումից առաջ։
Մինչ պլեբիսցիտի կողմնակիցները համառորեն զարգացնում էին «ավանդական արժեքների» գաղափարը, փորձագետները մտավախություն էին հայտնում, որ հանրաքվեն հասարակությունն ավելի արդիական խնդիրներից շեղելու միջոց է։ Դա, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարն է և դատական համակարգի անկախության վրա գրոհները:
Ռումինիան ԵՄ երկրներից ամենակոռումպացված է համարվում, սակայն բարեփոխումների շնորհիվ 2006թ-ից ի վեր զգալի հաջողությունների է հասել կոռուպցիայի դեմ պայքարում։ Թեև վերջերս այդ ուղղությամբ հետընթաց է նկատվում։
Ռումինիայում արդեն երկրորդ տարին է, որ կոռուպցիայի և արդարադատության համակարգի վրա կառավարական գրոհների դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունենում։
Իրավիճակն էլ ավելի է սրվել, երբ աշխատանքից ազատվել է Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Լաուրա Կովեշին, որը բանտ էր ուղարկել կաշառակերության համար մեղադրվող հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների։
Հանրաքվեի քննադատներն ու տեսաբանները կասկածներ ունեն, որ քաղաքական ճգնաժամի կիզակետում հակասական հանրահավաք անցկացնելը պատահական չէր։
«Հանրաքվեի հետ կապված այդ հարցերը մոնոպոլիզացրել են հանրային քննարկումները և շեղում են ուշադրությունը կարևոր իրադարձություններից», — ZIARUL DE GARDA-ին ասել է մոլդովացի փորձագետ, իրավաբան Իոն Գուզունը, որն ուշադիր հետևում է իրավիճակին Ռումինիայում։
Ի՞նչ է ասում Եվրամիությունը
Ռումինիան Եվրամիության անդամ է։ Քվեարկությունից առաջ Եվրոպական խորհրդարանն արտահերթ նիստ էր անցկացրել, որին, մասնավորապես, Ռումինիայի արդարադատության ոլորտի մասին ոչ այնքան լավ բաներ են ասվել։ Նշվել է, որ ընտանեկան արժեքները չպետք է փոխակերպվեն փաստարկների, որոնք արդարացնում են հոմոֆոբիան կամ հերքում ընտանիքի այլ տեսակները։
Եվրամիության 26 երկրներից 14-ում միասեռական ամուսնությունները թույլատրված են։
2018թ-ի մարտին Եվրոպական դատարանն իր աննախադեպ վճռով պարտավորեցրել է ԵՄ բոլոր անդամներին ճանաչել միասեռական ամուսնությունները, որոնք գրանցված են ԵՄ այլ երկրներում, սակայն այդպիսի միությունների ազգային օրինականացման ընտրություն է թողել պետական ինքնիշխանությունների շրջանակում։
Հայցի կենտրոնում Ռումինիայի քաղաքացի Ադրիան Կոմանն էր, որը ռումինացի պաշտոնյաներից պահանջում էր ճանաչել Բելգիայում գրանցված իր միասեռական ամուսնությունը։
Եվրոպական դատարանի որոշմանն աջակցեց նաև Ռումինիայի սահմանադրական դատարանը, որը 2018թ-ի սեպտեմբերի 27-ին ճանաչեց միասեռական ընտանիքների հավասար իրավունքները։