Հաագայի դատարանը «զգուշավոր» գտնվեց․ ընդունված որոշումների մասին
Հաագայի դատարանը Երևանից ու Բաքվից պահանջել է կանխել ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու տարածումը։ Դեկտեմբերի 7-ին դատարանը հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի հակընդդեմ հայցերի՝ հրատապ միջոց կիրառելու մասին որոշումները։ Մինչ բուն հայցի քննությունը` Հայաստանը պահանջել էր, որ Ադրբեջանը վերադարձնի հայ գերիներին, փակի Բաքվի «Ռազմավարի պուրակն» ու չոչնչացնի հայկական մշակութային կոթողները։
Հաագայի դատարանի որոշումը, արձագանքներ Երևանից և Բաքվից, ինչպես նաև փորձագիտական կարծիք։
Ի՞նչ որոշեց Հաագայի դատարանը
Հրատապ միջոցի կիրառման վերաբերյալ կայացված որոշումները ներկայացրել է դատավոր, դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն։
Անդրադառնալով հայկական կողմի՝ գերիների ազատ արձակման պահանջին՝ դատարանը նշել է, որ միջազգային հումանիտար իրավունքը սահմանում է՝ որևէ պետության կողմից ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված անձինք պետք է ազատ արձակվեն։
Հաագայի դատարանի որոշման մեջ, սակայն, Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի մասին խոսք չկա․
«Հայաստանը չի ներկայացրել ապացույցներ, որ նրանք պահվում են Ադրբեջանում` իրենց ազգության կամ ռասայական խտրականության հիմքով»։
Դատարանը շեշտել է, որ Ադրբեջանում պահվող անձինք չպետք է ենթարկվեն անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի իրենց ազգային պատկանելության պատճառով՝ հավելելով, որ նրանք պետք է պաշտպանված լինեն բռնությունից և մարմնական վնասվածքներից։
Միջազգային դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանը պարտավորվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` կանխելու և պատժելու վանդալիզմի դրսևորումները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, այդ թվում` պաշտամունքի վայրերի, հուշարձանների, գերեզմանատների և այլն։
«Բաքուն պետք է կանխի ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու տարածումը, ներառյալ պաշտոնյաների և հանրային ինստիտուտների կողմից, որոնք թիրախավորում են ծագումով հայերին», — եզրակացրել է Հաագայի դատարանը։
Նույն օրը Արդարադատության միջազգային դատարանը ներկայացրել է նաև իր որոշումը Ադրբեջանի՝ հրատապ միջոց կիրառելու դիմումի վերաբերյալ։ Հայցադիմումում պաշտոնական Բաքուն նշել էր, որ անգամ պատերազմից հետո Հայաստանը կանխում է էթնիկ ադրբեջանցիների վերադարձը իրենց նախկին բնակավայրեր, քանի որ ականապատել է տարածքներն ու չի տրամադրում անհրաժեշտ քարտեզները ականազերծման համար։
«Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ առ այն, որ Հայաստանի՝ ենթադրյալ կատարած ականապատումը տեղի է ունեցել «էթնիկ ադրբեջանցիներին իրենց իրավունքներից զրկելու նպատակով», — ընդգծել է դատավորը։
Որոշման համաձայն՝ Հայաստանը պարտավոր չէ ձեռնարկել քայլեր՝ աջակցելու Ադրբեջանին ականազերծում իրականացնելու, իսկ ռասայական խտրականության վերացման հանձնաժողովը՝ քայլեր, որ Հայաստանն այլևս չտեղադրի ականներ։
«Հայաստանը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի՝ կանխելու ռասայական ատելության հրահրումն ու տարածումը, այդ թվում՝ իր տարածքում գործող կազմակերպությունների և անհատների կողմից՝ ուղղված էթնիկ ադրբեջանցիների դեմ», — ասված է Հայաստանի վերաբերյալ դատարանի որոշման մեջ։
Հաագայի դատարանի նախագահը հայտարարել է, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է «սրել կամ երկարացնել վեճը՝ դատարանի համար ավելի դժվարացնելով դրա լուծումը»։
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը քննում է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով։ Հաագայի դատարանում դիմումների քննությունը կշարունակվի։ Այն կարող է տևել մի քանի տարի։
Արձագանք Երևանից․ «Հայաստանը ողջունում է դատարանի որոշումները»
Իր թվիթերյան էջում Հաագայի դատարանի որոշումները մեկնաբանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային ատյանը բավարարել է Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գրեթե բոլոր ժամանակավոր միջոցները և մերժել Ադրբեջանի պահանջների մեծ մասը», — գրել է նա։
Կիրակոսյանի գնահատմամբ՝ Հայաստանը ողջունում է այս որոշումներն ու սպասում դրանց գործնական իրականացմանը Ադրբեջանի կողմից։
Հիշեցնենք, որ Եղիշե Կիրակոսյանն է Հայաստանը ներկայացնում Արդարադատության միջազգային դատարանում։
«Այդ որոշումները, միանշանակ, արտացոլում են դատարանի կողմից հայկական կողմի ներկայացրած մի շարք առանցքային փաստարկների ընդունումը, և դատարանի առջև մեր դիրքորոշումների հաստատումը»,- ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Ըստ հայկական կողմի՝ դատարանը գտել է, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում «առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ»։
«Որոշումը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի՝ այս ընթացքում հնչեցրած ահազանգերի լեգիտիմությունը գերիների և այլ պահվող անձանց, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում վտանգված հայկական պատմամշակութային ժառանգության, Ադրբեջանի կողմից հնչող հայատյաց հռետորաբանության վերաբերյալ»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳՆ փոխանցած տեղեկություններով՝ դատարանը միայն Ադրբեջանին է պարտավորեցրել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու խտրականությունն ու դրա հրահրումը, այդ թվում՝ պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։
Անդրադառնալով «Ռազմավարի պուրակին»՝ ՀՀ արտաքին գերատեսչությունը հիշեցրել է, որ բանավոր լսումների ժամանակ դատարանը հիշատակել է Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ «Ռազմավարի պուրակից» հեռացվել են հայ զինվորներին պատկերող մանեկեններն ու Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում հայ զինվորների կրած սաղավարտները, դրանք այլևս չեն ցուցադրվի:
Արձագանք Բաքվից․ «Հայաստանը չկարողացավ քաղաքական դիվիդենտներ ստանալ»
Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումները ողջունել է նաև Ադրբեջանը։ Դեկտեմբերի 8-ին կազմակերպված մամուլի ասուլիսում թեմային անդրադարձել է երկրի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, որը Հաագայում ներկայացնում էր ադրբեջանական կողմի շահերը։ Մամեդովը խոսել է հայկական կողմի՝ գերիների վերադարձի և «Ռազմավարի պուրակի» փակման պահանջների չբավարարման մասին։
Մամեդովի դիտարկմամբ՝ հայկական կողմը հայցում հավաստիացրել է, որ Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են միայն հայ լինելու պատճառով, այնինչ Ադրբեջանը միջազգային դատարան է ներկայացրել «այդ կատեգորիայի անձանց դատական գործերի վերաբերյալ փաստաթղթեր, ընդ որում՝ մանրամասն բացատրություններով»․
«Բացի այդ՝ հնչել է պահանջ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել ձերբակալված հայերի նկատմամբ, սակայն Ադրբեջանը դատարանին ներկայացրել է բոլոր ապացույցները, որ դա հենց այդպես էլ տեղի է ունենում։ Այնպես որ, այս դեպքում ևս Հայաստանը չկարողացավ քաղաքական դիվիդենտներ ստանալ»։
Արտաքին գերատեսչության ներկայացուցիչն անդրադարձել է նաև «Ռազմավարի պուրակին», որ բացվել է Բաքվում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Հայկական կողմը հայցով պահանջել էր փակել այն։ Մամեդովի խոսքով՝ թեև ադրբեջանցիներն այս պուրակի բացումը մեծ ոգևորությամբ են ընդունել, այն քննադատության է արժանանում երկրի սահմաններից դուրս։
«Մենք դատարանում հայտարարեցինք, որ այդ պուրակը որևէ կապ չունի հայ ժողովրդի հանդեպ էթնիկ ատելության հետ, ինչպես նաև ցույց տվեցինք, որ պուրակի վերաբերյալ որոշման հասնելով՝ Հայաստանը փորձում է քաղաքական միավորներ վաստակել։ Քաղաքական տեսանկյունից այդ պուրակի փակումը շատ կարևոր էր Հայաստանի համար, բայց մեզ ուրախացրել է դատարանի արդար մոտեցումն այդ հարցում», — ընդգծել է Մամեդովը։
Դատարանի որոշումն անսպասելի չէր․ հայ փորձագետի կարծիքը
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ընդգծել էր, որ ՄԱԿ-ի դատարանն ամեն կերպ կփորձի զգուշավոր լինել իր որոշումներում։
«Դատարանը, կարծում եմ, կփորձի շատ զգուշավոր մոտեցում ցուցաբերել, որպեսզի, անկախ իր կամքից, չհայտնվի օբյեկտիվ կանխակալության դիրքերում։ Կամ, որ չմեղադրեն դատարանին, թե կայացրել է որոշում, որով կանխորոշել է ապագա վճռի էությունը», — «Հանրային ռադիոյի» եթերում ասել էր Ղազարյանը։
Հաագայի դատարանի՝ վճիռ կայացնելուց րոպեներ առաջ միջազգային իրավունքի մասնագետին հաջողվել էր կանխատեսել հրապարակվող վճիռների բովանդակությունը․
«Դատարանը միայն իր իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում կկայացնի, օրինակ՝ ապահովել ռազմագերիների անվտանգությունը, բայց նրանց անհապաղ Հայաստան վերադարձնելու հարցով կասկածում եմ, որ նման որոշում կայացնի»։
Ղազարյանը կարծիք էր հայտնել, որ դատարանը երկուստեք կբավարարի Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունները։
Փորձագետը նշել էր, որ ի տարբերություն գերիների խնդրի՝ ամենայն հավանականությամբ, դատարանը որոշումներ կկայացնի հայատյացության քաղաքականության դադարեցման և պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցերում։