IDFI ոչ կառավարական բնապահպանական կազմակերպությունը ներկայացրել է հաշվետվություն, որի համաձայն, 2016 թվականանին Թբիլիսիում քաղաքապետարանի թույլտվությամբ հատվել է 709 ծառ, որից 500-ն ունեցել է վնասվածի կարգավիճակ, 209-ը՝ առողջի:
Բնապահպանները ուշադրությունը սևեռում են այն հանգամանքի վրա, որ «վատ» կարգավիճակ ունեցող ծառերի քանակը վերջին շրջանում ավելացել է 5 անգամ, ինչը, նրանց կարծիքով, կասկածելի է: Օրինակ, 2013 թվականին հատված 946 ծառից «վնասված» կարգավիճակ է ունեցել 36 ծառ: Ըստ բնապահպանների՝ քաղաքապետարանը նման կարգավիճակ է «շնորհում» նաև բոլորովին առողջ ծառերին՝ այդպիսով հեշտացնելով շինարարական ընկերությունների աշխատանքը, որոնց այս կամ այն ծառերը կարող են խանգարել, և միաժամանակ չեզոքացնելով հանրային բողոքը:
Թբիլիսիում ծառերի մեծ մասը հատվել է հենց շինարարական ընկերությունների՝ քաղաքապետարան ներկայացված հայտերից հետո: 2013-2016 թթ. քաղաքապետարանը բավարարել է 583 հայտ, որից 392-ի դեպքում նշվում էր, որ ծառի հատման թույլտվությունը տրվել է ընթացող շինարարության կապակցությամբ:
Թբիլիսիում ավելացել է այս կամ այն շինարարությանը խոչընդոտող կանաչ տարածքների ոչնչացման դեմ բողոքի ակցիաները: Անցյալ տարի մայրաքաղաքում տասնյակ նման բողոքի ակցիա է անցկացվել:
Այս տարի ծառահատումը, հավանաբար, «կմեղմանա», քանի որ վրացական ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկը՝«М2»-ը, խորհրդարան նախաձեռնություն է ներկայացրել չորացած ծառերի հատման դիմաց փոխհատուցման պարտավորության չեղարկման մասին:
«Այս նախաձեռնությունը բարձրացնում է կոռուպցիոն ռիսկերը: Շինարարական ընկերության և քաղաքապետարանի պաշտոնյայի միջև հեշտությամբ կարող է գործարք կնքվել, որի արդյունքում առողջ ծառը կարող է ձևակերպվել որպես չորացած, անհատույց հատման ենթակա», — նշում է IDFI-ի վերլուծաբան Գիորգի Խաթիաշվիլին:
Բնապահպանները վաղուց են խոսում այն մասին, որ այժմ առողջ ծառերին տրվում է ոչ առողջի կամ վնասվածի կարգավիճակ:
2011-2016 թթ.-ին ծառերի հատման համար թույլտվությունների դիմաց Թբիլիսիի քաղաքապետարանը ստացել է 1,947,282 լարի: