581. Հենց այդքան մարդ է զոհվել Վրաստանի ճանապարհներին 2016թ-ին: Ի՞նչ անել
Shutterstock
Ռուսթավելու պողոտայում հունվարի 24-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երիտասարդ աղջիկ է զոհվել: Երեք մեքենաներ բախվել են միմյանց: Զոհվածը տաքսիով էր: Ականատեսների խոսքով, ավտովթարը տեղի է ունեցել Mersedes ML մեքենայի վարորդի մեղքով, որը մեքենայի ղեկին էր նստել ոչ սթափ վիճակում և արագություն էր գերազանցել:
Ռուսթավելիի պողոտան Թբիլիսիի կենտրոնական փողոցն է, մայրաքաղաքի ամենամարդաշատ վայրը, որտեղով մեքենաները սահմանափակ արագությամբ պետք է ընթանան:
Վրաստանի ավտովթարների վիճակագրությունը մտահոգիչ է:
ՆԳՆ տվյալներով, նախորդ տարի երկրում 6939 ՃՏՊ է գրանցվել: Զոհվել է 581 մարդ, տարբեր վնասվածներ է ստացել 9951 մարդ:
Այդ ցուցանիշները տարեցտարի աճում են:
Ինչո՞ւ է Վրաստանը ՃՏՊ քանակով Եվրոպայի առաջատար երկրներից և ի՞նչ է պետք անել, որպեսզի ճանապարհներն ավելի անվտանգ դառնան:
Պատճառ 1. Արագության գերազանցում
Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ՃՏՊ գլխավոր պատճառներից մեկն արագության գերազանցումն է:
Կարգավորում: Տուգանքները խստացնելու միջոցով խնդիրը լուծելու փոխարեն 2014թ-ի հունվարի 1-ից օրենսդրությունն ավելի հանդուրժող դարձավ այն վարորդների հանդեպ, որոնք սիրում են արագություն գերազանցել:
Եթե նախկինում խախտողն արագության գերազանցման համար 100 լարի տուգանք էր վճարում, այսօր այդ տուգանքը կիսվել է: Նվազել է նաև սահմանված տուգանքը չվճարելու տուգանքը (150 լարի 500-ի փոխարեն): Իսկ եթե խախտողը ոչ մի կերպ չի վճարում սահմանված գումարը, նրան կարող են զրկել վարորդական իրավունքից ընդամենը 6 ամսով, իսկ նախկինում այդ դեպքերում երկամյա ազատազրկում էր նախատեսվում:
Եվ դա դեռ ամենը չէ. եթե գումար ունես, կարող ես հանգիստ գերազանցել արագությունը, քանի որ վարորդական իրավունքները կարելի է վերականգնել 500 լարիով:
Պատճառ 2: սխալ մանևրեր
Մի գծից մյուսն անցնելը առանց թարթիչ միացնելու, հանդիպակաց գիծ դուրս գալը, վազանց կատարելը չթույլատրված հատվածում:
Կարգավորումը. այս խախտումները 50 լարի տուգանք են ենթադրում:
Պատճառ 3. Ոչ սթափ վիճակում մեքենա վարելը
Ոչ սթափ վիճակում մեքենա վարելը բոլոր ավտովթարների 7.4%-ի պատճառն է: 2014թ-ի տվյալներով՝ 262 նման ավտովթար է տեղի ունեցել:
2016թ-ին ոչ սթափ վիճակում մեքենա վարելը 30 174 դեպքերում վարորդական իրավունքից զրկելու պատճառ է դարձել: Ողջ Վրաստանի մասշտաբով:
Կարգավորում: Ոչ սթափ վիակում մեքենա վարելը պատժվում է 6 ամսով վարորդական իրավունքից զրկելով:
Պատճառ 4. Հետիոտների կողմից խախտումներ
2015թ-ին 160 հետիոտն է զոհվել, 1998-ը վնասվածքներ է ստացել;
2014 թ-ին 145 հետիոտն է զոհվել, 1993-ը վնասվածքներ է ստացել;
2013 թ-ին 125 հետիոտն է զոհվել, 1687-ը վնասվածքներ է ստացել;
2012 թ-ին 160 հետիոտն է զոհվել, 1509-ը վնասվածքներ է ստացել:
Մայրաքաղաքում 2015թ-ին ավտովթարի հետևանքով 90 մարդ է մահացել, իսկ 3834-ը վնասվածքներ է ստացել:
Կարգավորում: Գործող դրույթների համաձայն՝ հետիոտնը տուգանվում է 10 լարիով, եթե փողոցն անցնում է ոչ դրա համար նախատեսված հատվածում: Այս հոդվածը կարդացող ցանկացած հետիոտն կհամաձայնի, որ այս կարգավորումը շատ հազվադեպ է աշխատում:
Պատճառ 5. Ավտոմեքենաների տեխնիկական անսարքությունը
ՆԳՆ տվյալներով, Վրաստանի տրանսպորտային պարկի 44%-ը 20-ից ավել տարվա հնության մեքենաներ են: 46%-ը՝ 11-ից 20 տարվա հնության, 1-10 տարվա հնության մեքենա է վարում վարորդների 10%-ը, և միայն 3%-ն է նոր:
Կարգավորում: Վրաստանում մեքենաների պարտադիր տեխզննումը չեղարկվել է 2004թ-ին: Եվ օրենքը ոչ ոքին չի պարտավորեցնում ստուգել Վրաստանի ճանապապրհներով երթևեկող ավտոմեքենաների վիճակը: «Ճանապարհային անվտանգության մասին» օրենքում կետ կա, որի համաձայն, 2013թ-ի հունվարի 1-ին պետք էր վերականգնել պարտադիր տեխզննումը, սակայն արդյունքում դա հետաձգվեց մինչև 2017թ-ի վերջ, քանի որ երկիրը դրան լիովին դեռ պատրաստ չէր:
2017թ-ից նոր կանոն է ուժի մեջ մտել, որի համաձայն, գրեթե բոլոր տեսակի ներկրված ավտոմեքենաները զգալիորեն թանկանացել են՝ նորերից բացի: 5 տարվա մեքենայի ակցիզն անփոփոխ է մնացել, իսկ նոր մեքենաների և մինչև 4 տարվա մեքենաների ակցիզը շատ է էժանացել, ինչը պետք է նորացներ երկրի ավտոպարկը:
Պատճառ 6. Ճանապարհային ենթակառուցվածքում առկա խառնաշփոթը
Մայրաքաղաքի կենտրոնական փողոցում՝ Ռուսթավելու պողոտայում, ոչ մի լուսաֆոր չկա: Բացի այն, որ դրանց բացակայությունը հետիոտների համար խնդիրներ է ստեղծում, որոնք ստորգետնյա անցումներ գտնելու համար զգալի տարածություններ պետք է հաղթահարեն, իրերի նման դասավորությունը վարորդների մոտ ամենամարդաշատ պողոտաներից մեկում ամենաթողության զգացում է առաջացնում:
Ռուսթավելու պողոտայում նշված ողբերգական դեպքից հետո Ֆեյսբուքում ակտիվացել են օգտատերերը, որոնք պահանջում են Թբիլիսիի գլխավոր պողոտայում լուսաֆորներ տեղադրել:
Պատճառ 7. «Այլ պատճառներ»
ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ պարզվել է, որ Վրաստանում և կոնկրետ Թբիլիսիում որոշակի տեղեր կան, որտեղ հաճախ ՃՏՊ-ներ են տեղի ունենում:
- Վրաստանի 4 մայրուղիները, որոնցում, 2015թ—ի տվյալներով, առավել հաճախ են ՃՏՊ—ներ տեղի ունեցել. 1. Թբիլիսի—Սենակի—Լեսելիձե (594 ՃՏՊ); 2. Պոնիչալա—Մարնեցլի—Գուգութի (98 ՃՏՊ); 3. Թբիլիսի—Բակուրցիխե—Լագոդեխի (94 ՃՏՊ); 4. Սենակի—Փոթի—Սարփի (74 ՃՏՊ):
- 5 մայրուղիներ Թբիլիսիում, որոնցում, 2015թ—ի տվյալներով ,առավել հաճախ են ՃՏՊ—ներ տեղի ունեցել. 1 Կախեթիի մայրուղի (127 ՃՏՊ); 2. Ձախ առափնյա փողոց (107 ՃՏՊ); 3. Դավիթ Աղմաշենեբելիի ծառուղի (98 ՃՏՊ); 4. Աջ առափնյա փողոց (87 ՃՏՊ); 5. Ծերեթելիի պողոտա (83 ՃՏՊ):
Ավտովթարների հիմնական պատճառն արագության գերազանցումն է: Եթե դա չէ, փաստաթղթերում նշվում է՝ «Այլ պատճառ»: Խնդիրը կարող է ճանապարհային ենթակառուցվածքը, ճանապարհի ծածկը, սխալ տեղադրված ճանապարհային նշանը, լուսաֆորը լինել և այլն:
Կարգավորում. Փորձագետները խոսում են հատուկ աուդիտորական ծառայություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կկարողանա ցանկացած ՃՏՊ պատճառները պարզել: Այլապես այդ պատճառները հնարավոր չի լինի վերացնել: