500-տեղանոց դաշտային հոսպիտալ է բացվում Թբիլիսիի ծայրամասում Covid-19-ի նոր բռնկման պատճառով
Թթվածնի մատակարարման համակարգերով 500 մահճակալներ են տեղադրվելու դաշտային հոսպիտալում, որը բացվում է Թբիլիսիի ծայրամասային Դիղոմի շրջանի Օլիմպիական ավանում։
«Երկու հինգ տոննա տարողությամբ ցիստեռններ արդեն տեղադրվել են՝ մահճակալները թթվածնով ապահովելու համար», — ասել է առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեն։
Նա նշել է, որ դեռ հույսեր է փայփայում, որ հոսպիտալը պետք չի գա, և հիվանդանոցները կկարողանան ընդունել կտրուկ ավելացած թվով հիվանդներին, որը կապված է կորոնավիրուսով վարակման դեպքերի արագ աճի հետ։
Կորոնավիրուսով վարակված ավելի քան 52 հազար մարդ կա ներկա պահին Վրաստանում, գրեթե յոթ հազարը հոսպիտալացվել է, նրանցից 1 421-ը ծանր վիճակում են, 303 մարդ միացված է արհեստական շնչառության սարքին։ Վարակվածներից 3 463-ը մեկուսացված է հատուկ հյուրանոցներում, 41 692-ը՝ սեփական տներում։ Վերջին մեկ օրում վարակման 6 208 նոր դեպք է գրանցվել, մահացել է ևս 47 մարդ:
- Հրաժարում պատվաստումներից, հոմոֆոբիա, ռուսամետություն․ արդյո՞ք եկեղեցին խոչընդոտում է Վրաստանի արևմտամետ ուղղվածությանը
- Վրաստան և կորոնավիրուս․ հաջողությո՞ւն, թե՞ բախտ
Վրաստանը համավարակի չորրորդ ալիքի գագաթնակետին է։ Ավելի քան 40 մարդ է օրական մահանում կորոնավիրուսից, օրական վարակումների քանակը 4-6 հազար է։
Վարակվածների շրջանում աճում է երեխաների թիվը։ Թբիլիսիում մոբիլիզացված 200 մանկական հիվանդամահճակալները, որոնք ազատ էին համավարակի երկրորդ և երրորդ ալիքի ժամանակ, այժմ զբաղված են։ Վարակված երեխաների թիվը գերազանցում է հինգ հարյուրը։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Վրաստանում վարակման 80-90%-ը կազմում է դելտա շտամը, և այս թիվը դեռ աճելու է։
Օգոստոսի 17-ի դրությամբ ավելի քան 806 հազար պատվաստում է իրականացվել, ամբողջովին պատվաստված է շուրջ 239 հազար մարդ։ Նրանց թվում նաև օտարերկրացիներ կան։
Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանի պատվաստված քաղաքացիների թիվը շատ ցածր է և կազմում է բնակչության գրեթե 10 տոկոսը։
Ներկա պահին երկրում չորս պատվաստանյութ է կիրառվում՝ գերմանաամերիկյան Pfizer-ը, բրիտանական Astrazeneca-ն, չինական Sinopharm-ը (Պեկին) և չինական Sinovak-ը։