5 մարդ է կալանավորվել
«Աստծո անունով եմ երդվում, երբ տղաս տնից դուրս էր գալիս, նույնիսկ կոշիկները չհագավ, դուրս եկավ կնոջ հողաթափերով: Ասաց, որ բարեկամների մոտ է գնում, որոնք ապրում են ավանի մյուս ծայրում: Վերադառնալու ճանապարհին տեսել է, որ փողոցում մարդիկ են հավաքվել և մոտեցել է նրանց: Իմ տղան ոչինչ չի կոտրել, ոչ մի ոստիկանի չի ծեծել: Գնացել է, որ տեսնի, թե էլեկտրաէներգիայի այդ պատմությունն ինչով է ավարտվելու: Իսկ նրան անհիմն բռնել են: Թող վերադարձնեն ինձ իմ որդուն…», — արտասվելով ասում է Աֆիլյա Բայրամովան:
Նրա որդին 25-ամյա Իլկին Իսկանդերովն է, որին ձերբակալել են Բիլյասուվարի շրջանում (մայրաքաղաքից 153կմ հեռավորության վրա): Այստեղ՝ Ղարաբաղի Ջաբրայիլի շրջանից բռնի տեղահանվածների ավանում, դեկտեմբերի 22-ին բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել ավանում էլեկտրաէներգիայի անջատումների դեմ:
Ակցիայից անմիջապես հետո 3 մարդ է կալանավորվել, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ավանի ևս երկու բնակիչ: Նրանց չարտոնագրված ակցիայից զատ մեղադրում են նաև ոստիկաններին ծեծի ենթարկելու և հասարակության համար վտանգավոր գործողությունների համար:
Բողոքի ակցիան
«Նախկինում մարդկանցից գումար չէին հավաքում, սակայն լույսը գրեթե առանց անջատումների տալիս էին: Հետո յուրաքանչյուր տնից սկսեցին 5-10 մանաթ հավաքել, ասում էին, թե սահմանաչափն անցնում ենք և այլն: Եվ մենք չէինք վիճում: Սակայն հոկտեմբերից սկսեցին հաճախ լույսն անջատել:
Վերջին 15 օրվա ընթացքում գրեթե ամեն օր ցերեկը մեկից մինչև երեկոյան յոթը-ութն անջատում են: Բոլորը տանը երեխաներ, ծերեր, հիվանդներ ունեն: Մարդիկ մրսում են ձմռան ցրտերին: Եվ մենք ասացինք, որ կամ թող գումար չհավաքեն, կամ լույսը չանջատեն: Այն երեկո հենց դրա համար էին հանրահավաք անում», — պատմում է Իլկինի պապը՝ Մուհամեդ Բայրամովը:
Բռնի տեղահանվածները կոմունալ ծառայությունների արտոնություններ ունեն, սակայն էլեկտրաէներգիան նրանց համար այնքան էլ անվճար չէ, որոշակի սահմանաչափ ունի՝ ամսական 150 կՎտ/ժ: Գազի համար նույնպես սահմանաչափ կա՝ ամսական 35 կուբամետր: Այդ սահմանաչափ ունեցող էլեկտրաէներգիայի և գազի համար կոմունալ ծառայություններ մատուցող ձեռնարկություններին վճարում է Փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեն, իսկ ավել ծախսերի դեպքում՝ տեղահանվածները:
Պաշտոնական տեղեկատվությունը
Ջաբրայիլի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի առաջին տեղակալ Արիֆ Ֆարզալիևը Modern.az-ին հայտնել է, որ նույն երեկո ավանի Էլեկտրամատակարարումը վերականգնվել է:
«Բռնի տեղահանվածները մեծ պարտք ունեն: Քաղաքացիները սահմանաչափը գերազանցել են: Եվ այդ պատճառով էլ Իմիշլիի շրջանային էլեկտրացանցը բաժանորդների համար դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը»:
ՆԳՆ հայտարարության համաձայն, «ավանի մի խումբ բնակիչներ երթ են անցկացրել դեպի Ջաբրայիլի շրջանի գործադիր իշխանության շենք: Ակցիայի մասնակիցները հրաժարվում էին վճարել օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց»:
Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ «չնայած ոստիկանության՝ չարտոնված ակցիայի մասնակիցներին ուղղված ցրվելու կոչին՝ բռնի տեղահանվածները հրաժարվել են ենթարկվել և քարեր ու փայտեր են գործի դրել: Իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող 9 ոստիկանի տարբեր վնասվածքներ են հասցվել, կոտրվել են 1 ծառայողական ավտոմեքենայի ապակիները»:
Ակցիայից անմիջապես հետո 3 մարդ է ձերբակալվել՝ Ջալալ Գուլիևը, Իլկին Իսկանդերովն ու Գուլյագա Ալմամեդովը, դատարանի որոշմամբ, նրանք 3 ամսով նախաքննություն անցկացնելու համար կալանավորված են:
Փաստի առթիվ գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Հանրապետության Քրեական Օրենսգրքի 186.2.2 հոդվածով (գույքի միտումնավոր ոչնչացում կամ վնասում այրելու, պայթյունի կամ այլ՝ հասարակության համար վտանգավոր միջոցով, որը ծանր հետևանքներ է ունեցել), 233 հոդվածով (հասարակական կարգի խախտմանը նպաստող գործողությունների կազմակերպում կամ այդպիսի գործողությունների մասնակցություն) և 315.2 հոդվածով (իշխանության ներկայացուցչին ընդդիմանալը կամ նրա հանդեպ կյանքին ու առողջությանը սպառնացող բռնություն կիրառելը):
Դատարանի 26-ի որոշմամբ, ևս երկու հոգու ՝ Ուլվի Գուլիևի և Զաուր Ֆերուզլուի հանդեպ նույն մեղադրանքներով որպես խափանման միջոց է կիրառվել 3 ամսվա կալանքը:
«Հասարակության թափթփուկներ»
«Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության անդամ, խորհրդարանում Ջաբրայիլի շրջանը ներկայացնող Աստան Շահվերդիևն Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում կտրուկ քննադատել է բողոքի ակցիայի մասնակիցներին. «Կառավարությունից դժգոհ մի խումբ հարբեցողներ և թմրամոլներ գլուխ են բարձրացրել…»: Պատգամավորն իր ընտրողների հասցեին «հասարակության թափթփուկներ» արտահայտությունն է օգտագործել:
Նրա խոսքերը բողոքի ալիք են բարձրացրել սոցցանցերում և Բիլյասուվարի ավանների բնակիչների զայրույթն են առաջացրել:
«Ուրիշների փոխարեն չեմ կարող ասել, սակայն որպես Իլկինը կին ես պահանջում եմ, որ նրանից արյան անալիզ վերցնեն: Եթե պարզվի, որ նա թմրանյութ կամ ալկոհոլ է օգտագործում, ապա ես մեղավոր եմ նրա հետ միասին: Ինչպե՞ս նրանք կարող են այդպես ցեխ շպրտել մարդկանց վրա», — հարցնում է Ուլդուզ Իսկանդերովան:
«Այդ պատգամավորին ես չեմ տեսել ոչ ընտրություններից առաջ, ոչ էլ հետո: Նա ոչ մի անգամ այստեղ չի եկել և չի հետաքրքրվել մարդկանց խնդիրներով», — ասում է Իլկին Իսկանդերովի մայրը: Մնացած բնակիչները նույնպես երբևէ չեն տեսել իրենց պատգամավորներին: Ոմանք նույնիսկ չգիտեն, թե նրա անունն ինչ է:
Իլկինի կոշիկները
Ուլդուզ Իսկանդերովան հղի է առաջին երեխայով: Այժմ սկեսուրի հետ մենակ է մնացել: Իլկինի հայրը մահացել է 7 տարի առաջ: Ընտանիքը պահողը Իլկինն է: Եվ նա հազիվ է ծայրը ծայրին հասցնում՝ մեքենաներ վերանորոգելով: Ինչպես ասում է Ուլդուզը, «եթե ինչ-որ մեկի մեքենան կոտրվում է, մեր տանը հաց կա, եթե ոչ՝ ուտելու բան չկա»: Այս ընտանիքի ամսական կայուն եկամուտը տարեց մոր 130 մանաթ (71 դոլար) կենսաթոշակն է և յուրաքանչյուր տեղահանվածին բաժին հասնող 19 մանաթ նպաստը:
«Մենք չգիտենք՝ ինչի վրա ծախսել այդ գումարը, հետազոտությունների՞, բուժմա՞ն, թե՞ սննդի վրա: Սկեսուրս տարեց կին է, շաքարախտ, ճնշում ունի, դեղորայք է պետք գնել: Ինչպե՞ս կարելի է նման պայմաններում լույսի համար վճարել», — ասում է Ուլդուզ Իսկանդերովան:
Երբ տնից դուրս էինք գալիս, մեզ ճանապարհող տիկին Աֆիլյան շեմին տղամարդու կոշիկներ ցույց տվեց: «Ահա որդուս կոշիկները: Մի՞թե մարդը կնոջ հողաթափերով կռիվ անելու կգնա, մի՞թե կոշիկները չի հագնի», — ասում է նա և կրկին սկսում լացել:
Կնոջ մտքով անգամ չի անցնում, որ մարդը կարող է մեկ զույգից ավել կոշիկ ունենալ: Հաշվի առնելով ընտանիքի եկամուտը՝ դա այնքան էլ զարմանալի չէ:
Ջաբրայիլն ու ջաբրայիլցիները
Ջաբրայիլի շրջանը Լեռնային ղարաբաղին հարող շրջաններից մեկն է՝ 77 հազար մարդ բնակչությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով 1993թ-ի օգոստոսի 25-ին այն օկուպացվել է հայկական զինված ուժերի կողմից: Շրջանի միայն մեկ գյուղ է ներկա պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվում՝ Ջոջուգ Մարջանլին:
Ջաբրայիլից տեղահանվածները ցրված են ողջ Ադրբեջանով: Սակայն նրանցով խիտ բնակեցված տարածքները հենց այդ Բիլյասուվարի շրջանի ավաններն են, որտեղ ակցիա է անցկացվել: Այդ 2003թ-ին կառուցված և շահագործման հանձնված 11 ավանում 18 հազար ջաբրայիլցի է ապրում:
Ավանի գոյության 13 տարվա ընթացքում ճանապարհները վերանորոգված չեն, գազատար անցկացված չէ, ջուրը տալիս են օրական մեկ ժամով, լույսի հետ կապված իրավիճակն արդեն պարզ է: Սակայն ամենամեծ խնդիրը գործազրկությունն է: Նրանց խոսքով, ավանի բնակիչների մեծ մասը գործազուրկ է: Անասուն և ընտանի թռչուններ են պահում, գործարքային աշխատանք են անում և հազիվ են ծայրը ծայրին հասցնում:
«Նրանք, ովքեր մեզնից փող են պահանջում, թող սկզբում մեզ աշխատանքով ապահովեն: 2017թ-ից հետո ծնվածներին այլևս բռնի տեղահանվածի կարգավիճակ չեն տալու, հետևաբար՝ նպաստ էլ: Թող ավելի լավ է մեզնից վերցնեն տեղահանվածի կարգավիճակը: 23 տարի անց տեղահանվածներ չեն լինում: Եթե չեն կարող մեր հողերը վերադարձնել, թող բնակարանները ձևակերպեն մեր անունով , աշխատանքով ապահովեն: Եվ նորմալ քաղաքացի կդառնանք: Իսկ հետո նոր թող կոմունալ վճարումներ պահանջեն», — ասում է ավանի բնակիչներից մեկը:
Արդյո՞ք ոստիկանության աշխատակիցներին իրոք ծեծել են
Կալանավորվածներին թույլ չեն տալիս տեսակցել ընտանիքի անդամների հետ: Նրանք փաստաբաններ չունեն, քանի որ նրանք իրենց չեն կարող թույլ տալ փաստաբան վարձել, իսկ «պետական» փաստաբաններից հույս չկա:
«Այնտեղ ոչ ոք ոստիկան չի ծեծել, ոչ ոք ոչինչ չի քանդել: Մարդիկ հավաքվել են գործադիր իշխանության շենքի հարևանությամբ գտնվող ակումբի մոտ: Միակ պահանջն այն է եղել, որ լույսերը տան: Մեծ քանակությամբ ոստիկաններ էին հավաքվել, մարդկանց հետ կոպիտ էին վարվում: Վեճ սկսվեց: Հետո ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառեց: Խառնաշփոթ առաջացավ, բոլորը սկսեցին փախչել: Այդ հրմշտոցում ինչ-որ մեկը կարող էր ընկնել և թեթև վնասվաքներ ստանալ՝ և՛ ոստիկանությունը, և՛ ակցիայի մասնակիցները: Այգում մի երկու լամպ կոտրվեց: Ընդամենը: Մի՞թե դրա համար մարդկանց կարելի է նստեցնել, քրեական գործեր հարուցել», — ասում է ակցիայի մասնակիցներից մեկն, ով ցանկացավ անհայտ մնալ:
«Թող որդուս բաց թողնեն և թույլ չտան մահանալ»
Ուղևորվում ենք ևս մեկ կալանավորվածի՝ 33-ամյա Ջալալ Գուլիևի տուն: Բակում առաջինը ցրտից կարմրած այտերով երկու երեխաների ենք հանդիպում: Մեկը 4 տարեկան է, մյուսը՝ 6: Նրանցից անմիջապես հետո երիտասարդ կին է դուրս գալիս՝ մեկ տարեկան երեխան գիրկը: Երեխան շատ տաք է հագնված, սակայն քիթն ու այտերն այնուամենայնիվ կարմրել են ցրտից:
Ջալալ Գուլիևի մայրը՝ Նարմինա Մամեդովան մեզ ներս է հրավիրում: Տանը երկու էլեկտրական տաքացուցիչ է միացրած, սակայն դրսի պես ցուրտ է: Լարումը շատ թույլ է, բացի այդ, տունը գետնի մակարդակին է, սենյակներում խոնավ է:
«Իմ տղան խուլիգան և սկանդալիստ չէ, դա կարող են հաստատել և՛ բարեկամները, և հարևանները: Առանց լույսի տանը շատ ցուրտ է: Բոլորը փողոց են դուրս եկել պահանջելու, որպեսզի լույսը տան, տղաս էլ է գնացել: Ինչո՞ւ են հիմա նրան զրպարտում: Նրա թոքերը հիվանդ են: Բանտը նրա համար գերեզման է: Թող բաց թողնեն որդուս, թույլ չտան նրան մահանալ»:
Տատիկի պատմությունն ուշադիր լսող երեխաները սկսում են լացել: «Մենք երեխաներին չէինք ասել, որ իրենց հորը բռնել են: Երբ հարցնում էին, պատասխանում էինք, որ հիվանդանոցում է, կառողջանա, կվերադառնա»:
Այս դեպքերից մի քանի օր առաջ նրանք տոնածառ են զարդարել: Նոր տարուն հորից նվերների էին սպասում, իսկ հիմա ամենամեծ երազանքը նրա վերադարձն է:
Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ խմբագրության կարծիքն արտահայտեն