5.4 % տնտեսական աճ 2021-ին․ Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսումներ է ներկայացրել
Հայաստանի Կենտրոնական բանկը 2021 թ․-ի համար կանխատեսում է 5.4 % տնտեսական աճ՝ պայմանավորված գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտների աճով։ Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ ծառայությունների աճը 6.1 %-ից հասել է 8.1%-ի, գյուղատնտեսությանը` 2.3 %-ից՝ 4.2 %-ի։
«Համախառն պահանջարկը ևս աճում է սպասվածից փոքր-ինչ արագ տեմպերով, ինչին մեծապես նպաստում են մասնավոր սպառման բարձր աճը, արտերկրից դրամական փոխանցումների՝ սպասվածից մեծ ծավալները և արտաքին պահանջարկի դրական միջավայրը։ Մինչդեռ մասնավոր ներդրումների աճը պահպանվում է համեմատաբար զսպված», — մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Սակայն կան ոլորտներ, որոնք անկում են ապրել՝ գրանցելով սպասվածից ցածր արդյունքներ։ Օրինակ՝ արդյունաբերության ոլորտի անկումը կազմել է 2 %, շինարարությանը` 6 %։
Ընդհանուր առմամբ, Կենտրոնական բանկը տնտեսության զարգացման դրական կանխատեսումներ է արել։ Պատճառը ոչ միայն առանձին ոլորտներում գրանցած աճն է, այլև արտերկրից ուղարկվող տրանսֆերտները։
Գալստյանի խոսքով՝ Հայաստանի գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի՝ սպասվածից արագ տեմպերով աճը շարունակվել է նաև այս տարվա երրորդ եռամսյակում, չնայած աշխարհում համավարակի նոր բռնկումներին և պատվաստման տեմպերի դանդաղմանը։ Հայաստանի վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն։
«Վերջին ամիսներին գնաճի կարճաժամկետ արագացումը պայմանավորված է սեզոնային պարենային ապրանքների գների աճով, իսկ բնականոն գնաճը պահպանվել է սպասվածից ավելի ցածր մակադակում», — ասել է Մարտին Գալստյանը։
Սեպտեմբերի 14-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 %-ով՝ սահմանելով 7.25 %:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը միասնական տոկոսադրույք է, որը Կենտրոնական բանկը կիրառում է առևտրային բանկերին վարկեր տրամադրելիս։
Հիշեցնենք, որ սկսած նախորդ տարվա դեկտեմբերից՝ ԿԲ-ն պարբերաբար ընդունում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու մասին որոշումներ։ Տոկոսադրույքի վերջին նվազեցումն արվել է 2020 թ․-ի սեպտեմբերի 15-ին։ Նույն օրը Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ Կենտրոնական բանկը որդեգրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականություն։
Լրագրողները ԿԲ նախագահից հետաքրքվեցին նաև Սյունիքի Որոտան բնակավայրի հատվածում ստեղծված իրավիճակի տնտեսական հետևանքների մասին։ Գալստյանը դժվարացավ որևէ գնահատական տալ, միայն ասաց, որ ռիսկային սցենարներ են մշակվում հնարավոր զարգացումների համար։
«Մենք կարծում ենք, որ այն ռիսկերը, որոնք ներառված են բազային սցենարում, էական չեն տնտեսական պրոցեսների խաթարման և տնտեսական գործունեության վտանգման տեսանկյունից։
Մշակվում են նաև ռիսկային սցենարներ, […] բայց բազային սցենարի մեջ, որով մենք առաջնորդվում ենք տոկոսադրույք որոշելիս՝ գնահատականներ տալով տնտեսության ընդհանուր զարգացմանը, նման իրավիճակ արտացոլված չէ», — ընդգծել է ԿԲ նախագահը։
ՀՀ նոր կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի համաձայն՝ ՀՆԱ–ի տարեկան միջին աճը պետք է հասնի նվազագույնը 7 %-ի, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9 %-ի։