36 երկրներ Վրաստանին կոչ են անում չեղարկել «գործակալների մասին» օրենքը
36 երկրների կոչը Վրաստանին
Ժնևում ընթացող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանում 36 երկրներ Վրաստանի կառավարությանը կոչ են արել չեղարկել մայիսի կեսերին ընդունված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
Այս մասին հայտարարություն է տարածել Ժնևում Լիտվայի մշտական ներկայացուցչությունը։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ արևմտյան պետությունների տեսանկյունից այս օրենքն ուղղված է Վրաստանում անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը ճնշելուն։ Նշվում է նաև, որ այն լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների և օրենքի գերակայության համար։
«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, դադարեցնել ահաբեկման արշավը նրանց դեմ, ովքեր դեմ են օրենքին և պաշտպանել խոսքի, միավորումների և խաղաղ հավաքների ազատությունը»,— ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, հայտարարության հեղինակները Վրաստանի կառավարությանը կոչ են անում ամբողջությամբ դադարեցնել և թափանցիկ կերպով հետաքննել խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման դեպքերը, համապատասխան միջոցներ ձեռնարկել ցուցարարների, քաղհասարակության կամ ընդդիմության ակտիվիստների, լրագրողների և լրատվամիջոցների այլ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար և զերծ մնալ հռետորաբանությունից, որը կարող է էլ ավելի սրել երկրում առկա ծայրահեղ բևեռացումը:
Հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է, որ՝
● «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը նպատակ ունի կործանարար ազդեցություն ունենալ լրատվամիջոցների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աշխատանքի վրա, լռեցնել նրանց:
● Օրենքն ընդունվեց՝ չնայած վրաց ժողովրդի զգալի հատվածի մտահոգություններին և միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ներառյալ Վենետիկի հանձնաժողովի մանրամասն իրավական փաստարկներն ու հորդորը՝ զերծ մնալ այն շրջանառելուց:
● Քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարության հիմքն է, այն օգնում է ապահովել հաշվետվողականություն, իրական թափանցիկություն և վնասակար ազդեցությունների հանդեպ դիմադրություն:
● Քաղհասարակության կազմակերպությունների և դրանց ղեկավարների ու այլոց դեմ զրպարտության, ահաբեկման և ֆիզիկական բռնության կազմակերպված արշավն անընդունելի է և պետք է դադարեցվի:
Հայտարարությունը ստորագրել են հետևյալ երկրները՝
- Ալբանիա
- Ավստրիա
- Բելգիա
- Բուլղարիա
- Կանադա
- Խորվաթիա
- Կիպրոս
- Չեխիայի Հանրապետություն
- Դանիա
- Էստոնիա
- Ֆինլանդիա
- Ֆրանսիա
- Գերմանիա
- Հունաստան
- Իսլանդիա
- Իռլանդիա
- Իտալիա
- Լատվիա
- Լիխտենշտեյն
- Լիտվա
- Լյուքսեմբուրգ
- Մալթա
- Մոնակո
- Մոնտենեգրո
- Նիդեռլանդներ
- Նորվեգիա
- Լեհաստան
- Պորտուգալիա
- Ռումինիա
- Սլովենիա
- Իսպանիա
- Շվեդիա
- Շվեյցարիա
- Ուկրաինա
- Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորություն
- ԱՄՆ