«Հանդիպում հանդիպման համար»․ հայ քաղաքագետը՝ Ստամբուլում կայանալիք «3+3»-ի մասին
«3+3» ձևաչափով երրորդ հանդիպումը
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունենալու «3+3» ձևաչափով երրորդ հանդիպումը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցելու է դրան։ Օրակարգի մանրամասները հրապարակված չեն։
Ձևաչափին միանալուց ի վեր պաշտոնական Երևանը հայտարարում է, որ համաձայնել է մասնակցել դրան այն պայմանով, որ «չպետք է քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք արդեն իսկ քննարկվում են այլ ձևաչափերի շրջանակում»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը JAMnews-ի հետ զրույցում նշել է՝ Երևանը չի փոխի իր այդ դիրքորոշումը։ Ըստ նրա՝ տարածաշրջանի հաղորդուղիների բացման, հայ-ադրբեջանական կարգավորման, սահմանազատման և սահմանագծման, անկլավների և մյուս բոլոր խնդիրների քննարկումը հայկական կողմը տեսնում է այս խորհրդատվական հարթակից դուրս։
«Ընդհանուր առմամբ, Հայաստանին ձեռնտու է, որ հարթակը մնա այսպիսին՝ դեկլարատիվ բնույթի։ Այլապես կարող ենք հասնել մի իրավիճակի, երբ ՀՀ-ին առաջարկվի կամ ճնշում լինի, որպեսզի Երևանը համաձայնի այդ հարթակ տեղափոխել այն հարցերը, որոնց կարգավորման համար կենսականորեն անհրաժեշտ է դերակատարների բազմություն, և հարցերը լուծվեն ի վնաս ՀՀ-ի»,- հայտարարել է Ղևոնդյանը։
Ի՞նչ է որոշվել նախորդ հանդիպումների ընթացքում
«3+3» ձևաչափի մասին առաջինը Թուրքիան է հայտարարել։ Հայ փորձագետները, սակայն, հիշեցնում են՝ դեռևս 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի օրերին էր Իրանը հայտարարել, որ ռեգիոնալ կոնֆլիկտներն ունեն ռեգիոնալ լուծում, այդ երկրի նախագահի հատուկ բանագնացը նույն տարվա հոկտեմբերի վերջին մեկնել էր տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներ:
Խորհրդատվական հարթակի մաս են կազմում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը։ Թբիլիսին, սակայն, բոյկոտել է նախորդ հանդիպումները։
«3+3» հարթակի առաջին հանդիպումը կազմակերպվել էր 2021 թ․-ի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ 2023 թ․-ի հոկտեմբերի 23-ին Թեհրանում կազմակերպվել էր երկրորդ հանդիպումը, այս անգամ արտգործնախարարներն էին մասնակցել։
Հանդիպումից հետո պաշտոնական Երևանը հրապարակել էր 9 կետից բաղկացած համատեղ հաղորդագրություն, որում ընդգծվել էր հարթակի կարևորությունը՝ «կառուցողական երկխոսության հնարավորություններ ապահովելու և տարածաշրջանի այլ երկրների միջև փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար»։ Նշվում էր, որ քննարկման մասնակիցները կարևորել են տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխադարձ վստահության ամրապնդման, ազգերի բարեկեցության և տարածաշրջանի կայունության վրա։
«3+3» տարածաշրջանային հարթակի խորհրդակցությունները չեն վերածվելու հակամարտությունների քննարկման հարթակի, այլ առավելապես կենտրոնանալու են համատեղ տնտեսական և զարգացման օրակարգերի վրա»,- Թեհրանում արձանագրել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Մեկնաբանություն
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ գործ ունենք հերթական հանդիպման հետ, դրա կազմակերպումը պայմանավորված չէ հատուկ իրադարձություններով։ Մյուս կողմից՝ չի բացառում, որ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ինչու ոչ, նաև Ադրբեջանը անհրաժեշտություն են ունեցել ճշգրտել միմյանց մոտեցումները ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, կարծիքներ փոխանակել տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ։
«Դա խոշոր հաշվով շրջանցում է Հայաստանի մասնակցությունը։ Թեև եթե շատ խոշոր, շատ լայն համատեքստով դիտարկենք, ապա ՀՀ շահերը ևս այստեղ որոշակիորեն շոշափվում են։ Լավ կլինի, որ ՀՀ-ն թեկուզ դիտորդի դերում, բայց ներկա լինի»,- նկատել է նա։
Ղևոնդյանի խոսքով՝ այս ձևաչափից Հայաստանի միակ ակնկալիքը պետք է լինի այն, որ որևէ կերպ հնարավոր չլինի «այլ ուղղություններով Երևանի դեմ օգտագործել ՀՀ մասնակցությունը», ասել, թե տարածաշրջանային հարցերի լուծման համար այլևս չկա «այլ դերակատարների ներկայության» կարիք․
«Հանդիպման մասնակիցները չպետք է կարողանան մեր մասնակցությունը փաթեթավորել որպես ՀՀ շահերի սահմանափակում, օրինակ՝ ներկայացնել, թե Հայաստանն այլևս ձևաչափի մեջ է, և կարիք չկա, որ հարցերը լուծվեն Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Փարիզում»։
Կանխատեսում է, որ իրավիճակն այս առումով կմնա անփոփոխ։ Ասում է՝ Երևանի համար ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը դուրս են այս ձևաչափից։ Հիշեցնում է՝ դրանք քննարկելու համար կան այլ ձևաչափեր և գործընթացներ և հավելում՝ դրանք ևս մեկ հարթակ տանելը «այնքան էլ շահավետ չէ Հայաստանի համար»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ներկա պահին «3+3» ձևաչափում չեն կարող քննարկվել և լուծվել «էական հարցեր»․
«Հետագայում, եթե ՌԴ-ում, Թուրքիայում և Ադրբեջանում այլ իշխող վերնախավ լինի, հասարակության այլ կաոուցվածք, գուցե ձևաչափը նշանակություն ունենա նաև ՀՀ համար»,- պարզաբանել է նա։
Այս պահին, ըստ Ղևոնդյանի, ձևաչափը Երևանին ինչ-որ բան տալ չի կարող։ Ասում է՝ մասնակցությունը կարելի է «արդարացնել մյուս մասնակից պետությունների հետ փոխհարաբերությունները չվատթարացնելով»։
Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ հնարավոր է, որ հանդիպումից հետո հրապարակվի դեկլարատիվ բնույթ ունեցող հերթական հայտարարությունը, ինչպես նախորդ անգամ։
«Հայտարարությունները, որոնք արվում են, այնքան ընդհանուր են, կոնկրետ լուծումներ չպահանջող դրույթներով, որ կարելի է ասել՝ հանդիպումն ընդամենը հանդիպման համար է։ Իհարկե, կենացների մակարդակի հայտարարություններ այս անգամ էլ կարող են լինել։ ՀՀ-ն կարող է դրանց միանալ, քանի որ կենացներից որևէ վնաս չկա»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«3+3» ձևաչափով երրորդ հանդիպումը