«3050 մահճակալ անընդհատ զբաղված է»․ COVID-19 ծայրահեղ լարված իրավիճակ Հայաստանում
Համաճարակային իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է։ Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է։ Առողջապահության ոլորտի պատասխանատուները նշում են, որ նման իրավիճակ չի եղել անգամ պատերազմի օրերին։
«3050 մահճակալ անընդհատ զբաղված է», — կառավարության՝ հոկտեմբերի 28-ի նիստում տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ COVID-19-ի «Դելտա» շտամը ագրեսիվ ընթացք է ունենում հատկապես հղիների մոտ․
«Ունենք հոսպիտալացված 122 հղի կին, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ, և թթվածնային կախյալ են»։
Հոկտեմբերի 29-ին գերատեսչությունը հրապարակել է նոր տվյալներ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ։ Համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում մահացել է 6232 քաղաքացի: Եվս 1288 մարդ մահացել է այլ հիվանդության պատճառով, բայց վարակված է եղել կորոնավիրուսով։
Հահաստանում քովիդ-պացիենտների սպասարկման համար մոբիլիզացվել է 27 բժշկական կենտրոն։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 31․090 պացիենտ:
Առողջապահական ոլորտի պատասխանատուները նշում են, որ այժմ հոսպիտալացնում են միայն թթվածնի կարիք ունեցող պացիենտներին։
«Ազատության» հետ զրույցում ԱՆ փոխնախարար Գևորգ Սիմոնյանն ասել է, որ թթվածնի կարիք ունեցող 200-ից ավելի հիվանդ բուժման իր հերթին սպասում է տանը։
Պաշտոնական տվյալներով՝ այս պահին Հայաստանն ունի թթվածին արտադրող 15-ից ավելի կայան, որից 8-ը ձեռք է բերել 2020 թվականին։ Անդադար աշխատելու պատճառով օրերս միանգամից 4 կայան էր վթարվել։ Խնդրի առաջ են կանգնել հատկապես մարզային հիվանդանոցները։ Ճգնաժամային իրավիճակից հաջողվել է դուրս գալ, բայց եթե հիվանդների թիվն ավելանա, խնդիրը նորից կարող է սրվել։
«Կարմիր գծի վրա ենք հիմա, միգուցե նաև հատել ենք, նույնիսկ պատերազմի ժամանակ նման իրավիճակ չի եղել», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱՆ փոխնախարարը։
Գերատեսչությունն այսօր առանձին հաղորդագրությամբ անդրադարձել է բուժկենտրոնների թթվածին մատակարարող կայանների աշխատանքին՝ նշելով, որ վերջին օրերին դրանք աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով։ Թեև խափանումները վերացվել են, բայց հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվը շարունակում է ավելանալ։
«Այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին միացել են նաև Ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որոնք 24 ժամ թթվածին կարտադրեն հիվանդանոցներին թթվածնով ապահովելու համար», — տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։