30 տարվա անորոշություն
«Նաիրի» հյուրանոցի 101 սենյակը լցված է կարի մեքենայի աղմուկով: 30-ամյա Լաուրա Անանյանը մի կողմից կար է անում, մյուս կողմից վազում լոգարանում եփող ճաշն անջատելու:
12 քմ մակերես ունեցող սենյակը կարի արհեստանոց է, ճաշասենյակ, հյուրասենյակ, ննջարան և միջանցք:
«Լոգարանը խոհանոց եմ սարքել, երկուսը մեկում անելով, թե չէ ճաշերի հոտերը կդիպչեն հաճախորդների զգեստներին, դերձակ եմ ու դրանով եմ երկու կոպեկ գումար վաստակում»,— ասում է 1988 թվականին Կիրովաբադից Հայաստան տեղափոխված Լաուրան, ով արդեն 30 տարի բնակվում է Երևանի «Նաիրի» հյուրանոցում:
Նա այն 360 հազար հայ փախստականներից մեկն է, ով 1988-1992 թթ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Ադրբեջանից ներգաղթեց Հայաստան:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է 1988 թվականից, և չնայած 1994 թվականին կնքվել է զինադադարի պայմանագիր, արդեն 25 տարի հայ—ադրբեջանական և ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում կրակոցները շարունակվում են, արդյունքում խլելով բազում մարդկային կյանքեր:
«Եկա մորս, տղայիս ու աղջկաս հետ: Մի քանի ամիս ապրեցինք Մեծամորում, հետո տեղափոխվեցինք ժամանակավոր այս կացարանը ու մնացինք ընդմիշտ: Երեխաներս տեղափոխվել են Ռուսաստան։ Մենակ եմ ապրում այս պայմաններում», — ասում է նա:
«Նաիրի» հյուրանոցը Երևանի ծայրամասում է գգտնվում, Նորք թաղամասի բարձունքում: Այստեղ ապրում են Ադրբեջանի տարբեր բնակավայրերից ներգաղթած 60 ընտանիք: Ըստ Միգրացիոն ծառայության տվյալների, նման ընտանիքների թիվը ամբողջ երկրում 882 է:
Ռիտա Սարգսյանը հյուրանոցի 707 սենյակի բնակիչներից է, ապրում է աղջկա հետ, Հայաստան է տեղափոխվել Բաքվից:
«Խոհանոցը ամառները, մինչև խոր աշուն պատշգամբում է, ձմեռները միջանցքում: Տեղ չկա: Փորձել ենք մեզ համար պայմաններ ստեղծել, բայց որքան ժամանակ դեռ պետք է սպասենք արժանապատիվ պայմաններում ապրելու հնարավորություն ունենալուն, չգիտեմ», — ասում է նա:
Սարգսյանը տարիներ շարունակ փախստականների բնակարանային հարցը պարեբարաբար բարձրացել է, նամակներ ու դիմումներ գրել Հայաստանի նախագահներին, վարչապետներին, պատասխանատու մարմիններին, բայց արդյունքի չի հասել։
«Հիմա ստորագրահավաք ենք կազմակերպել, նամակով դիմել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նոր իշխանությունների հետ հույսեր ենք կապում, մեզ լսում են, փորձում են մեր խնդրին լուծում տալ», — ասում է երկրորդ կարգի հաշմանդամ Ռիտա Սարգսյանը:
Սենյակների բնակիչները դժվարությամբ են տեղաշարժվում իրենց տներում: Ամենուր իրար վրա դարսված, մինչև առաստաղ հասնող պարկեր են, տուփեր, ճամպրուկներ: Նույն սենյակում են քնում ծնողները, երեխաները, տատիկ-պապիկները։
«Տղաս 14 տարեկան է, աղջիկս 4:Այստեղ մեծացել է իմ ամուսինը, հիմա իր երեխաներն են իր տարիքին արդեն: Հնարավոր չէ չորս հոգով ապրել, քնել, անհնար է, ես ու ամուսինս էստեղ, էդիտան մեր կողքը: Իմ խոհանոցը միջանցքում է», — ասում է 37-ամյա Մարինե Գրիգորյանը:
Պատմում է, որ իրենց երեխաներն անգամ խաղալու տեղ չունեն: Աղջկա՝ Էդիտայի, խաղալիքները մահճակալի ու սեղանի տակ են: Նրա խաղահրապարակն էլ հանրակացարանի միջանցքն է:
70-ամյա Օֆելյա Բարսեղյանը ծնվել ու մեծացել է Երևանում, 1973 թվականին ամուսնացել և տեղափոխվել է Բաքու։
«Միայնակ, երեք տղաներիս հետ այս սենյակում, այսօր արդեն երկրորդ սերունդն է մեծանում, ու դեռ չգիտենք հարցն ինչպես կլուծվի», — ասում է Օֆելյա Բարսեղյանը ցույց տալով սենյակի փլվող առաստաղը:
2004 թվականին Հայաստանի կառավարությունը առաջնահերթ բնակապահովման ծրագրի շրջանակներում բնակարաններով է ապահովել 700-ից ավելի ընտանիքների՝ հիմնականում մարզերում: Ադրբեջանի փախստականների վերջին հաշվառումը իրականացվել է 2013 թվականին:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշում է, որ նորից հաշվառում է իրականացվում հստակ թիվ ունենալու համար, որպեսզի առաջնային բնակապահովում իրականացվի:
«Նկատի ունենք այն մարդկանց, ովքեր Հայաստան գալուց հետո ժամանակավոր կացարան են ստացել հյուրանոցներում, դպրոցներում, հանարային նշանակության այլ օբյեկտներում և մինչ հիմա շարունակում են բնակվել այդտեղ», — ասում է Միգրացիոն ծառայության պետը:
Ըստ Ղազարյանի մարզերում առաջնային բնակապահովման կարիք ունեն 254 գրանցված ընտանիք, Երևանում՝ 680: Ընդհանուր առմամբ պահանջվում է 9 միլիարդ դրամի ֆինանսավորում (19 մլն դոլարի չափ), որպեսզի առաջնային բնակարանային խնդիր ունեցող փախստականների հարցը լուծվի: