Մի քանի հազար ադրբեջանցի է զոհվել Բաքվում ուղիղ հարյուր տարի առաջ
Մարտի 31-ին լրանում է Բաքվում տեղի ունեցած «մարտի կոտորածի» հարյուրամյա տարելիցը: 1998թ-ից այդ իրադարձություններն Ադրբեջանում պաշտոնապես կոչվում են «ադրբեջանցիների ցեղասպանություն»:
1918թ-ի մարտի 31-ին Բաքվում սպանվել է, ըստ տարբեր գնահատականների, 3-ից 12 հազար խաղաղ բնակիչ՝ հիմնականում ադրբեջանցիներ: Աղբյուրների մեծ մասը համակարծիք է, որ նրանք հիմնականում «մուսուլմաններ» են եղել, ինչպես այն ժամանակ անվանում էին ադրբեջանցիներին:
Խորհրդային պատմագրությունը պնդում է, որ 1918թ-ի մարտ-ապրիլի իրադարձությունները քաղաքացիական պատերազմի մարտեր էին նախկին Ռուսական կայսրության տարածքում, որոնք տևել են 1918-ից մինչև 1922թթ-ը:
Վահան Մելիքյանը պատրաստվում է լույս ընծայել իր գիրքը, որում անդրադարձ է արվում 1918թ-ի մարտյան իրադարձություններին: Գիրքը դեռևս համացանցում չկա, սակայն հեղինակը JAMnews-ին հնարավորություն է տվել որոշ կրճատումներով հրապարակել դրա նախաբանը:
Այդ իրադարձությունների ուսումնասիրությունը դժվարանում է մի քանի գործոնի պատճառով: Առաջին հերթին, աղբյուրների տեղեկատվությունը հաճախ տարբերվում է իրարից, այնպես որ, միևնույն իրադարձության մի քանի վարկած է ստացվում, և այդ վարկածները հաճախ հակասում են միմյանց: Երկրորդ հերթին, աղբյուրները տարբեր կերպ են մեկնաբանում իրադարձությունները:
Երրորդ հերթին, Բաքվի քաղաքական կյանքում 1918թ-ին ամեն ինչ այդքան հեշտ չէր. այնքան կուսակցություններ, շարժումներ, էթնիկ խմբեր կային, որ հաճախ դժվար էր որոշակիորեն ասել, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել հայերի և ադրբեջանցիների կամ ինչ-որ երկու կուսակցությունների միջև. յուրաքանչյուր կուսակցության ներսում կարող էին լինել տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ, իսկ էթնիկ խմբի ներսում՝ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ:
Առանձին խումբ էին կազմում կարևոր հասարակական ֆիգուրները, կրոնական կամ արհեստակցական միությունները. այդ ամենը միասին կազմում էր այն ժամանակվա Բաքվի յուրօրինակ խճանկարը:
Քաղաքական համատեքստը Բաքվում 1918թ-ին
Մինչև 1918թ-ն Ադրբեջանն 90 տարի գտնվում էր Ռուսական կայսրության կազմում: Եվ երբ 1917թ-ի նոյեմբերին Ռուսաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, և իշխանության եկան բոլշևիկներն, Ադրբեջանում «իշխանության որոշակի վակուում» առաջացավ:
Իրականում դա նշանակում էր միանգամից մի քանի իշխանությունների և իշխանության հասնելու հավակնություններ ունեցող խմբերի մրցակցություն:
Փաստացի երկու իշխանական կառույց կար: Դրանցից մեկը կոչվում էր «Բանվորների, զինվորների և նավաստիների պատգամավորների Բաքվի խորհուրդ», որն ուներ Գործադիր կոմիտե, կամ, ինչպես այն բոլորն էին անվանում, «Գործկոմը» որպես գործադիր մարմին, և այն տեղակայված էր Բաքվում: Մյուսը կոչվում էր «Անդրկովկասյան սեյմ», և դրա կենտրոնը գտնվում էր Թիֆլիսում, ինչպես այն ժամանակ անվանում էին ներկայիս Թբիլիսին:
Էթնիկ համայնքներին ներկայացնում էին երկու կոմիտե, դրանք նման էին ավագանիների. Բաքվի հայկական բնակչությունը ենթարկվում էր Հայ ազգային կոմիտեին, իսկ մուսուլմանները՝ Մուսուլմանական հասարակական կազմակերպությունների Բաքվի կոմիտեին:
Միաժամանակ շատ ազդեցիկ էր Բաքվում նաև հայկական «Դաշնակցություն» կուսակցությունը [հայկական ազգային կուսակցություն — JAMnews]: Մուսուլմանների շրջանում, իր հերթին, շատ հայտնի էր «Մուսավաթ» («Հավասարություն») կուսակցությունը, որը պայքարում էր խորհրդային Ռուսաստանին Ադրբեջանի ենթարկվելու դեմ:
Քաղաքական ճգնաժանը ստեղծվել էր ոչ միայն այս բոլոր (և մի քանի այլ) կուսակցությունների և կազմակերպությունների առկայության պատճառով, այլ, առաջին հերթին, այն պատճառով, որ դրանք բոլորն ակտիվորեն պայքարում էին յուրաքանչյուր իշխանական կառույցի ներսում ազդեցություն ձեռք բերելու համար:
Ամեն ինչ սկսվեց «ռուսական ռուլետկայից»
Քաղաքականից բացի Բաքվում նաև պարենային ճգնաժամ սկսվեց: Սնունդը չէր հերիքում, քաղաքում լարվածությունն աճում էր, և լուրեր էին պտտվում, որ ամբողջ պարենը «քրիստոնյա զինվորականներին է բաժին ընկնում»:
Ավարատվում էր առաջին համաշխարհային պատերազմը, ռուսական կայսրության բանակի զորքերը վերադառնում էին ճակատից, այդ թվում, Բաքվի նավահանգստով: Այդ պատճառով 2018 թ. գարնանը շատ ռուս և հայ զինվորներ էին գտնվում Բաքվում [Ռուսաստանի կայսրությունում մահմեդականները չէւն զորակոչվում`JAMnews]:
Բաքվում այդ օրերին ճակատից վերադարձող զորքեր կային՝ Ռուսական կայսրության նախկին բանակը՝ ռուսներն ու հայերը: Մուսուլմաններին սկզբունքորեն չէր կարելի ծառայել ռուսական բանակում, նրանց չէին զորակոչում: Մուսուլման զինվորականներն՝ այսպես կոչված «վայրի դիվիզիան», կամավորներ էին և նույնպես մասնակցել էին Առաջին աշխարհամարտին: «Վայրի դիվիզիայի» 120 հոգանոց ջոկատը տեղակայվել էր երկրի հարավում՝ Լենքորան քաղաքում:
Սպաների թվում էին ադրբեջանցի խոշոր արդյունաբերողների երեխաները: Նրանք նոր էին Լենքորանից վռնդել ռուս բոլշևիկներին: Սպաները ձանձրանում էին: Եվ ահա նրանք հիշում են «ռուսական ռուլետկայի» մասին:
Ատրճանակը լիցքավորվում է մեկ փամփուշտով, որից հետո թմբուկը մի քանի անգամ պտտեցվում է այնպես, որ խաղացողները չիմանան, թե որտեղ է փամփուշտը: Դրանից հետո խաղացողները հերթով բախտն են փորձում՝ կրակելով իրենց գլխին:
Երկրի խոշորագույն արդյունաբերողներից մեկի՝ Հաջի Զեյնալաբդին Թագիևի որդի Մամեդի բախտն այդ ժամանակ չէր բերել:
Հաջորդ օրը մուսուլմանական դիվիզիայի 15-20 սպա «Էվելինա» շոգենավով Բաքու են մեկնում Մամեդ Թագիևին հայրենի հողում թաղելու համար:
Թաղումից 3 օր անց՝ մարտի 29-ին սպաները որոշում են Լենքորան վերադառնալ: Կառատույցում նրանք պատահականորեն հանդիպում են բոլշևիկների ջոկատին: Այնտեղ ոմն Շևկունով է լինում, որին դրանից երկու շաբաթ առաջ «մուսուլմանական դիվիզիան» ստիպել էր փախչել Լենքորանից:
Նա սպաների մեջ ճանաչում է իրեն նեղացնողներին, և ընդհարում է տեղի ունենում, որից հետո սպաներին թույլ չեն տալիս մեկնել: Նրանք գնում են Գործադիր կոմիտե պարզելու, թե պատճառը որն է, և այդ ժամանակ նրանց գնդակահարում են: Սպաներին զինաթափում են:
Մուսուլմանները բողոքում են
Դրանից հետո Բաքվում սկսվում են մուսուլման բնակչության ցույցերը. մարդիկ պահանջում էին «մուսուլմանական դիվիզիայի» սպաներին վերադարձնել զենքը:
Մարտի 30-ի առավոտյան ժամը 9-ի կողմերը Բաքվի բոլոր շուկաները փակվել էին, մուսուլմաններն ու հայերն իրենց թաղամասերի շուրջ սկսում են խրամատներ փորել: Քաղաքում զինված պարեկներ են հայտնվում: Չնայած դրան՝ երկու կողմերը փորձում են հարցին խաղաղ լուծում տալ: Բանակցություններ են վարվում Բաքխորհրդի Գործկոմի և մուսուլման պատվիրակների միջև:
Հաջողվում է մուսուլմաններին զենք վերադարձնելու պլան մշակել, որին կողմ են արտահայտվում նաև հայկական համայնքի ներկայացուցիչները:
Չնայած բոլոր ճիգերին՝ Բաքվում գրեթե միանգամից հրաձգություն է սկսվում:
Ո՞վ առաջինը սկսեց
Երեկոյան 5-ի մոտ Բաքվի ծայրամասերում անսպասելիորեն կրակոցներ հնչեցին, և մեկ ժամվա ընթացքում մարտերը համակեցին ամբողջ քաղաքը: Դրանք ընթանում էին մուսուլմանական և հայկական թաղամասերի սահմանների երկայնքով:
Այն ժամանակվա խոշորագույն մուսուլման գործիչներից մեկը՝ Անդրկովկասի մուսուլմանական ազգային խորհրդի ղեկավար Ալի-Մարդան Թոփչիբաշևը հիշում էր, որ քաղաքում նա առաջին կրակոցները լսել էր մարտի 30-ի երեկոյան ժամը 17-17.30-ի սահմաններում:
Ականատեսների վկայություններն այն մասին, թե ով է առաջնը սկսել կրակել, արմատապես տարբերվում են: Բոլոր կողմերը միմյանց են մեղադրում:
Ականատեսների մեծ մասն այն կարիծիքին է, որ հրաձգությունը շարունակվել է ողջ գիշեր: Բոլշևիկները կրակում էին այն տների ուղղությամբ, որտեղ թաքնվում էին «մուսավաթականները»: Նրանք պատասխանում էին: Հաջորդ առավոտյան բոլշևիկներին են միանում դաշնակները, և այն, ինչ բոլշևիկները մարտեր էին անվանում, սկսում է կրել ազգային հատկանիշով սպանդի բնույթ:
Հրաձգությունը դադարեցնելու քաղաքական առաջնորդների փորձերն ապարդյուն էին: Հանդիպումները ձախողվում էին, քանի որ պատվիրակները չէին կարողանում հանդիպման վայր հասնել մշտական կրակոցների պատճառով:
Հրաձգության մեկնարկից մեկ օր անց քաղաքում իրավիճակն արդեն չէին վերահսկում նույնիսկ բոլշևիկները:
Մարտերի մեկնարկից անմիջապես հետո Բաքխորհրդի Գործկոմը Հեղափոխական պաշտպանության կոմիտե է ստեղծում և մարտերի ժամանակահատվածում իշխանությունը փոխանցվում է նրան: Դրա կազմում էին Բաքվի խորհրդում ներկայացված առանցքային կուսակցությունների առաջնորդները: Այն գլխավորում է բոլշևիկ Ստեփան Շահումյանը:
Ապրիլի 1-ին Թոփչիբաշևը, որը փաստացի ներկայացնում էր մուսուլմանական համայնքը, հաջողացնում է հեռախոսով խոսել Շահումյանի հետ: Նրանցից պահանջում են մուսուլմաններից կազմված խաղաղ պատվիրակություն արագ կազմավորել: Մինչև ցերեկը ժամը 12-ը ժամանակ է տրվում Գործկոմի շենք հասնելու համար: Քաղաքում տեղի ունեցող դեպքերի պատճառով հասնում են միայն երեկոյան 5-ին: Նիստը բացվում է 5:30:
Այն բացում է բոլշևիկ Պրոկոֆի Ջափարիձեն՝ Բաքխորհրդի նախագահը.
«Ես երբեք այս ձևով և այս իրավիճակում ստիպված չեմ եղել ժողով հրավիրել: Սակայն ստիպված եմ համակերպվել փաստի հետ: Այս պատերազմը մենք չենք սկսել: Մենք ստիպված էինք ընդունել մեզ նետված մարտահրավերը, քանի որ չէինք կարող համաձայնել Խորհրդային իշխանության տապալման հետ»:
Այնուհետև կարդում են Խորհրդային իշխանության վերջնագիրը.
- Ճանաչել խորհրդային իշխանությունը,
- քաղաքից դուրս բերել և մուսուլմանական, և հայկական զորամասերը,
- տարածաշրջանում երկաթուղու աշխատանքների վերականգնման համար միջոցներ ձեռնարկել:
Մուսուլման առաջնորդներն ընդունում են այդ պայմանները:
Ժողովին մասնակցածներից ընտրվում է 5-հոգանոց բազմազգ պատվիրակություն: Նրանք սպիտակ դրոշով քաղաք են մեկնում, որպեսզի հաղորդեն ձեռք բերված խաղաղության մասին: Սակայն չեն հասցնում դա անել: Նրանց գնդակահարում են, և այդպես էլ չի պարզվում, թե ով է դա արել: Կենդանի է մնում այդ խմբի միայն մեկ մասնակից՝ Հաջի Մոլլա Ջավադը:
Ապրիլի 1-ի երեկոյան իրավիճակը վատթարանում է: Դաշնակները քաղաքում լուրեր են տարածում, թե իբր քաղաքի հին հատվածում՝ Իչերիշեհերում մուսուլմանները թալանում և սպանում են ռուսներին:
Այդ լուրերին ի պատասխան Կասպյան նավատորմի ռուս նավաստիները, որը գտնվում էր Բաքվի նավահանգստում դեռևս Ռուսական կայսրության ժամանակներից, կրակ են բացում Իչերիշեհերի ուղղությամբ: Հետո նրանք որոշում են այնուամենայնիվ պատվիրակություն ուղարկել այնտեղ: Պատվիրակությունը համոզվում է, որ «240 քրիստոնյա տղամարդ, կին և երեխա (այդ թվում՝ բազմաթիվ հայեր) գտվում են…անվտանգության մեջ»:
Երեք ժամ անց, սակայն, նրանք ստիպված են լինում վերադառնալ, քանի որ նոր հաղորդագրություններ են ստացվում, թե «իբր Ամրոցից իրենց հեռանալուց հետո մուսուլմանները կոտորել են բոլոր քրիստոնյաներին»:
Պատվիրակությունը կրկին համոզվում է, որ քրիստոնյաներին ոչինչ չի սպառնում և բոլոր խոսակցությունները դադարեցնելու համար ամրոցի մուտքի մոտ 20 նավաստի է կանգնեցվում:
Հաջորդ օրը՝ ապրիլի 2-ին, քաղաքը սկսում է ուշքի գալ: Փողոցներից սկսում են հավաքել դիերը, զննել այրված շենքերը:
Պարսիկ հյուպատոս Մոհամեդ Սայիդ Մարագային իր հիշողություններում գրում էր, որ միայն ինքն իր մարդկանցով փողոցներից և բակերից հավաքել է ավելի քան 5 հազար մուսուլմանի մարմին:
Հետևանքները
Այդ իրադարձությունների հետևանքները իրադարձությունների տարբեր մասնակիցներ տարբեր կերպ էին նկարագրում:
Բոլշևիկ Ստեփան Շահումյանը գրում էր.
«Մարտերի արդյունքները մեզ համար փայլուն են: Հակառակորդն ամբողջապես ջախջախվեց: Մենք նրանց պայմաններ թելադրեցինք, որոնք առանց առարկության ստորագրվեցին: Սպանվածները երկու կողմից էլ մոտ երեք հազար հոգի են… [Դաշնակների զորքերի] մասնակցությունը քաղաքացիական պատերազմին մասամբ ազգային ջարդերի բնույթ հաղորդեց, սակայն դրանից հնարավոր չէր խուսափել: Մենք գիտակցաբար էինք դրան գնում: Մուսուլմանական աղքատ զանգվածն ուժեղ տուժեց, սակայն այն այժմ համախմբվում է բոլշևիկների և Խորհրդի շուրջ»:
«Մուսավաթ» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Մամեդ Էմին Ռասուլզադեն, արամտապես այլ իրավիճակ էր տեսնում.
«Անդրկովկասին վտանգ է սպառնում ոչ թե հարավից, որտեղ թուրքական զորքերն են, այլ Հյուսիսից: Մեզ վրա այնտեղից են հարձակվում հրով ու թրով… Պետք է բոլոր միջոցներով դեմ դուրս գալ բոլշևիկներին, հյուսիսի գրոհին»:
Բաքվում Մեծ Բրիտանիայի հյուպատոս Ռոնալդ Մաքդոնելը գրում էր.
«Ժամանակին ես ցույց էի անում Հայ ազգային խորհրդի առջև և հիմա էլ պնդում եմ, որ նրանք իրենց պատմության մեջ ամենամեծ սխալը թույլ տվեցին, երբ աջակցեցին բոլշևիկներին՝ ընդդդեմ մուսուլմանների: Այդ քաղաքականության համար ամբողջ մեղքը պետք է դնել «Դաշնակցություն» հայկական քաղաքական կազմակերպության վրա»:
Բաքվում Պարսկաստանի հյուպատոս Մոհամեդ Սայեդ Վեզարե Մարագեին այդ իրադարձությունները որակել է որպես տեղական մուսուլման բնակչության ազգային կոտորած, որը սադրել էին հայկական զինված ուժերը:
Այս բոլոր իրադարձությունները հանգեցրին Բաքվում բոլշևիկների դիրքերի ուժեղացմանը, ինչը նրանց թույլ տվեց երեք շաբաթ անց ստեղծել Բաքվի կոմունան և բաքվում Խորհրդային Ռուսաստանի քաղաքականությունն իրականացնել:
Սակայն մարտի կոտորածը նրանց նաև վատ ծառայություն մատուցեց. նրանք զրկվեցին շրջանների աջակցությունից: