270 հա արոտավայր և 150 հա խոտհարք է այրվել Գեղարքունիքի սահմանային գյուղերում
Վերջին օրերին մեկը մյուսի հետևից հրդեհներ են բռնկվում Գեղարքունիքի մարզի սահմանային Կութ, Ազատ, Սոթք և Նորաբակ գյուղերում։
«Ադրբեջանցի զինծառայողներն են դիտավորյալ հրդեհում հայ բնակիչների խոտհարքերն ու արոտավայրերը՝ նրանց ապրուստի միջոցից զրկելու նպատակով», — ահազանգում է ՄԻՊ Արման Թաթոյանը։
Պաշտպանի գրասենյակը փաստահավաք աշխատանք է իրականացրել և պարզել, որ օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ և Սոթք գյուղերում այրվել է՝
• Կութում՝ 150 հա արոտավայր և 60 հա խոտհարք,
• Ազատում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք,
• Սոթքում՝ 80 հա արոտավայր և 70 հա խոտհարք,
• Նորաբակում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք:
Գյուղերի բնակիչները հրդեհների արդյունքում զրկվել են նաև խոտից, որ պաշարել էին ձմռան համար։ Կութ գյուղի բնակիչներից մեկն, օրինակ, տեղեկացրել է, որ ոչնչացվել է իր հավաքած 500 հակ խոտը։
«Ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհները Գեղարքունիքի մարզում մինչ օրս մարել չի հաջողվում, իսկ եղանակային պայմաններն էլ ավելի են նպաստում հրդեհների տարածմանը», — տեղեկանում ենք պաշտպանի գրասենյակից։
Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնում է, որ հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով․ ելնելով ռելիեֆային պայմանների բարդությունից՝ հրշեջ մեքենաները կայանում են հրդեհից 200-600 մետր հեռավորության վրա:
«Մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված են նաև ձեռքով մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներն առաջացնում են հրդեհների նոր օջախներ», — գրում է Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը տեղի ունեցածը որակում է որպես դիվերսիոն և ահաբեկչական արարք ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ, քանի որ հրդեհները վտանգ են ներկայացնում ոչ միայն մարդկանց սեփականության, այլև կյանքի համար։
Բացի այդ՝ այս համայնքների բնակիչները զրկվել են ապրուստի միջոցից, ինչը նպաստելու է նրանց սոցիալական խնդիրների ավելացմանը: