26 տարի անորոշության ու անհայտության արանքում
Պատահե՞լ է, որ մի քանի րոպե, օր կամ շաբաթ տեղեկություն չունենաք ձեր հարազատ մարդու մասին: Հիշո՞ւմ եք, ինչ եք զգացել․ անհամբերությու՞ն, անհանգստությու՞ն, տագնա՞պ:
Հայաստանում ենք․ Սևանա լճի ափին զուգահեռ ճանապարհով շարժվում ենք դեպի Ճամբարակ: Արև կա, բայց օդը սառն է` լեռնային կլիմա է:
Հեռախոսով Արմինե Արամյանը տան տեղն է բացատրում: Մեզ դիմավորում է նրա եղբայրը` Արամը, որդու` Մաքսիմի հետ: Մանկահասակ երեխան ժպտում է, բարևում: Նա 4 տարեկան է, կրում է հորեղբոր անունը, ով արդեն 26 տարի անհայտ կորած է համարվում:
Տանը մեզ դիմավորում են Արմինեն և Արամի կինը` Իրինան, դուստրը՝ Սոնյան:
Արմինեն եղբոր ընտանիքի հետ արդեն 26 տարի ապրում է Ճամբարակում, բուժքույր է:
Նա 1992-ին 16 տարեկան էր` եղբոր վերադարձին սպասելով այդպես էլ չի ամուսնացել.
«Ամենքի մեջ ես եղբորս էի տեսնում, չէի կարողանում ուրիշ ձևով, ուրիշ աչքերով նայեմ, մտածեմ վերջ, ես իմը ունենամ: Չէի կարողանում ու էլի էդպես ուշացավ»:
Եղբոր և քրոջ երեխաներն իր մխիթարանքն են։ Մեծ քրոջ երեխաներն արդեն ամուսնացած են, «թոռների ենք սպասում», — ասում է Արմինեն:
Ճամբարակում Արամյանները և արծվաշենցի մյուս ընտանիքները հաստատվել են 1992-ի օգոստոսից, երբ Ադրբեջանի տարածքում գտնվող Խորհրդային Հայատանի էքսկլավ Արծվաշենը թեժ պայքարից հետո անցավ հարևան երկրի վերահսկողության ներքո: Գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ 5 արծվաշենցի անհայտ կորավ, նրանցից մեկն էլ Մաքսիմ Արամյանն է:
Արմինեի եղբայրը՝ Մաքսիմը ծնվել է 1971 թ-ին: Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Սովետական բանակում` Չեխոսլովակիայում: Ընտանիքի անդամներն ասում են, իր պլաններից շատ չէր պատմում, միայն գիտեին, որ ծառայությունը շարունակելու առաջարկ ուներ: 1992-ի դեկտեմբերին գյուղ վերադառնալուց հետո տեսնում է, որ լարվածություն կա ու մնում է: Նույն տարվա օգոստոսին տեղի են ունենում Արծվաշենի հետ կապված դեպքերը։
«Մենք հինգ երեխա էինք։ Մեր միջնեկ եղբայրն էր Մաքսը: Բոլորիս հետ ընկեր էր»,- պատմում է Արմինեն ու բացում նկարների ալբոմը: Առաջին նկարում մայրն է.
«Կյանքը սկսվում է մորիցս, ալբոլմն էլ», — բացատրում է Արմինեն: Հաջորդող նկարները սև ու սպիտակ են: Դրանցում պատկերված երեխաներն արդեն միջին տարիքի են: Նկարներում նրանք Մաքսիմի հետ են, Մաքսիմը բանակում է…
Արմինեն մինչ օրս փայփայում է Արծվաշենի իրենց տնից պահպանված մեկ այլ բան․ փոքր ճամպրուկում կոկիկ ծալված, տեղավորված են Մաքսիմի շորերը՝ սպիտակ, արդեն մի քիչ խունացած վերնաշապիկը, հորաքրոջ գործած ժիլետը, սպիտակ բլուզը… Սրանք հենց այն շորերն են, որ հասցրել էին գնել բանակից նոր եկած տղայի համար:
«Սպիտակը նրա սիրած գույնն էր», — ասում է Արմինեն։
1992-ի օգոստոսի սկզբներին մի քանի օրվա ընթացքում արծվաշենցիները դուրս են բերվում գյուղից՝ իրենց հետ գրեթե ոչինչ չվերցնելով: Նրանց մեծ մասը հաստատվում է Ճամբարակում` մի գյուղում, որտեղ ժամանակին մեծ թվով մոլոկաններ էին ապրում։ Մինչ օրս էլ արծվաշենցիները բնակվում են մոլոկանների տներում։ 26 տարի անց կարոտով հիշում են իրենց գյուղը: Պատմում են, որ այն հարուստ գյուղ էր` եղանակը, ի տարբերություն Ճամբարակի, գյուղտնտեսության համար նպաստավոր էր: Այնտեղ գործարաններ էին աշխատում, իսկ Հայգորգն ու դրա արտադրած գորգերը Արծվաշենի այցեքարտն էին:
Արմինեն շատ լավ հիշում է հեռախոսով եղբոր հետ ունեցած վերջին զրույցը: Այդ տարի ծննդյան օրվա առթիվ եղբայրն իրեն ականջօղ էր նվիրել: Ինքն արդեն Ճամբարակում էր, Մաքսիմը` Արծվաշենում.
«Մայիսի կեսին նոր մի անգամ զանգեց, խոսեցինք: Մեծ եղբորս հետ էր ուզում խոսել: Մինչև կգար, հետը խոսում էի, թե ապրես, շատ լավն են օղերը, շատ դուրս եկավ: Ինքն էլ ասեց, թե քուրս, ուրախ եմ, որ դուրդ եկավ: Ու էլի բաներ եմ ուզում ասել, բայց սիրտս լցվեց ու էլ չկարողացա շարունակել: Մեկ էլ մեծ ախպերս եկավ։ Դա վերջին անգամն էր, որ իր հետ խոսել եմ` 92-ի մայիսի 18-ին»:
Վարդան Չիլիգարյանը Մաքսիմի հետ միաին մասնակցել է Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերին, կազմակերպել բնակիչների` կանանց ծերերի ու երեխաերի տեղափոխումը:
«Իրենց ընտանիքից Մաքսիմն էր մնացել, մեր ընտանիքից՝ ես: Մաքսոն բանակից եկած տղա էր, թափով», — հիշում է Վարդանը:
«Գյուղը որ հաձնել են, սաղս դուրս ենք եկել ու մի մասս նորից ենք գնացել, էն մտածելով, թե խի պիտի մեր գյուղը հանձնենք: Ով հասել ա, ով չի հասել: Մաքսոն առաջիններից ա հասել, մնացել ա ընդեղ: Կալցոն որ սեղմվել ա, ով ներսն ա մնացել, ով`դուրսը: Ոչ մեկս չի կարա ասի, թե ինչ ա եղել իր հետ, ոչ ոք իր մոտ չի եղել»,- պատմում է Վարդան Չիլինգարյանը:
Ընտանիքի անդամները պատմում են, որ այս դեպքերից օրեր անց լուրեր էին ստանում, թե Արծվաշենից մարդիկ են վերադարձել` վիրավոր, վնասվածքներով:
«Ամենավերջինը 24 օր հետո է դուրս եկել: Ասում էին սպասում են մութը տա, որ կարողանան անցնել: Մենք էլ սպասում էինք, որ հեսա մեր տղեն էլ` Մաքսն էլ դուրս կգա», — հիշում է Արմինեն:
Գյուղից տեղահանությունը և եղբոր կարգավիճակի անորոշությունը իրենց ազդեցությունն են ունեցել ընտանիքի անդամների ճակատագրերի վրա։ Արամը՝ Արմինեի մյուս եղբայրը բավականին ուշ է ընտանիք կազմել, քանի որ ստիպված է եղել ընտանիքի սոցիալական խնդիրները հոգալ՝ արտագնա աշխատանքով։
Այս 26 տարվա ընթացքում ընտանիքը ժամանակ առ ժամանակ լուրեր է ստացել եղբոր հետ կապված: Մեկն օրինակ 1994-ին է եղել: Ղարաբաղից մարդիկ են եղել Ճամբարակ:
«Էդ ժամանակ հայաթում գործ էինք անում, ես էի, Հովսեփն էր, հետո մաման եկավ: Հենց սկզբից ինձ ցույց տվեցին, ասեցին իրեն շատ ա նման, երևի իր ախպերն ա: Հետո նկարն ուզեցին, նայեցին: Հա, մենք էս տղուն տեսել ենք` քիթն ու ականջը կտրած Մարտակերտի Դրմբոն գյուղում: Հետո հետաքրքրվեցինք, մարդիկ կային էնտեղ, հետաքրքրվեցին, ասեցին տենց բան չկա, չի լսվել», — պատմում է Մաքսի կրտսեր եղբայրը՝ 41-ամյա Արամը։
«Ինչքան էլ բարձր չենք ասում, բայց ներքին մի հույս ու հավատ կա, որ սպասում ենք… Ինչ-որ ձևով թեկուզ կոնկրետ օր ասեն կամ ասեն էսինչ տեղում ա ձեր տղեն մնացել, չենք կարող դիակը բերել, բայց հավաստի հաստատ ասում ենք, որ մի սպասեք: Գոնե բառերը լսենք: Գիտես, ամեն ինչ իր տեղն ունի, մարդ ենք, պատերազմ ա, դառն ա իր հետևանքերը, բայց որ տեսնում ես, ինքդ քո ձեռքով հանձնում ես հողին, դա ուրիշ ա, իսկ որ չես տեսնում, արդեն դժվար ա: Մինչև չտեսնես` չես համոզվի: Դա ա, որ անընդհատ սպասում ես, սպասողական ա»,- ասում է Արամ Արամյանը:
Արմինեն ասում է, արծվաշենցիները մինչև հիմա Ճամբարակը լիարժեք իրենցը չեն համարում, բայց այն ներկայում իրենց տունն է: Ոչինչ անել չեն կարող, մնում է հարմարվել ու շարունակել ապրել: