Հայաստանը 250 մլն դոլարի վարկ կներգրավվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման համար
250 մլն դոլարի վարկ արցախցիների բնակապահովման համար
Հայաստանն Ասիական զարգացման բանկից 250 մլն դոլար վարկային միջոցներ կներգրավի։ Գումարն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար իրականացվող բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ֆինանսավորմանը։
Ծրագիրն իրականացվում է 2024 թ․-ից։ Նախորդ տարի արցախցիների բնակապահովման նպատակին կառավարությունն ուղղել է 65 մլրդ դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի փոխանցմամբ՝ 2025 թ․-ին այն կգերազանցի 40 մլրդ դրամը։
2023 թ․-ի սեպտեմբերին ԼՂ-ում համարյա 10-ամսյա շրջափակաման, ապա ռազմական գործողությունների հետևանքով տեղի ունեցավ էթնիկ զտում։ Շուրջ 120 հազար հայեր տեղահանվեցին իրենց բնօրրանից։ Մինչ օրս ՀՀ քաղաքացիություն է ստացել 26․233 անձ։ Դա պարտադիր պայման է պետական աջակցության ծրագրի շահառու դառնալու համար։
«Քաղաքացիության համար դիմած և դեռևս մշակման փուլում գտնվող քաղաքացիների թիվը կազմում է 6696 անձ»,- ԱԺ արտահերթ նիստում տեղեկացրել է Դավիթ Խաչատրյանը։
- Փաշինյանն առաջարկում է փակել արցախցիների վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները
- «Զիջումներ պատերազմի հետաձգման դիմա՞ց»․ ԼՂ-ի բանակցային ժառանգությունը
- 44-օրյա պատերազմի մասին զեկույցը բաց ռեժիմով չի քննարկվի. ինչի՞ց է խուսափում ՀՀ իշխանությունը
Նպատակը տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն աջակցելն է
Օրենքի նախագծի նպատակը Հայաստանում կայուն, դիմացկուն և ներառական բնակարանային համակարգ զարգացնելն է՝ աջակցելով «փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և բարեկեցությանը»։
«Ծրագիրը նպատակաուղղված է բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանը և դրա իրականացման գործընթացների կատարելագործմանը»,- ասված է նախագծի փորձաքննական եզրակացության մեջ։
Խորհրդարանի արտահերթ նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է՝ ֆինանսական միջոցները տրամադրվելու են ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակում։ Խոսքը 250 մլն դոլարի մասին է։
Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) բացի դրամական միջոցներ է հատկացնելու նաև «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամը» (Global concessional financing facility)։ Դրանք նույնպես կառավարելու է ԱԶԲ-ն։
«Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցներն էլ կազմում են 16 մլն 450 հազար դոլար, որն ուղղված է լինելու վարկային ծրագրի համաֆինանսավորմանը»,- մանրամասնել է Խաչատրյանը։
Օրենքի նախագծի համաձայն՝ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2030 թ․-ի դեկտեմբերի 31-ն է։ Վարկը տրամադրվում է 27 տարի ժամկետով, առաջին 10 տարին սահմանված է որպես «արտոնյալ ժամկետ»։
Տեղահանված 3810 ընտանիք հավաստագիր ունի, 1631-ն արդեն տուն է ձեռք բերել
Դեռևւս 2024 թ․-ից իրականացվող բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիները մի շարք պայմանների բավարարելու պարագայում դիմում են, ստանում բնակարանի գնման հավաստագրեր։
Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրի իրականացման արդյունքում բնակարանով կապահովվի շուրջ 25.000 ընտանիք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա մոտ 2 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր է։
Աջակցությունը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով, յուրաքանչյուրին տրվում է 3-5 մլն դրամ՝ կախված բնակավայրից, որտեղ ուզում են անշարժ գույք ձեռք բերել։
«Այսօրվա դրությամբ 3810 ընտանիք դիմել ու ստացել է բնակարանի հավաստագիր, նրանցից 1631-ը ձեռք է բերել տուն»,- հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Ասիական զարգացման բանկից ներգրավվող միջոցներով գործադիրը նախատեսում է «ապահովել շուրջ 109․000 էթնիկ հայ փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
250 մլն դոլարի վարկ արցախցիների բնակապահովման համար