25 տարվա պայքար
Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել ու մնում են իշխանությունը փոխելու իրավունքի սահմանափակումները: Մարդու իրավունքները զանգվածաբար խախտվել, ոտնահարվել են քաղաքական գործընթացների, մասնավորապես՝ ընտրական պրոցեսի, հետընտրական զարգացումների արդյունքում:
Այս կարծիքին են Հայաստանում գործող իրավապաշտպաններն ու այս մասին են վկայում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարեկան զեկույցները:
Ինչո՞ւ չեն ընկերանում մարդու իրավունքներն ու քաղաքականությունը
Սահմանադրությամբ քաղաքացիները խաղաղ ճանապարհով իշխանափոխություն կատարելու իրավունք ունեն, սակայն այս իրավունքը գործնականում սահմանափակվել է ընտրություններում տեղ գտած շարունակական բացթողումների հետևանքով: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը համոզված է.
«Հայաստանում մարդու իրավունքների ոչ բավարար լինելու հիմնական պատճառն այն է, որ դատական համակարգն անկախ չէ: Իշխանության տարանջատում մեզանում չկա, դատական համակարգը գտնվում է հանրապետության նախագահի տիրապետության տակ: Նման պայմաններում, երբ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազը, դատավորները ենթարկվում են նախագահին, չի կարող խոսք լինել արդարադատության մասին»:
Իրավապաշտպանը չի հիշում մի հետընտրական շրջան, երբ քաղաքացիները, ընդդիմադիր քաղաքական ուժերը բողոքի ձայն չբարձրացնեին ընտրակեղծարարության վերաբերյալ ու իրենց քվեն պահելու համար դուրս եկած չլինեին փողոց.
«Ամենաառաջին զանգվածային բողոքի ալիքն այս առումով բարձրացավ 1996թ.-ին: Մարդիկ զայրացած դուրս եկան փողոց, մի քանի օր անց գրոհեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Տեղի ունեցավ ընդհարում, զորք մտցվեց քաղաք, երկրապահները կրակեցին ժողովրդի վրա: Սա առաջին մեծ բողոքի ալիքն էր:
2008թ.-ին էլ ժողովուրդը դուրս էր եկել Ազատության հրապարակ՝ պահանջելով կեղծված համարել նախագահական ընտրությունների արդյունքները, բայց արդյունքում Երևանի հենց կենտրոնում 10 հոգի սպանվեց, իսկ մեղավորները մինչ օրս էլ չպատժվեցին»:
Մարդու իրավունքների համար պայքարի սկիզբը
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առաջին ծիլերը կարելի է համարել խորհրդային տարիներին անկախական շարժման գործողությունների մեկնարկը.
«Հենց անկախականների պայքարի արդյունքում էր, որ Հայաստանի քաղաքացին հանրաքվեի արդյունքում որոշեց դուրս գալ Խորհրդային միությունից ու հռչակվեց անկախ: Հայ ժողովուրդը իր քվեով պնդեց, որ Խորհրդային միության կազմում մնալով սահմանափակված էր, կորցրել էր իր ինքնիշխանությունը, սուվերենությունը ու դուրս եկավ ԽՍՀՄ-ից»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ խորհրդային միության փլուզումից, անկախություն ձեռքբերելուց հետո քաղաքացիական հասարակություն Հայաստանում չկար, անկախականները դարձան քաղաքական գործիչներ, ստեղծեցին կուսակցություններ:
Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ավելի ուշ գրանցվեցին: Լարիսա Ալավերդյանը պատմում է.
«1988թ.-ին կազմավորվեցին այսպես կոչված «բարեգործական միավորումներ», որոնք իրենց բնույթով իրավապաշտպան կազմակերպություններ էին, բայց քանի որ չէին կարող նման կերպ գրանցվել, անվանվել էին «բարեգործական»: Այդպիսին էին նաև հայրենակցական միությունները:
1992թ.-ից հետո միայն, երբ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ, գրանցվեցին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ: Սրանք հիմնականում զբաղվում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տարածքը լքած անձանց՝ փախստականների, բռնի տեղահանվածների, պատանդների, զինվորական գերիների, անհետ կորածների իրավունքների պաշտպանությամբ:
Այսինքն՝ խոսքն այն իրավունքների պաշտպանության մասին էր, որոնք ոտնահարվել, խախտվել էին մեկ այլ պետության, այս դեպքում՝ հակառակորդի, գործողությունների արդյունքում»:
1992թ.-ին Հայաստանում սկսեցին գործել նաև խոցելի խմբերի՝ կանանց, երեխաների, ծերերի, հաշմանդամների իրավունքներով զբաղվող կազմակերպություններ: Իսկ 1995թ.-ից հետո որոշ կազմակերպություններ մասնագիտացան քաղաքական ու քաղաքացիական գործունեությամբ զբաղվող անձանց իրավունքների պաշտպանությամբ:
Այդ տարիներին ստեղծվեցին Միկա Դանիելյանի և Ավետիք Իշխանյանի կազմակերպությունները, որոնք բուն իրավապաշտպանությամբ սկսեցին զբաղվել հետընտրական շրջանում:
Զուգահեռ ձևավորվեցին նաև լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, որոնք քաղաքական ու քաղաքացիական գործընթացների ժամանակ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս անմասն չէին մնում բռնությունից ու ճնշումներից:
«Պաշտպանում էինք՝ ինչպես կարողանում էինք»
Արթուր Սաքունցն ասում է, որ իրենք չունեին իշխանությունների վրա ազդելու հնարավորություն, արձանագրողի դերում էին, չկային խախտված իրավունքները վերականգնելու, անգամ դատարանում դրանք վիճարկելու գործիքները, որոնք տրվեցին Հայաստանին 2001թ.-ին՝ Եվրախորհիդի անդամ դառնալու շնորհիվ.
«Պաշտպանում էինք՝ ինչպես կարողանում էինք: Փաստագրում էինք, զեկույցներ կազմում ու դրանք ներկայացնում միջազգային կազմակերպություններին: Սա էր, այլ բան անել չէինք կարող: Եհովայի վկաներին դատում էին, ի՞նչ կարող էինք անել: Նամակներ էինք ուղարկում դատախազին, մեզ ասում էին՝ բա ո՞նց կլինի, ի՞նչ եք անում, բայց գոնե նման կերպ փորձում էինք իրենց զգոն պահել:
Եվրոպայի խորհրդին անդամագրվելուց հետո ինստիտուցիոնալ փոփոխություններ եղան, Հայաստանում ստեղծվեց օմբուդսմենի ինստիտուտը: Այդ ժամանակ ՄԻՊ-ի և այդ տարիներին Հայաստանում նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի միջև իրավաբանական բանավեճ եղավ Հյուսիսային պողոտայի շինարարական աշխատանքների հետևանքով իրենց տներից զրկված մարդկանց վերաբերյալ»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ աստիճանաբար ձևավորվեց իրադարձությունները, մարդու իրավունքների խախտումները ժողովրդավարության, օրենքի գերակայության տեսանկյունից դիտարկելու մտածելակերպը:
Իրավագիտակցությունը Հայաստանում բարձրանում է
Հայաստանի իրավապաշտպանների դիտարկմամբ, 1995թ.-ից սկսած Հայաստանում զանգվածային կերպով խախտվում են քաղաքական բնույթ ունեցող շարժման մասնակիցների իրավունքները, իսկ վերջին շրջանում վտանգվել են նաև հասարակական շարժումների իրավունքները:
Խոսքը՝ «Էլեկտրիկ Երևան» [էլեկտրականության թանկացման դեմ] ու «100 դրամ» [երթուղային տաքսիների վճարի թանկացման դեմ] ակցիաների ու հուլիսին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորմանն աջակցող մի խումբ քաղաքացիների կողմից նախաձեռնված հավաքների մասին է: Այս ժամանակ բերման ենթարկվեցին խաղաղ ընդվզման մասնակիցներ, ձերբակալություններ եղան, որոնք գնահատվեցին որպես քաղաքական, բռնություն կիրառվեց ցույցերի մասնակիցների, լրագրողների նկատմամբ:
Նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը շեշտում է, որ այս իրադարձությունները վկայում են քաղաքացիական հասարակության զարգացման ու հանրության մեջ իրավագիտակցության բարձրացման մասին.
«Որքան մեծ է իր իրավունքների մասին իրազեկված ու դրանք պաշտպանող քաղաքացինների թիվը, այդքան հանրությունն ավելի վտանգավոր է դառնում իշխանության համար, սպառնում՝ իշխանափոխությամբ ու պարտավորում իր իրավունքները հարգող իշխանություն ձևավորել»:
Ինչո՞ւ չի փոխվում
Իրավապաշտպանների խոսքով, Հայաստանի իշխանությունները չեն կատարում միջազգային ակտերով ստանձնած պարտավորությունները, որովհետև պատրաստ չեն փոխվել: «Ստանձնել են, բայց շուստրիություն են անում, մտածում են՝ քցեն, որովհետև իրենց մանդատ է պետք, հարգի է լինել այդ ժողովրդավար ակումբի անդամը, դա լրացուցիչ լեգիտիմություն է»,- ասում է Արթուր Սաքունցը:
Ավետիք Իշխանյանն էլ նշում է, որ միջազգային փաստաթղթերը ստորագրող մարդիկ այդ արժեհամակարգը չեն կրում, դրա համար շարունակում են խախտել դրանք, շրջանցել, չեն հարգում քաղաքակրթական այդ արժեքները, որոնց իրացման պարագայում է սպասվում երկրի զարգացում:
Շարունակվում են խախտվել ազատազրկվածների իրավունքները, բանտերում պայմանները հեռու են բավարար լինելուց: Պետական ու հանրային մտածողությունը խոցելի է դարձրել սեռական ու կրոնական փոքրամասնություններին՝ անհանդուրժողական ու խտրական վերաբերմունք կա նրանց նկատմամբ:
Ավանդական, կամ Իշխանյանի խոսքով, «հետամնաց մտածողության» արդյունքում, Հայաստանում խոցելի են նաև կանայք, որոնց նկատմամբ բռնությունները չեն դադարում: Համատարած խախտվում է, բայց դրա մասին չի խոսվում, աշխատանքային իրավունքը:
2001-2007թթ.-ին կատարված դրական փոփոխությունները, Արթուր Սաքունցի համոզմամբ, դրական զարգացում չեն ստացել, որովհետև տարեց տարի ոստիկանությունը մեծացրել է բռնությունների ուժն ու ծավալը.
«2008թ.-ից պարզ դարձավ, որ կատարվել են իմիտացիոն փոփոխություններ, նախադրյալները, որոնք կարող էին դրական զարգացում ապահովել, հողին հանձնվեցին: Պարզ դարձավ, որ քաղաքական շահերը գերակա են մարդու իրավունքներին»: