24 ժամ Դուբայում
Ընկերուհուս հետ հասանք Դուբայ՝ ծաղկապատ օազիս անապատի կենտրոնում: Երկու աղջիկ ենք՝ մեր ուսապարկերով ու մի մեծ պայուսակով, որը լի է սնունդով և ամենակարևորը՝ մի քանի լիտր ջրով: Չէ որ մենք եկել ենք մի երկրիր, որտեղ բենզինը 4 անգամ էժան է ջրից:
Մենք որոշել ենք փորձել, արդյո՞ք հնարավոր է հանգստանալ Դուբայում առանց մեծ ծախսի և առանց հյուրանոցի:
11.00
Օդանավակայանում ենք, որոշել ենք հասնել կենտրոն՝ որտեղ Դուբայ մոլն է, Բուրջ Խալիֆան ու Դուբայի շատրվանները: Մենք պետք է նստենք ավտոբուս և հասնենք այն տերմինալը, որտեղից հնարավոր է մետրոյով գնալ կենտրոն:
Հասարակական տրանսպորտի գները սկսում են 3 դիրհամից ($1), դա նվազագույնն է, տարածությունից ելնելով գինը բարձրանում է մինչև 10 դիրհամ ($3): Տաքսին ևս տարբերակ է, բայց ավելի թանկ է: Այստեղ նվազագույն գումարը հաճախորդը պարտավոր է վճարել միայն նրա համար, որ նստել է տաքսի, դրանից հետո գինն ավելանում է՝ կիլոմետրերեր, սպասելավճար: Օդանավակայանից մինիմալը 25 դիրհամ է ($7):
12.00
Մենք արդեն Դուբայի սրտում ենք՝ Դուբայ մոլում: Այս քաղաքում մոլերն են ամենամարդաշատ տեսարժան վայրերը: Դուբայ մոլը համարվում է աշխարհի ամենամեծերից մեկը՝ 1000-ից ավելի խանութներ և ֆիրմաներ, տարբեր ժամանցի վայրեր և, իհարկե, անվճար ինտերնետ: Այստեղ կարող ես մի քանի օր շրջել ու անընդհատ նոր բան հայտնաբերել՝ նույնիսկ ձյուն, թեև արհեստական:
Մոլի զուգարանները իսկական հանգստի գոտի են՝ երեխաների համար նախատեսված առանձին սենյակներով: Ի դեպ, նմանատիպ սենյակներ կան նաև տղամարդկանց զուգարաններում, քանի որ տղամարդիկ չափազանց ուշադիր են երեխաների նկատմամբ, նրանք գրեթե միշտ գտնվում են տղամարդկանց գրկին, երբ կանայք առևտուր են անում:
Ուզում էինք մեր իրերը թողնել մի տեղ՝ ձեռքներս թեթև լինի: Եվրոպական երկրների փորձից ելնելով նախօրոք մտածել էինք օգտվել սուպերմարկետի պահոցից, բայց… պարզվեց, նման բան չկա Դուբայում: Այստեղ գողության համար ձեռք են կտրում, գողությունը այստեղ ընդունված չէ: Այնպես որ, կարող եք հանգիստ ձեր իրերը թողնել՝ որտեղ ցանականաք, մենք դրանում համոզվել ենք:
13.00
Մենք դեռ Դուբայ մոլում ենք. սկզբում անհանգստանում էինք, հագնե՞լ ուսերը կամ ծնկները բաց հագուստ: Մի փոքր շրջելուց հետո հասկացանք, որ սևազգեստ, դեմքերը փակ կանանց կողքին շատ հանգիստ քայլում են կարճ փեշերով և թափանցիկ հագուստով տուրիստները: Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ ամենը ներդաշնակ էր՝ յուրանքանչուրն իրեն հոգեհարազատ կերպարով էր: Արաբ կանայք հիմնականում սևասգզեստ են, իսկ տղամարդիկ՝ ամբողջությամբ ճերմակ: Դա խորհրդանշական է, և Դուբայի կենտրոնում կա նաև «Սև ու սպիտակ” արձանը:
13.30
Մենք վերջապես դուրս եկանք Դուբայ մոլից և ուղևորվեցինք դեպի ծով՝ ձմեռային ցուրտ Հայաստանից փախած տուրիստները կարոտ են ամառային արևին: Հեռախոսիս քարտեզն ասում էր, որ ծովափն ընդամենը 3 կմ-ի վրա է գտնվում: Էլ ինչ տրանսպորտ, որոշեցինք քայլել ու նաև բացահայտել քաղաքի կենտրոնը: Սակայն շատ արագ համոզվեցինք, որ դա այդքան էլ հեշտ չէ: Քայլե՞լ Դուբայում, մոռացեք:
Այստեղ տարվա կեսը չափազանց շոգ է (+50-ի շրջանակներում), այդ իսկ պատճառով ամեն ինչ արված է, որպեսզի մի վայրից մյուսն անցնելը լինի հնարավորինս փակ, օդամղիչների սառեցվող տարածքով: Անգամ կանգառներն այստեղ փակ են ու կոնդիցիոներով ապհովված: Եվ մեր 3 կմ-ոց ճանապարհը կրկնակի երկարեց, որպեսզի մենք կարողանանք շրջանցել բազմապիսի մագիստրալները (Դուբայում երթևեկությունը չափազանց խիտ է, քանի որ այստեղ բոլորը մեքենայով են տեղաշարժվում):
17.00
Հասանք ծովափ, բայց արդեն բավականին ցուրտ էր: Դե գոնե կարողացանք մի փոքր պառկել, հանգստանալ: Ծովն էլ իր խաղաղությունը մեզ բերեց: Արդեն մթնում էր, և պետք էր գիշերակացի վայր գտնել: Ծովափը բացառվում էր. դրա մասին զգուշացնում էին ցուցանակները. պետք էր փնտրել այլ վայր: Որոշեցինք սկզբի համար վերաադառնալ Դուբայ մոլ, քանի որ այն բաց էր մինչև կեսգիշեր:
21.00
Դուբայ մոլի ինֆոկենտրոններից մեկում հարցրինք, արդյոք կա՞ մոտակայքում որևէ ակումբ: Պարզվեց, հենց մեր կողքին՝ Բուրջ Խալիֆայում գտնվում է “Արմանի” ակումբը, ուր աղջիկների մուտքն անվճար է:
Հեռախոսազանգով գրանցվելով (այլ կերպ հնարավոր չէ մուտք գործել ակումբ) սկսեցինք պատրաստվել: Ակումբի «դրեսկոդը» թելադրում էր բարձրակրունկ կոշիկով մուտք գործել, իսկ ես չունեի: Սկսեցինք վազվզել մոլի խանութներով, գտանք հնարավորինս էժան բարձրակրունկները՝ 40 դիրհամով ($11) ու շարժվեցինք դեպի ակումբ:
01.00
Ստուգելուց հետո, արդյոք կան մեր անունները նախօրոք գրանցվածների ցուցակում, մեզ թույլ տվեցին ներս մտնել աշխարհի ամենաբարձր շենքը՝ Բուրջ Խալիֆան: Մեր հույսերը, թե այստեղ մենք կհանդիպենք նաև տեղացիների, չարդարացան՝ պարզվեց, արաբները բոլորովին այլ վայրերում են հանգիստն անցկացնում, և դրանք անհասանելի են օտարերկրացիների համար:
Արաբական էմիրություններում առաջին լեզուն անգլերենն է, և նույնիսկ տեղացի արաբները խանութում կամ սրճարանում ստիպված են անգլերեն խոսել, քանի որ սպասարկող անձնակազմը չգիտի արաբերեն: Սակայն այս իրավիճակը չի խանգարել, որ տեղացիները ստեղծեն այնպիսի օրենքներով երկիր, «զարգացած ֆեոդալիզմ», որտեղ միայն իրենք են երկրի տերը:
Ոչ մի օտարերկրացի չի կարող իրեն լիարժեք քաղաքացի զգալ, այն պարզ պատճառով, որ քաղաքացիությունն այս երկրում միայն արյունով է փոխանցվում: Նույնիսկ խառը ամուսնությունների դեպքում երեխան չի ստանում քաղաքացիություն:
02.00
Ակումբում բոլոր տղամարդիկ ցանկանում էին ցույց տալ իրենց ֆինանսական հնարավորությունները, դա արտահայտվում էր շամպայնի հրավառություն պատվերով: Որ պատկերացնեք, թե ինչ կարժենար այդ հրավառությունը, ասեմ, որ մեկ բաժակ հյութն այստեղ արժե 40 դիրհամ ($11) իսկ մեկ փոքր շիշ ջուրը՝ 30 ($8):
03.00
Մեզ քաղաքավարի ժպիտով դուրս հրավիրեցին. ակումբը փակվում է, ինչպես մնացած բոլորը Դուբայում: Եվ մենք կրկին դրսում ենք, իսկ լուսաբացին դեռ 4 ժամ կա:
Քայլեցինք, անտարբեր անցանք փակ հարմարավետ կառուցված կանգառների կողքով, քանի որ այստեղ էլ է արգելված գիշերել:
04.00
Մեկ ժամ քայլելուց հետո մենք գտանք շուրջօրյա պիցերիա, որտեղ դիմավորեցինք լուսաբացը մի կտոր պիցցայով և կողքի շուրջօրյա սուպերմարկետից գնած մի գավաթ տաք սուրճով:
Հենց հաջորդ օրը մենք տեղավորվեցինք հյուրանոցում և միակ բանը, որ ցանկանում էինք՝ քնելն էր: Մեր նապատակին՝ մեկ օր ապրել առանց հյուրանոցի, ծախսելով ընդամենը կոպեկներ՝ մենք հասել էինք, փորձարկոըւմն ավարտվել էր «հաղթանակով»:
Իսկ Հայաստան վերադառնալիս մեկ այլ փորձարկում կատարեցինք՝ օդանավակայանում մեզ դիմավորող հարազատները զարմացած նայում էին երկու սևազգեստ նիքափով կանանց և չգիտեին, թե ինչ լեզվով խոսել: