«Բանակի տրանսֆորմացիայի փուլում ՀՀ-ի ռազմական ծախսերը կրճատել պետք չէ»․ հայ փորձագետ
2026 թ․-ին ՀՀ-ի ռազմական ծախսերը կկրճատվեն
Հայաստանի կառավարությունն այսօր հաստատեց 2026 թվականի պետական բյուջեն։ Հաջորդ տարի կծախսվի 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ (մոտ 9․5 միլիարդ դոլար)` այս տարվանից 5%-ով ավելի։
Այս ֆոնին, սակայն, գործադիրը հաջորդ տարի շուրջ 15․2%-ով կկրճատի պաշտպանական բյուջեն։ Նշվում է, որ 2026 թ․-ին Պաշտպանության նախարարությանը 563,1 միլիարդ դրամ (մոտ 1․5 միլիարդ դոլար) կհատկացվի։ Այս տարվա (664.6 մլրդ դրամ) համեմատ ռազմական ծախսերը կկրճատվեն մոտ 101.5 մլրդ դրամով (265 միլիոն դոլարով):
Ռազմական փորձագետ, «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի խոսքով՝ պետք է պահել աճի դինամիկան առնվազն առաջիկա մի քանի տարիներին, որպեսզի ոլորտը զարգանա։
«Այս պահին բյուջեն նվազեցնելու իրավունք չունենք․ բանակը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում ինչպես բարեփոխումների, այնպես էլ գնումների տեսակետից։ Եվ գոնե մի քանի տարի էլ պետք է բարձր [ավելացում] լինի։ Լավ կլինի՝ բյուջեն գոնե ինչ-որ չափով աճի ամեն տարի»,- «Հանրային ռադիոյի» եթերում արձանագրել է Ներսիսյանը։
- 18 ամիս՝ 24-ի փոխարեն․ ՀՀ-ում առաջարկում են կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը
- «ՀԱՊԿ-ի համար Ադրբեջանը միշտ եղել է նույնքան եղբայրական պետություն, որքան ՀՀ-ն»․ Փաշինյան
- «Ոչ մի օտար զորք Հայաստանում»․ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին
Ինչո՞ւ է կրճատվում բյուջեն․ Փաշինյանի պարզաբանումը
Հայաստանի վարչապետն ԱԺ-ում հայտարարել էր՝ կառավարությունը 2025 թ․-ին պաշտպանական ծախսերը «անհամաչափ, կտրուկ» բարձրացրել է, դրանով է պայմանավորված, որ հաջորդ տարի պաշտպանական ծախսերի աճ նախատեսված չէ:
«2025 թ․-ին մենք իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր: Այդ ծախսերի մի մասը մենք ուղղել ենք ապագա պարտքերի, պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում»,- մանրամասնել էր Նիկոլ Փաշինյանը։
Նրա փոխանցմամբ՝ գործադիրը նպատակահարմար է գտել ավելի վաղ մարել այն պարտքերը, որոնք պետք է մարվեին, օրինակ՝ 2030 թ․-ին կամ 2035 թ․-ին, ու նվազեցնել պարտքային բեռը: Միևնույն ժամանակ նկատել էր՝ պաշտպանական ծախսերի նվազեցման համար կան նաև այլ գործոններ, որոնց մասին պատրաստ է խոսել պատգամավորների հետ դռնփակ ռեժիմով:
«Այն քաղաքականությունը, որը մենք վարում ենք, ոչ միայն որևէ սպառնալիք չի պարունակում կամ խոցելի չի դարձնում մեր անվտանգային համակարգը, խնդիր չի առաջացնում, այլ ընդհակառակը՝ մենք բնականոն զարգացման պրոցեսի մեջ ենք: Եվ այդ զարգացումը շարունակվելու է»,- վստահեցրել էր վարչապետ Փաշինյանը:
Փորձագիտական կարծիք
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով՝ Հայաստանի ռազմական բյուջեն հասել է ՀՆԱ-ի շուրջ 6%-ին, ինչն արդեն շատ մեծ թիվ է։ Կարծում է՝ դրանից ավելին կարող է նույնիսկ «ռիսկային» լինել երկրի տնտեսության համար։
Ներսիսյանը չէր ակնկալում, որ ինչպես այս տարի, հաջորդ տարի էլ ռազմական ծախսերը կաճեին 20%-ով։ Ասում է՝ տնտեսական աճն էլ հիմա նույն չէ, ինչ նախորդող մի քանի տարիներին։
«Հանրային ռադիոյի» եթերում փորձագետը նկատել է՝ ներկա պահին, երբ բանակում բարեփոխումներ են ընթանում, կարիք չկար նվազեցնել բյուջեն։ Ասում է՝ պետք էր պահել աճի դինամիկան, որ ոլորտը զարգանար․
«Հայաստանը կարող էր առանց մեծ փոփոխություններ անելու և որևէ վնասի գոնե 5%-ով ավելացնել ռազմական ծախսերը. այդքան է լինելու նաև տնտեսական աճը»։
Ըստ նրա՝ առնվազն պետք էր ռազմական ծախսերն ավելացնել 3%-ով՝ «պլանավորված գնաճի չափով»։
Կարծում է՝ ոլորտին հատկացվող բյուջեի աճը նաև բանակի հեղինակության բարձրացմանը նպաստող հանգամանք է․
«Բնականաբար, եթե բանակում ավելի շատ գումար կա, դա աճում է և կան հնարավորություններ, այն մարդկանց համար ավելի հետաքրքիր է դառնում»։
Փորձագետի գնահատմամբ՝ կարևոր է նաև այն, թե ինչպես են ծախսվում հատկացվող միջոցները, արդյոք բերում են տնտեսական օգուտներ, թե ոչ․
«Պետք է փորձել այնպես անել, որ այդ գումարի մեծ մասը երկրում մնա։ Դրսից զինամթերք գնեցինք, դա տնտեսական աճ չի կարող բերել, միայն ծախս է։ Իսկ օրինակ՝ տեղական արտադրողներից [ռազմարդյունաբերությունը նկատի ունի] կատարվող գնումն իրենից ոչ մի կորուստ չի ներկայացնում»։
Լեոնիդ Ներսիսյանի համոզմամբ՝ ռազմարդյունաբերության ոլորտը ՀՀ-ում նոր-նոր է ոտքի կանգնում։ Ասում է՝ տարիներ պետք կգան, որպեսզի ռազմարդյունաբերությունը «աշխատող մեքենա» դառնա, ստեղծվեն նաև դրսի շուկաներ դուրս գալու հնարավորություններ։
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական ծախսերին՝ փորձագետը նշել է, որ Բաքուն նախատեսում է 2026 թ․-ին բյուջեն մեծացնել 3%-ով․
«Սա նշանակում է, որ այն ինչ-որ իմաստով նվազում է․ իրենց գնաճը տարեկան մոտ 5,5-6% է։ Ստացվում է՝ ավելացնում են ավելի քիչ, քան գնաճն է լինելու երկրում»։
Փորձագետի խոսքով՝ վերջին 2-3 տարիներին Ադրբեջանի տնտեսությունը աճ գրեթե չի գրանցում։ Ներսիսյանն ասում է՝ 2025 թ․-ին Բաքուն պլանավորել էր չավելացնել ռազմական ծախսերը, թողնել 3,7 մլրդ դոլար, սակայն հետո տեղի ունեցան հետաքրքիր զարգացումներ։
«Ադրբեջանի ռազմական բյուջեն պետք է լիներ ՀՀ ռազմական բյուջեից 2 անգամով ավելի։ Նախագահ Ալիևը որոշեց 1 մլրդ դոլար վերցնել նավթային ֆոնդից և ավելացնել այդ բյուջեի վրա։ Աճի տեղ չունեին։ Ստացվում է՝ հիմա էլ [2026 թ․-ին] պետք է իրենց պահուստային ֆոնդերից վերցնեն այդ ոչ բյուջետային գումարներն ու ծախսեն»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
2026 թ․-ին ՀՀ-ի ռազմական ծախսերը կկրճատվեն