Հայաստանը 2025 թ.-ին. տարվա նշանակալի իրադարձությունները և դրանց հնարավոր զարգացումները
2025 թ.-ի գլխավոր իրադարձությունները ՀՀ-ում
2025 թվականը նշանավորվեց մի շարք փոխկապակցված քաղաքական և դիվանագիտական գործընթացներով, որոնք փոխեցին Հայաստանի ներսում և դրա շուրջ ձևավորված դիսկուրսը: Տարվա ընթացքում Երևանն ակտիվ քայլեր կատարեց միանգամից մի քանի ուղղություններով: Մասնավորապես՝ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ստորագրվեց Միացյալ Նահանգների հետ և համագործակցության խորացման վերաբերյալ փաստաթուղթ Եվրամիության հետ: Ավելին, Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք:
Միևնույն աժամանակ երկիրը պահպանեց իր անդամակցությունը Ռուսաստանի հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միությունում։ Հայաստանը շարունակում է հանդիսանալ նաև ռուսական ռազմական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, թեև սառեցրել է իր մասնակցությունը։
Անսպասելի, բայց չափազանց նշանակալի էին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Դրանք տեղի ունեցան ԱՄՆ նախագահի միջնորդությամբ, ինչը որոշակի վստահություն է ներշնչում, որ հաստատված խաղաղությունը չի խաթարվի։ Տարվա ընթացքում շարունակվեց և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Արսդյունքում՝ դեկտեմբերի 29-ին ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար: 2026 թ.-ի հունվարի 1-ից այդ անձնագրերը կրող անձինք կկարողանան անվճար էլեկտրոնային վիզա ստանալ:
Այս հոդվածում հիշեցնում ենք 2025 թ.-ի առավել կարևոր արտաքին քաղաքական իրադարձությունները։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ու քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը մեկնաբանում են՝ ինչ զարգացումներ կարող են դրանք ունենալ մոտ ժամանակներում։

- Ջեյ Դի Վենսը Երևան կգա՞․ ԱՄՆ փոխնախագահի հնարավոր այցի շուրջ քննարկումներ ՀՀ-ում
- «ԱՄՆ և ԵՄ հետ կապերի խորացման տակ ՌԴ-ին ՀՀ-ից դուրս թողնելու օրակարգ չկա»․ ՀՀ ԱԳ նախարար
- Փաշինյանն առաջարկում է փակել արցախցիների վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները
- «ՀՀ-ԵՄ գործընկերության նոր էջ»․ Բրյուսելում ռազմավարական օրակարգ է հաստատվել
Միացյալ Նահանգները՝ ռիսկերի նվազեցման գործոն
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթղթում ամրագրված է փոխադարձ պարտավորություն՝ ամրապնդելու հարաբերությունները, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգային ոլորտում։ Խարտիան ստորագրվել էր ԱՄՆ նախորդ վարչակազմի՝ դեմոկրատների կողմից, որոնք ընտրություններում պարտվեցին հանրապետականներին։
Հայաստանում հնչում էին մտահոգություններ, որ այս «փաստաթուղթը առ ոչինչ կհամարվի» Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից։ Սակայն պարզվեց, որ ավելի մոտ էին ճշմարտությանը այն վերլուծաբանները, որոնք համզոված էին՝ փաստաթուղթը համաձայնեցվել է նոր վարչակազմի հետ, ինչը նշանակում է, որ հարաբերությունների սերտացման գործընթացը կշարունակվի։
Եվ արդեն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ երկկողմ բանակցությունների արդյունքներով, կողմերը ստորագրեցին 3 հուշագիր.
1) ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման հուշագիր
Դրանում Միացյալ Նահանգներն աջակցություն է հայտնում Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախառեձնությանը, շեշտելով Հայաստանի դերը՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց: Ընդգծվում է նաև Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ մասնավոր ներդրումների միջոցով:
2) Արհեստական բանականության և կիսահաղորդիչների նորարարության վերաբերյալ հուշագիր
Այն ուղղված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացմանը՝ կիսահաղորդիչների էկոհամակարգի զարգացման և արհեստական բանականության կիրառման միջոցով։
3) Էներգետիկ անվտանգության հուշագիր
Այն նպատակ ունի աջակցել Հայաստանի էներգետիկ կայունությանն ու էներգետիկ համակարգի արդիականացմանը, խրախուսել մասնավոր ներդրումները, ինչպես նաև զարգացնել քաղաքացիական միջուկային էներգետիկան։
Նույն օրը ԱՄՆ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցավ խաղաղության գագաթնաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։
Վերջապես նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, որը կողմերը լիովին համաձայնեցրել էին դեռևս մարտին։ Ավելին, Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին հռչակագիր, որում ամրագրված է. «Գագաթնաժողովը ամուր հիմք է փոխադարձ հարգանքի և տարածաշրջանում խաղաղության առաջմղման համար»։ Վաշինգտոնյան բանակցությունները նշանավորեցին ռազմական բախման ավարտն ու անցումը հարաբերությունների կարգավորման փուլին։

Կողմերը նաև համաձայնության եկան հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
Մասնավորապես՝ նրանք համաձայնության եկան Հայաստանի տարածքով անցնող երթուղու վերաբերյալ, որը կկապի Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ։
Սա այն հարցն է, որի շուրջ Երևանն ու Բաքուն չեն կարողանում փոխզիջման հասնել արդեն մի քանի տարի: Ադրբեջանը պահանջում էր տրամադրել ճանապարհ, որն անվանում էր «Զանգեզուրի միջանցք»։ Հայաստանի իշխանություններն արձագանքում էին՝ նշելով, որ պատրաստ են բացել բոլոր ճանապարհները, սակայն ոչ միջանցքայի տրամաբանությամբ, քանի որ «միջանցք» տերմինը ենթադրում է այդ տարածքի նկատմամբ ինքնիշխան իրավունքների կորուստ։
Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հաջողվեց համաձայնության գալ։ Արդյունքում՝ ճանապարհը կմնա Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո, իսկ Միացյալ Նահանգները կմասնակցի ապաշրջափակման գործընթացին՝ որպես բիզնես գործընկեր։ Նախագիծը ստացել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) անվանումը՝ ի պատիվ ԱՄՆ նախագահի։
Հայաստանի իշխանությունները վերջերս պարբերաբար շեշտում են՝ սահմանին հանգիստ է, մեկ տարուց ավելի է, ինչ ոչ մի զինվոր չի զոհվել։ Այսպիսով հաստատում են իրենց պնդումն այն մասին, որ խաղաղությունն այլևս հաստատված է։
Իսկ հոկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Արդեն իսկ Ադրբեջանի տարածքով Հայաստան է մուտք գործել ռուսական և ղազախական ցորենը:
Ավելին, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կարողացել են համաձայնության գալ առաջին տնտեսական գործարքի շուրջ։
Հայաստանն ադրբեջանական A 95 տեսակի բենզին է ներմուծել Socar ընկերությունից։ Ողջունելով տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է. «Առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել դրա համար»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը
Հնարավորությունների պատուհան
«Օգոստոսի 8-ի համաձայնագրերի գլխավոր դրական արդյունքը Միացյալ Նահանգների ներգրավվածությունն է, քանի որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը կարող է ապահովել գործուն երաշխիքներ և նվազեցնել ռիսկերը: Խոսքը գնում է ոչ թե ուղիղ անվտանգային երաշխիքների մասին, այլ Նահանգների ներգրավմանը գործընթացում՝ Երևանի և Բաքվի հետ երկկողմ համաձայնագրերի միջոցով: Սա բարձրացնում է Ադրբեջանի համար հնարավոր խախտումների քաղաքական և տնտեսական գինը: Այս առումով օգոստոսի 8-ը Հայաստանի համար բացում է հնարավորությունների պատուհան, որը պետք է օգտագործել»:
Բեռներն արդեն մուտք են գործում Հայաստան
«Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների փոխադրումը բանակցությունների ներկայիս փուլում ամենադրական ազդանշանն է։ Հայ-ադրբեջանական երկխոսության երեք ոլորտներից՝ խաղաղության համաձայնագիր, ենթակառուցվածքներ և սահմանազատում, ենթակառուցվածքները շարունակում են մնալ ամենաբարդն ու վիճահարույցը։
Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, ենթակառուցվածքների վերաբերյալ համաձայնություն մինչ օրս չկա։ Այդ ուղղությամբ Բաքվի քայլը վկայում է լուրջ մոտեցման ու գոնե կարճաժամկետ հեռանկարում էսկալացիայից խուսափելու հնարավորության մասին։ Դա Հայաստանի շահերից է բխում։
Հետագա զարգացումները մեծապես կախված են Հայաստանից։ Երկրի ներսում անհրաժեշտ երկաթուղային ենթակառուցվածքների ստեղծման դեպքում հնարավոր է անցում կատարել ուղիղ տարանցման՝ առանց Վրաստանի միջնորդության։ Առայժմ բեռները գալիս են Վրաստանի տարածքով։ Պատճառն Ադրբեջանի նախապայմաններն են: Բաքուն պնդում է՝ նախ ներդնել TRIPP մեխանիզմները և միայն դրանից հետո ապաշրջափակել սահմանները։ Ուղիղ տարանցումը կհակասի այս տրամաբանությանը։ TRIPP-ը դեռևս չի ներդրվել, ուստի օգտագործվում է վրացական երթուղին»։
«Հարավկովկասյան երկաթուղու» գործոնը
«Առաջընթացի նշաններն ակնհայտ են։ Ալիևների ընտանիքի հետ փոխկապակցված ադրբեջանական աղբյուրները հաղորդում են դեպի Իջևան տանող երկաթուղային գծի ընդլայնման վերաբերյալ քննարկումների մասին, որն ապագայում հնարավորություն կտա համատեղել երկաթուղային և ճանապարհային տարանցումը դեպի Հայաստան։ Սակայն Երևանը նույնպես լուրջ աշխատանք պետք է կատարի, այն է՝ կարճ ժամանակահատվածում վերականգնի վնասված երկաթուղային ենթակառուցվածքը մինչև Ադրբեջանի սահման։ Ընդ որում որոշ տարածքներում անհրաժեշտ է կառուցել նոր ենթակառուցվածքներ։ Սա կարևոր է ոչ միայն հարաբերությունների կարգավորման, այլև առհասարակ երկրի զարգացման համար:
Խնդրահարույց է շարունակում մնալ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործոնը: Այն վերահսկում է 2008 թ.-ի դրությամբ գործող երկաթգծերը։ Ռուսական ընկերությունը, անկակած, կձգձգի գործընթացն ու կխոչընդոտի դրան:
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն «Ռուսական երկաթուղիներ» ընկերության 100%-անոց դուստր ձեռնարկությունն է: 2008 թվականին «Ռուսական երկաթուղիներ»-ը և Հայաստանը պայմանագիր են կնքել, որի համաձայն՝ պետական սեփականություն հանդիսացող «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն փոխանցվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կառավարմանը: Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով՝ փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով:
Նիկոլ Փաշինյանն արդեն դիմել է Ռուսաստանին Երասխից մինչև Նախիջևան և Ախուրիկ գյուղից մինչև թուրքական սահման երկաթուղային հատվածը շտապ վերականգնելու խնդրանքով։ ՀՀ վարչապետի խոսքով՝ մոտ ժամանակներս կդիմի ռուսական կողմին Իջևանից դեպի ադրբեջանական Ղազախ տանող երկաթուղին վերականգնելու պահանջով։ Հայ վերլուծաբանները կարծում են, որ այդպիսով ՀՀ իշխանությունները փորձում են Ռուսաստանին ցույց տալ՝ սա առավելագույնն է, ինչին ՌԴ-ն կարող է հավակնել։ ՀՀ-ն չի ակնկալում Ռուսաստանի մասնակցությունը TRIPP-ին։
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն (ՀԿԵ) ամբողջությամբ շրջանցելն անհնար է աշխարհագրական պատճառներով: Որոշ հատվածներում դա նեղ ճանապարհ է, որով կարող է անցնել միայն մեկ գիծ, և այդ գիծը ՀԿԵ-ն է: Կառավարման փոփոխությունը քաղաքական բնույթ ունի: Հետևաբար, Հայաստանը պետք է գտնի ընկերության հետ համագործակցության աշխատանքային ձևաչափ։
Ի տարբերություն Իջևանի գծի՝ TRIPP երկաթուղային ճանապարհը կառուցվելու է զրոյից՝ հայ-ամերիկյան ընկերության կամ պատվիրակված լիազորություններով կապալառուի կողմից: Ավելի ուշ Հայաստանն ու Միացյալ Նահանգները կորոշեն կառավարման մոդելը: Ներկայումս քննարկվում են կառուցապատողի իրավական կարգավիճակը, երթուղին, վերահսկողության ու գծի շահագործման հարցերը։
Իշխանությունները հայտարարում են, որ TRIPP-ի իրագործումը կլինի 2026 թվականի առաջնահերթությունը: Նախատեսվում է շինարարությունը մեկնարկել ամռանը՝ բոլոր պարամետրերի շուրջ համաձայնության գալուց հետո: Այն, հավանաբար, կմեկնարկի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
Ուղևորափոխադրումներն այժմ բացառված են Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով։ Ավելին, COVID-19 համավարակից ի վեր կարանտինային սահմանափակումները երկրում պարբերաբար երկարաձգվում են։ Հնարավոր է՝ Բաքուն դա անում է ուղևորափոխադրումների վերաբերյալ քննարկումները հետաձգելու և ավելի ուշ՝ իր համար առավել բարենպաստ պայմաններում թեմային վերադառնալու համար»։
Երկխոսություն Track 1.5 ձևաչափով
Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո սկսվեց հայ և ադրբեջանցի փորձագետների միջև երկխոսություն: Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի պատվիրակությունը ժամանեց Երևան: Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը բուռն քննարկումներ առաջացրեց Հայաստանում: Սոցցանցերի օգտատերերը գրեցին, որ «Ադրբեջանի քաղհասարակության իրական ներկայացուցիչները բանտում են կամ լքել են երկիրը, իսկ ՀՀ են եկել իշխանամետ «փորձագետներ»»: Առանձնակի վրդովմունք էր առաջացրել այն փաստը, որ ադրբեջանական պատվիրակության կազմում էր Դիլարա Էֆենդիևան: Նա 2022 թ.-ի դեկտեմբերին մասնակցել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի փակմանը՝ ներկայանալով որպես «էկոակտիվիստ»:
Ադրբեջանական խմբի այցից մեկ ամիս անց հայ փորձագետների խումբը մեկնեց Ադրբեջան: Նախաձեռնությունը ստացավ «Խաղաղության կամուրջ» անվանումը: Բաքվում կայացած հանդիպմանը Էֆենդիևան չէր մասնակցում: Երևան վերադարձած հայ փորձագետները հայտնեցին, որ նա ներկա չի եղել «անձնական խնդիրների պատճառով, իսկ հետագա մասնակցության հարցը կորոշի ադրբեջանական կողմը»:
Նախաձեռնության մասնակիցների միջև երկխոսությունը տեղի է ունենում Track 1.5 ձևաչափով: Այդպես են անվանում փորձագետների, այդ թվում՝ կառավարական շրջանակներին մոտ կանգնած անձանց և պաշտոնյաների միջև հանդիպումների ձևաչափը:
Track 1-ը պաշտոնական, ուղիղ բանակցություններն են կառավարությունների և երկրների ղեկավարների միջև, իսկ Track 2-ը՝ ոչ պաշտոնական, հանրային երկխոսությունը։
«Ադրբեջանի և ավտորիտար այլ պետությունների դեպքում կապը, որ ավելի հստակ է քաղհասարակության և պետության միջև, թույլ է տալիս ավելի օպերատիվ որոշ հարցեր քննարկել, լուծել։ Քաղաքական որոշումների վրա ազդելու հնարավորությունն էլ կա»,- առաջին հանդիպումից հետո նկատել էր նախաձեռնության մասնակից, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը։
Ընդհանուր առմամբ, հայ փորձագետների խումբը կարծում է, որ նախաձեռնությունը դարձել է երկու երկրների քաղհասարակությունների միջև երկխոսության հաստատման խորհրդանիշ։

Բորիս Նավասարդյան, քաղաքական վերլուծաբան
Track 1.5 -ն այս փուլում երկխոսության ամենաարդյունավետ ձևաչափն է
«Բաքու կատարած այցը ցույց տվեց կողմերի շահագրգռվածությունը երկխոսությունն ընդլայնելու հարցում՝ ներգրավելով ոչ միայն պաշտոնյաներին, այլև փորձագետներին և քաղհասարակությանը։ Միևնույն ժամանակ հարաբերությունների կարգավորման շրջանակներում խնդիրների լուծումն անհնար է առանց իշխանությունների հետ փոխգործակցության։ Իսկ դա կարող է ապահովել Track 1.5 ձևաչափը։ Այն ամենաարդյունավետն է ներկայիս պայմաններում։ 2019 և 2025 թվականներին իրականացված հետազոտությունները հաստատում են, որ առանց պաշտոնական կառույցների հետ շփումների շատ դժվար է առաջ տանել երկխոսության նախաձեռնությունները։
Համատեղ հարթակի անհրաժեշտության վերաբերյալ իշխանությունների, փորձագետների և քաղհասարակության միջև փոխըմբռնումը առանձնահատուկ իմաստ հաղորդեց Երևան և Բաքու փոխայցելություններին: Չնայած որոշակի թերահավատությանը՝ Track 1.5 ձևաչափն արդյունավետ է, թեև զրկում է լիակատար ազատության հնարավորությունից: Երկխոսությունն ընթանում է պաշտոնական կառույցների համար հետաքրքրություն ներկայացնող օրակարգի շրջանակում: Միևնույն ժամանակ, այս փուլում մասնակիցների սպասելիքներն արդարացել են»:
Լայն օրակարգ, թեև սահմանափակումներով
«Օրակարգում ներառված էին պաշտոնական բանակցությունների առանցքային հարցերը՝ խաղաղության համաձայնագիր, միջպետական հարաբերությունների հաստատում, հաղորդակցությունների ապաշրջափակում և սահմանազատում: Քննարկվեցին նաև մարդասիրական հարցեր և լրատվամիջոցների աշխատանքը՝ կրակի վրա յուղ չլցնելու, հարաբերությունների կարգավորման գործընթացը նրանց կողմից խթանելու նպատակով:
Բացի այդ, մենք բարձրացրինք Ադրբեջանում պահվող հայերի ճակատագրի հարցը։ Իսկ ադրբեջանական կողմն ավելի շատ հետաքրքրված էր դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո անհետ կորած անձանցով։ Մենք նույնպես ունենք նման ցուցակ։ Պետական կառույցներն ու իրավապաշտպան կազմակերպությունները կարող են զբաղվել այդ հարցով, հատկապես 1990-ական թվականներից ի վեր կա նման փորձ:
Եվ վերջապես, օրակարգում էր սահմանամերձ տարածքների բնակչության միջև փոխգործակցության հարցը։ Կան սահմանային առևտրի հեռանկարներ, սակայն առկա են բանկային փոխանցումների հետ կապված խնդիրներ:
Քննարկվեցին նաև շրջակա միջավայրին, բնական պաշարների արդյունավետ օգտագործմանը, մասնավորապես՝ ջրային պաշարների համատեղ օգտագործմանը վերաբերող հարցեր:
Իհարկե, քննարկումների ընթացքում շոշափեցինք նաև տնտեսական և մշակութային համագործակցության հարցեր: Այդ բոլոր թեմաների շուրջ քննարկումները մեկնարկեցին Երևանում և շարունակվեցին Բաքվում։
Բաքվում մենք համոզվեցինք, որ «5+5» փորձագիտական ձևաչափով ընթացող քննարկումներն ադեկվատ կերպով հասնում են որոշում կայացնողներին: Այդ փաստի բերումով ներկայիս գործընթացը սկզբունքորեն տարբերվում է անկախ փորձագետների միջև երկխոսության նախորդ փորձերից:
Հաջորդ՝ թերևս առանցքային հարցը կլինի այն, թե արդյոք նախաձեռնությունները կվերածվեն կոնկրետ գործողությունների: Դա թույլ կտա գնահատել դրանց արդյունավետությունը։
Կան նաև թեմաներ, որոնք գիտակցաբար ակտիվորեն չենք քննարկել՝ դրանց լուծման հստակ հեռանկարների բացակայության պատճառով, չնայած այն հանգամանքին, որ դրանք արդիական էին երկու կողմերի համար էլ: Այդ խնդիրների շարքում էր, մասնավորապես՝ Բաքվում պահվող հայերի հարցը: Չնայած կարգավորման գործընթացի վրա այդ խնդիրների ունեցած բացասական ազդեցությանը՝ առկա են գործոններ, որոնք ներկայումս թույլ չեն տալիս գործնական քայլեր ձեռնարկել: Բայց դա չի նշանակում խնդրի ընկալման բացակայություն:
Դեռ վաղ է խոսել հակամարտության լիարժեք կարգավորման մասին, բայց ներկայիս երկխոսությունը սկզբունքորեն տարբերվում է նախկին ձևաչափերից։
Նախկինում փորձագետների միջև շփումները կամ որևէ ազդեցություն չունեին պաշտոնական գործընթացի վրա, կամ մնում էին փակ և գաղտնի: «Խաղաղության կամուրջ 5+5» նախաձեռնությունը ձգտում է միավորել հանրային նախաձեռնություններն ու որոշում կայացնող մարմինների շահերը, գործընթացում ներգրավել հասարակության ավելի լայն շերտերի: Դրա արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել գործնական քայլերից՝ ոլորտային փորձագիտական խմբերի ստեղծումից և պաշտոնական կառույցների համար պահանջարկ վայելող կոնկրետ առաջարկների ի հայտ գալուց հետո: Նման արդյունքները կլինեն իրական ցուցիչն այն բանի, որ գործընթացն իմաստ ունի շարունակել»:
Արագ փոփոխություններ չեն սպասվում
«Նախաձեռնության ընդլայնումը բնական է։ Թեմաների շրջանակի ընդլայնմանը զուգահեռ գործընթացին պետք է միանան տարբեր ոլորտներ ներկայացնող նոր մասնագետներ և կազմակերպություններ։ Եվ դրա համար անհրաժեշտ է ձևավորել համապատասխան հարթակներ։
Երբ խոսում ենք երկու երկրներում վարվող քաղաքականության անհամաչափության մասին, պետք է գնահատենք ոչ թե ինչպես է այն ազդում երկխոսության վրա, այլ այն, թե ինչպես կարող է երկխոսությունն ազդել իրավիճակի վրա։
Արագ փոփոխություններ, հատկապես նման պահպանողական ոլորտներում, ինչպիսին է, օրինակ, կրթության ոլորտն Ադրբեջանում, պետք չէ ակնկալել։ Հետևաբար, նման հարցերն այս փուլում չեն դիտարկվում որպես առաջնահերթություն։
Հասարակությունների միջև հումանիտար, տնտեսական և մշակութային ոլորտներում գործնական փոխազդեցության զարգացումը կարող է աստիճանաբար նվազեցնել հռետորաբանության մեջ փոխադարձ թշնամանքի մակարդակն ու միմյանց բացասական ընկալման սրությունը։ Կարգավորման գործընթացում մեկնարկային կետ պետք է դառնան հենց առօրյա կյանքում տեղի ունեցող փոփոխությունները»:

Հետևեք մեզ — Facebook | Youtube
2025 թ.-ի գլխավոր իրադարձությունները ՀՀ-ում