2020 թ-ին Հայաստանում կթանկանա ավելի քան 700 ապրանք, այդ թվում՝ սննդամթերքն ու դեղորայքը
2020 թ-ի հունվարի 1-ից Հայաստանում ներկրման նոր մաքսային տուրքեր են գործում։ Փոփոխությունը վերաբերելու է այն երկրներից ներկրվող 700 ապրանքին, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ չեն։ Հայաստանն արդեն 5 տարի է, ինչ այդ միջազգային կազմակերպության անդամ է, որը գործում է Ռուսաստանի հովանու ներքո։
Մաքսատուրքերի փոփոխման մասին պայմանագիրը ստորագրվել է դեռ 2015 թ-ին ԵԱՏՄ անդամ երկրների կողմից։ Միությանն անդամակցում են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ Հայաստանն այն ժամանակ լրացուցիչ 5 տարի էր ստացել, որպեսզի իր տնտեսությունը հարմարեցնի փոփոխություններին և մեղմի դրանց բացասական ազդեցությունը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում ենթադրում են, որ արժեզրկման տոկոսադրույքի փոփոխման ազդեցությունը կազմելու է կես տոկոս։ Այսինքն՝ տուրքերի փոփոխություններն ընդհանուր առմամբ չեն հանգեցնելու գների շատ մեծ բարձրացման և բնակիչների գրպանին անքան էլ ուժեղ չեն հարվածելու։ Սակայն երկրում քչերն են դրան հավատում։
Ո՞ր ապրանքներն են թանկանալու
Այդ ցուցակում է ընտանի թռչնի, խոշոր եղջերավոր անասունի միսը, բրինձը, ձեթն ու կարագը, կաթնամթերքը։
Ընտանի թռչնի միսը Հայաստան է ներկրվում հիմնականում ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Ուկրաինայից։ Մինչև 2020 թվականը տոկոսադրույքը կազմում էր 22%։ Փոփոխություններից հետո այն աճել է 3%-ով։
Խոշոր եղջերավոր անասունի միսը Հայաստան է ներմուծվում մեծ մասամբ ոչ թե ԵԱՏՄ երկրներից, այլ Հնդկաստանից, Ուկրաինայից և Բրազիլիայից։ Ներկրման տուրքերը 12,5%-ից բարձրացել են մինչև 15%։
3%-ով ավելացել է բրնձի ներկրման տուրքը, 2%-ով՝ ձեթինը և կարագինը, կաթնամթերքինը։
Թանկանալու է նաև դեղորայքը, դրա ներկրման տուրքերն աճել են 2-4%-ով։
Սակայն ամենաշատը թանկանալու են երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաները։ Դրանց մաքսազերծումն աճել է մի քանի անգամ։
Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է։ Այն իր անդամներին աշխատուժի, ապրանքի, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ է ապահովում։ 2015 թ-ից Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին և ինքնաբերաբար դարձել այդ կազմակերպության Մաքսային միության անդամ։ Այդ նույն 2015 թ-ին որոշվել է համահարթեցնել մասքսատուրքերը Եվրասիական տնտեսական միության բոլոր եկրներում։ Այս գործընթացի վերջնական նպատակը պետք է լինի միասնական շուկայի ձևավորումն, ինչը պետք է միության ներսում առավելություն տա դրա կազմում ներառված երկրներից ներկրվող ապրանքներին։
Փորձագիտական կարծիք
Փորձագետները հաստատում են, որ թանկացումից չի ստացվի խուսափել։ Եվ գների աճի առաջին ալիքը սպասվում է 2020 թ-ի հունվարի վերջին։
Ընդ որում, ինչպես նշում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, մաքսատուրքերի բարձրացումը կհանգեցնի ոչ միայն այն ապրանքների գների անխուսափելի բարձրացմանը, որոնք ներառված են ցանկում։ Աշխատելու է բազմապատկման էֆեկտը։ Այսինքն՝ այս ապրանքների թանկացումը բերելու է մյուսների թանկացմանը․
«Այդ ամենն անդրադառնալու է մեր քաղաքացիների վրա և ազդելու է տնտեսության վրա։ ԵԱՏՄ երկրներում մաքսատուրքերը միջինում 2,7 անգամ ավելի բարձր են, քան Հայաստանում։ Նշեմ նաև, որ միությանն անդամակցելուց առաջ Հայաստանը բաց դռների քաղաքականություն էր վարում, երբ տուրքերը չէին գերազանցում հինգ-յոթ տոկոսը»։
Փորձագետի կարծիքով՝ մաքսատուրքերի փոփոխությունը երրորդ երկրներից ներկրվող ապրանքի համար կհանգեցնի նաև նրան, որ Հայաստանի բնակիչներն ավելի քիչ ընտրություն կունենան․
«Մենք չենք կարողանա գնել շատ ապրանքներ, որոնց սովոր ենք։ Բիզնեսը, որն, օրինակ, ներկրում է կենցաղային կամ գյուղտեխնիկա, կհասկանա, որ մրցակցությանը չի դիմանում։ Մենք գնելու ենք ոչ թե կորեական, այլ ռուսական հեռուստացույցներ», — կարծում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։