Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարույթունը հրապարակել է 2016 թվականին Հայաստանում տեղի ունեցած ինքնասպանությունների պաշտոնական տվյալները: 2015 թվականի համեմատ դրանց թիվն աճել է 2 դեպքով, իսկ 2014-ի համեմատ՝ 42-ով:
Հայաստնում գրանցված ինքնասպանության 197 դեպքերից 160-ը կատարել են տղամարդիկ: Անցած տարի աճել է նաև ինքնասպանություն գործած կանաց թիվը:
Ինքնասպանության դեպքերից 133-ը կատարվել են կախվելու միջոցով, 40՝ ցած նետվելու: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Երևանում:
Պաշտոնական տվյալների հիման վրա կարելի է կազմել այս ծայրահեղ քայլին դիմած միջին վիճակագրական անձի կերպարը: Դա 60 տարեկանն անց տղամարդ է, ով ինքնասպանություն է գործում Երևանում՝ բնակարանում կամ առանձնատանը կախվելու միջոցով:
Tert.am-ի հետ զրույցում հոգեբան Սամվել Խուդոյանը նշել է, որ Հայաստանում ինքնասպանությունների թիվը ամենաքչերից մեկն է աշխարհում, ինչը պայմանավորված է ընկերական, բարեկամական ամուր կապերով:
Միաժամանակ քաղաքներում ինքնասպանությունները ավելի շատ են, քան գյուղերում, քանի որ մարդիկ քաղաքում ավելի մեկուսացված են, իսկ միջանձնային կապերը՝ ավելի թույլ:
Հոգեբանը նշում է, որ ինքնասպանություն կատարելը մեկ կամ երկու օրում կայացված որոշում չէ. մարդիկ հիմնականում երկար են մտածում ու ծրագրում այդ քայլը:
Ինքնասպանությունը հիմնականում կատարվում է էմոցիոնալ ծանր ֆոնի, դեպրեսիայի պատճառով, մարդիկ փորձում են «փախչել» խնդիրներից, ընդ որում, այդ քայլին դիմողը, մասնագետների հավաստմամբ, գտնվում է հոգեկան խանգարման վիճակում:
Իսկ ինքնասպանություն գործած կանանց թիվն ավելի փոքր է, քանի որ մայրերը, ըստ հոգեբանների, խնայում են այդ վշտից իրենց երեխաներին: Բացի այդ, կանայք ավելի ճկուն են և ավելի հեշտ են գտնում կյանքի բարդ իրավիճակներից դուրս գալու ճանապարհները: