2016-ին Հայաստանում մինչև 1 տարեկան երեխաների մահվան դեպքերը նվազել են 4%-ով
Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը վերջին տասնամյակում շարունակում է նվազել. մինչև 1 տարեկան 1000 երեխայից մահանում է 8-ը:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքով, Հայաստանն այսօր դասվում է ցածր մանկական մահացություն ունեցող երկրների շարքին, իսկ ԱՊՀ երկրների շարքում նվազագույն ցուցանիշն ունի:
Ընդ որում այս ցուցանիշում ներառված են նաև 500 գրամ քաշ ունեցող երեխաները, որոնց շրջանում մահացությունը դեռևս բավական բարձր է, մինչդեռ նախկինում ցուցանիշի հաշվարկման մեջ ներառվում էին միայն 1 կգ և ավելի քաշ ունեցող պտուղները:
2016 թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է
- մինչև մեկ տարեկան երեխաների մահվան 356 դեպք, ինչը նախորդ տարվա համարժեք ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 4 տոկոսով
- մինչև չորս տարեկան երեխաների մահվան 411 դեպք, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 5,5%-ով
- 14 %-ով նվազել է մահացած ծնված երեխաների թիվը՝ կազմելով 688:
Հայաստանում մանկական մահացության ցուցանիշի նվազմանը նպաստում են ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրի համակարգի ներդրումը, որոնց շնորհիվ կնոջը հասանելի է դառնում բուժօգնությունը:
Գայանե Ավագյանի խոսքով, վերջին 15 տարում Հայասռանում ավելի քան 4 անգամ նվազել է նաև հղիության արհեստական ընդհատման դեպքերի քանակը. 2000 թ.-ին մեկ կնոջը բաժին է ընկել 2,6 աբորտ, իսկ 2015 թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 0,6: Նվազել է նաև սելեկտիվ աբորտների քանակը. 2000թ.-ին յուրաքանչյուր նորածին 100 աղջկան բաժին էր ընկնում 120 նորածին տղա, իսկ 2016թ.-ին ցուցանիշների հարաբերակցությունը կազմել է 100-ը 112-ի:
Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, 2016 թ.-ին Հայաստանում ծնվել է 40 638 երեխա, որոնցից 21 459 տղա և 19 179 աղջիկ: