20 տարի է՝ այստեղից քաղցր բամբակի հոտ չի գալիս
Օչամչիրը Աբխազիայի զարգացման պլանից դուրս է մնացել: Ափսոս, քանի որ այն հիասքանչ քաղաք է և հանգստավայր:
Ծովափ
Քաղաք մտնելիս ամայի ծովափին մի մարդ, ով ծովապատնեշին միայնակ ձուկ էր որսում, գրավեց ուշադրությունս: Մեքենայից իջա և մոտեցա նրան, սակայն պարզվեց, որ ձկնորսը, ձկնորսուհի էր:
— Բարի օր: Ձուկ վաճառո՞ւմ եք:
— Ոչ, այստեղ ձուկ չկա: Ես ուղղակի նստած եմ: Կարելի է ասել, ժամանակ եմ սպանում:
Լյուդմիլան ծով է գալիս ոչ թե ձուկ որսալու, այլ դժբախտության մասին մոռանալու: Սեպտեմբերին նրա ամուսինը մահացել է, տանը միայնակ նստել նա չի կարող, այդ պատճառով էլ գալիս է ափին նստելու: Հարցրեցի, թե ինչպես է փող վաստակում, ասաց, որ ռուսական թոշակ է ստանում և դա հերիքում է:
— Իսկ ամռանը զբոսաշրջիկներ ափին շա՞տ են լինում:
— Ո՞րտեղից այստեղ զբոսաշրջիկներ: Այստեղ կովերից բացի ոչ ոք ծովափ չի գալիս:
Եվ զարմանալի չէ. առափնյա հատվածները վատ վիճակում են: Ոչ հուշանվերներով և պաղպաղակով վաճառասեղաններ կան, ոչ ծիծաղ, ոչ էլ երաժշտություն: 20 տարի է՝ այստեղ քաղցր բամբակի բույր չկա և մեռյալ լռություն է:
Չնայած այստեղ մարդ չկա, ամենուր աղբ է թափված: Շուրջբոլորը մեծ փոսեր են, քարերով խառնված ավազակույտեր: Հավանաբար, ինչ-որ աշխատանքներ սկսել են, սակայն հետո ընդհատել չգիտես երբ և որքան ժամանակով:
Փող չկա
Օչամչիրի շրջանի ղեկավար Խրիփո Ջոփուայի խոսքով, չնայած որ շրջանի բյուջեում գումար չկա, նրանք սեփական ուժերով են բարելավելու քաղաքի վիճակը: «2015-ին մեզ մոտ 4 հազ. զբոսաշրջիկ է հանգստացել: Ընդհանուր առմամբ քաղաք էքսկուրսիայի է եկել 20 հազար մարդ: Սակայն դրանից քաղաքային բյուջե ոչ մի դրամ չի մտել», — ասում է Ջոփուան:
Մի խոսքով, այս ծովափում տեղ միշտ կգտնես: Իսկ Օչամչիրի ճանապարհներին դեռ երկար ժամանակ խցանումներ չեն լինի, այնպես որ ծովային օդը թարմ է ու մաքուր: Այստեղ հասնել կարելի է տաքսիով, չնայած ավտոբուսներ նույնպես լինում են: Սուխումում հնարավոր է տասքու վարորդի հետ պայմանավորվել և նա 1500 ռուբլով (մոտ 20 դոլար) ձեզ մինչև հյուրանոց կհասցնի, չնայած որ ավտոբուսով նույնպես կարող եք գնալ:
Դեռևս 20 տարի առաջ հանգստացողներին դիմավորում էր այս երկաթուղային կայարանը:
Օչամչիր կայարանը Փսոու-Ինգուր հատվածում է և հանգուցային է, ճյուղավորվում է դեպի Թքուարչալ: Այսօր ուղևորահոսք չկա, միայն Թքուարչալից բերված ածուխն է բեռնվում նավեր:
Սուխում-Օչամչիր երկաթուղու հատվածը վերականգնվել է ռուս զինվորականների կողմից դեռևս 2008թվին: Սակայն ուղևորահոսքն այդպես էլ չվերականգնվեց: Զարմանալի է, սակայն կայարանում մինչ այժմ աշխատում է հերթապահի սենյակը: Մնացածը լքված տարածք է:
Սրճարաններն ու ճաշարանները
Ուշադրությունս գրավեց քաղաքապետարանի դիմաց գտնվող փոքրիկ ճաշարանը: Արդեն մթնում էր, ես ուզում էի հաց ուտել և տաքանալ: Ճաշարանին մոտենալիս հանդիպեցի տիրոջը, ով բացականչեց. «Բարի գալուստ: Բայց մենք լույս չունենք»:
Սկիզբը խոստումնալից չէր, սակայն հույս ունենալով, որ մի բան կգտնվի, ես այնուամենայնիվ ներս մտա: Եվ այստեղ սկսվեցին անակնկալները:
— Ունենք վարենիկներ, ապուր, կարտոֆիլի խյուս, հավ՝ սպիտակ սոուսով, գրեթե սացիվիի պես:
— Իսկ չափաբաժինը որքա՞ն է:
— Ձեզ կհերիքի:
Օչամչիրի սրճարաններում գները շատ ուրախացնում են. վարենիկների և թեյի համար ընդամենը 90 ռուբլի վճարեցի [մոտ $ 1]: Ապուրի մի մեծ բաժին կարելի է ուտել ընդամենը 80 ռուբլով, իսկ կարտոֆիլի խյուսը կոտլետով՝ 70 ռուբլի: Բացի այդ այստեղ պատրաստում են նաև մամալիգա, այն կարելի է նախապես պատվիրել: Իսկ անչափ համեղ աջիկան անվճար են մատուցում:
Պարզվեց, Օչամչիրում բազմաթիվ հրաշալի տեղեր կան, որտեղ չնչին գումարով կարելի է համեղ և կուշտ ուտել:
«Ես վարձակալել եմ այս տարածքն ու որոշել փոքր ճաշարան սարքել, կնոջս հետ եմ աշխատում: Եթե գիշերակաց է պետք, մենք հատկացնում ենք: Ամռանը հանգստացողներին մեկ անձի համար 250 ռուբլիով ենք տրամադրում (մոտ 4 դոլար): Ես թանկ գին րեմ ասում, քանի որ պայմաններ չունեմ: Հնարավորություն լիներ այստեղ այնպիսի պայմաններ կստեղծեի, ինչպիսին ոչ մի տեղ չկա: Սակայն մենք գերազանց ենք ապրում: Այստեղ սովից չես մեռնի: Տնտեսություն չունեմ, սակայն ունեմ եղբայր, ով մեծ ֆերմա ունի: Եթե ես միս եմ ուզում, նրանից եմ խնդրում, գնում և վերցնում եմ: Նույնը անում եմ աներոջս պարագայում, իսկ եթե նա չի տալիս, ասում եմ՝ մի՞թե աղջկադ համար ափսոսում ես: Այսպես էլ ապրում ենք»,-ասում է Բեսլանը:
Հյուրանոցներ և մասնավոր հատված
Ցերեկվա ժամը երկուսն է: Ճանապարհին գտնվող խանութ, որտեղ պատահական մտա: Հասարկ փայտե տնակ: Առաստաղը տեղ-տեղ կախվել և թափվել է, սակայն վաճառվում է ոչ միայն մթերք, այլ նաև հուշանվերներ: Հարևանությամբ դեղորայք են դրված: Ընդ որում, գները բավականին բարձր են, օրինակ, ասպիրինը 30 ռուբլի է [մոտ 50 ցենտ].
Վաճառողուհին պատմեց, որ սեզոնին 450 ռուբլով (մոտ 7 դոլար) իր տանը սենյակ է վարձակալության տալիս: Ասում է, որ դա քաղաքի միջին գինն է, եթե իհարկե տանն ամեն անհրաժեշտ բան կա:
— Ինչպե՞ս եք ապրում, — հարցնում եմ տեղացի Մերաբին, ով խնդրեց իրեն մեր մեքենայով քաղաքի կենտրոն հասցնել:
— Նորմալ: Ճիշտ է՝ տները քանդված են:
— Իսկ ինչո՞ւ չեն սարքում:
— Դե, սկսեցին և չավարտեցին: Սակայն հիմա կառավարությունը սեփականատերերին ստիպել է կես տարվա ընթացքում կարգի բերել բոլոր տները: Այլապես դրանք կբռնագանձվեն:
— Իսկ տների գնորդներ կա՞ն:
— Կան: Այստեղ ռուսներն էլ են տներ գնում և նորմալ ապրում: Ճիշտ է, ասում են խնդիրներ են լինում ձևակերպումների հետ, սակայն այդ հարցը լուծվում է:
Մերաբը մեզ պատմեց, որ ամռանը հանգստացողները քիչ են, ձմռանը՝ առավելևս: Իմ հարցին, թե ինչպես են տեղացիները գումար վաստակում, զարմացած պատասխանեց. «Դե, ամռանը զբոսաշրջության հաշվին, հանգստացողներին տներ են վարձակալության տալիս, էքսկուրսիաների են տանում: Իսկ ձմռանը գինի են խմում և հանգստանում», — ասում է Մերաբը:
Օչամչիրում երկու մասնավոր հյուրանոց և «Հաջիմբայի մոտ» հյուրատունը կա: Հյուրանոցներից մեկը վերանորոգում են, ուղևորվեցի դեպի մյուսը՝ «Սամշիտ 555»-ը:
Այստեղ սովորական համարն արժե 1250 ռուբլի (մոտ 20 դոլար), լյուքսը՝ ավելի թանկ է՝ 3 հազարից սկսած (մոտ 45 դոլար):
Սակայն ներս մտնել չհաջողվեց: Բակում երկու շուն կար, անվտանգության աշխատակիցն էլ ճանայպարհս կտրեց, քանի որ այնտեղ նույնպես վերանորոգում է: «Ամռանը կավարտենք, այն ժամանակ էլ եկեք», — ասաց նա:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ