2 միջադեպ՝ 1 օրում. «Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը»
Հունվարի 10-ին ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Լեռնային Ղարաբաղի Կարմիր Շուկա, Թաղավարդ և Նախիջևանիկ համայնքների ուղղությամբ:
Գրանցված երկու միջադեպերի մանրամասները, ինչպես նաև գնահատականներ Երևանից ու Ստեփանակերտից:
Ադրբեջանական սադրանքներ Լեռնային Ղարաբաղում
Ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների ուղղությամբ: Այս տեղեկությունները հրապարակվեցին հունվարի 10-ին՝ մի քանի ժամվա տարբերությամբ:
Կարմիր Շուկային ուղղված կրակահերթերը եղել էին մանկապարտեզի հարակից տարածքում: Բնակիչները չէին տուժել, հրդեհվել էր նրանցից մեկի ավտոմեքենան. այն կայանված էր եղել մանկապարտեզի հարևանությամբ: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու ընթացքում կրակոցների թիրախում էին հայտնվել նաև փրկարարները:
Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել էին հրաձգային զինատեսակների գնդակներ, համայնքի մեկ այլ տան բակում՝ գնդակների մնացորդներ:
Արցախի ՆԳՆ ոստիկանությունը կատարվածը որակել է «խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանք»՝ տեղեկացնելով, որ փրկարարների շրջանում ևս տուժածներ չկան:
Ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածում, թե Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ավտոմեքենայից կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ։ ՊԲ-ն հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ՝ հերքելով այդ լուրերն ու դրանք բնորոշելով որպես «հերթական ապատեղեկատվություն»:
«Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ», — նշված է ՊԲ տարածած հաղորդագրության մեջ:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ՝ կրակոցների հետևանքով Թաղավարդ համայնքին պատկանող արոտավայրերից մեկում տուժել է բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր անասունը, իսկ անասնապահին հաջողվել է պատսպարվել։
Հիշեցնենք, որ հունվարի 8–ին էլ ադրբեջանական Զինված ուժերը կրակոցներ էին արձակել ՀՀ սուվերեն տարածքի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։
Ժամեր անց հաղորդվեց, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև ԼՂ Ասկերանի շրջանում: Ւնտենսիվ կրակահերթի տակ են հայտնվել 4 քաղաքացիական անձինք, որոնք գյուղատնտեսական աշխատանք են կատարել Նախիջևանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում:
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ կրակը դադարել է, Արցախի քաղաքացիները կարողացել են անվնաս դուրս գալ այգուց: Վնասվել է միայն գյուղատնտեսական տեխնիկան։
2022 թ.-ի հունվարի 2-ին ադրբեջանցիների մասնակցությամբ ևս մեկ միջադեպ գրանցվել էր Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի հատվածում: Ադրբեջանցիները զենք էին ուղղել հայ վարորդի մեքենայի վրա, որում այդ պահին գտնվել էին նաև նրա կինն ու 3-ամյա երեխան: Այնուհետև ադրբեջանցիները մեծ քարերով հարվածել էին ավտոմեքենային՝ վնասելով մեքենայի դիմային հատվածը:
Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են ադրբեջանական սադրանքների հետևանքները:
«Խաղաղասիրական» հայտարարությունները կապ չունեն Ադրբեջանի իրական նպատակների հետ». Արցախի ԱԳՆ
Արցախի արտաքին գերատեսչության գնահատմամբ՝ ադրբեջանական զինուժի կողմից զինադադարի ռեժիմի խախտումներն «Ադրբեջանում վարվող հայատյաց և նացիստական քաղաքականության դրսևորումներ են».
«Դրանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ»:
Ստեփանակերտն ընդգծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային իրավունքի նորմերի և մարդասիրության սկզբունքների կոպիտ խախտում է՝ միտված Արցախի Հանրապետության հասարակության ահաբեկմանը և ռուս խաղաղապահ առաքելության գործունեության խափանմանը։
«Նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը՝ ապրել և արարել Արցախում, որի համար բացարձակապես անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում», — ասված է ԱԳՆ հայտարարությունում:
«Ադրբեջանը շարունակում է առաջ մղել Արցախի հայաթափման ծրագիրը». Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը վերջին օրերին առավել մեծ ինտենսիվությամբ է կրակահերթեր արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ: Այդ մասին են վկայում նաև հավաքագրված փաստերը:
ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ոտնձգություն է խաղաղ բնակչության իրավունքների, առաջին հերթին՝ կյանքի իրավունքի դեմ։ Ասում է՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների նպատակը Արցախի բնակչությանը ահաբեկելն է, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորելը.
«Կեղծ խաղաղասիրության շղարշի ներքո ադրբեջանական կողմը շարունակում է առաջ մղել Արցախի հայաթափման ծրագիրը՝ մշտական վախի մեջ պահելով Արցախի ամբողջ տարածքում և մասնավորապես սահմանային դարձած բնակավայրերում խաղաղ բնակչությանը»:
Գեղամ Ստեփանյանը Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների պաշտպանության համար խիստ կարևոր և առանցքային է համարում խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը։
«Մանրամասներ չեմ կարող ներկայացնել». ՊՆ փոխնախարար
Հունվարի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում սահմանային իրավիճակին անդրադարձել է ՀՀ պաշտպանության փոխնախարարը: Փոխնախարար Արման Սարգսյանի գնահատմամբ՝ վերջին ժամանակաշրջանում իրավիճակը սահմանին այնքան էլ լարված չէ.
«Սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել որոշակի լարվածություն»:
Խոսելով երեկ Արցախում հնչած կրակոցների մասին՝ նախարարի տեղակալը միայն մեկ բան է ասել՝ մանրամասներ չեմ կարող ներկայացնել:
Սարգսյանի դիտարկմամբ՝ սադրանքներ, միջադեպեր եղել են և կարող են լինել: Հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին՝ վստահեցնելով, որ ամեն բան հրապարակվում է:
«Ինքներդ էլ համոզվել եք, որ որևէ գաղտնիք չի պահվել հասարակությունից, միգուցե մեկի գնահատմամբ՝ մի փոքր ուշ, մեկի գնահատմամբ՝ շատ օպերատիվ, մենք տեղեկատվությունը տրամադրել ենք, ամեն ինչի մասին հանրությունը իրազեկվել է», — ընդգծում է ՊՆ փոխնախարարը:
Արման Սարգսյանի խոսքով՝ ապրում ենք տարածաշրջանում, որը կայուն չէ, և իր համար ընկալելի է, որ կարող են լինել նաև կրակոցներ: Փոխնախարարն ասում է՝ բոլոր երկրներն էլ խոսում են խաղաղությունից, սակայն ոչ բոլորն են «իրական խաղաղություն տենչում»:
Հայաստանն, ըստ նրա, իսկապես ուզում է բացել խաղաղության դարաշրջան: Այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: