15 զինծառայող վերադարձվել է Ադրբեջանից Հայաստան՝ ականապատ տարածքների քարտեզների դիմաց
Ադրբեջանը Հայաստանի 15 ձերբակալված զինվորականների հանձնել է հայկական կողմին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում ադրբեջանական բանակի վերահսկողության տակ անցած Աղդամի շրջանի ականապատ տարածքների քարտեզների տրամադրման դիմաց:
Փոխանակումը տեղի է ունեցել Վրաստանի հետ Ադրբեջանի սահմանին: «Նրանք ազատվել են […] Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆիլիպ Ռիկորի ակտիվ աջակցությամբ», — ասված է Վրաստանի կառավարության հատուկ հայտարարության մեջ:
- Հայաստանի վարչապետը պատրաստ է որդուն փոխանակել Ադրբեջանում պահվող գերիների հետ
- «Գերիներին օգտագործում են որպես քաղաքական պատանդ»․ Երևանն արձագանքում է Բաքվի գործողություններին
Տեղեկատվություն Բաքվից
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թ. հունիսի 12-ին Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների տրամադրման դիմաց, որոնց վրա նշաված են Աղդամի շրջանում 97 հազար հակատանկային և հակահրթիռային ականների տեղակայման վայրերը, Ադրբեջանը հանձնեց 15 ձերբակալված հայերի ադրբեջանա-վրացական սահմանին Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մենք բարձր ենք գնահատում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Վրաստանի կառավարության աջակցությունը մարդասիրական այս գործողությունն իրականացնելու հարցում: Միևնույն ժամանակ, մենք հատկապես կարևորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆիլիպ Ռիկորի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ԵԱՀԿ-ի Շվեդիայի նախագահության միջնորդական դերը:
Ականների քարտեզները կփրկեն մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև ականազերծման մասնագետների կյանքերն ու առողջությունը, և կարագացնեն Աղդամում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած վերակառուցման ծրագրերը և ներքին տեղահանվածների վերադարձը», — ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Մեկնաբանություն Բաքվից
Քաղաքական մեկնաբան Ասաֆ Գուլիևի խոսքով՝ ականապատված տարածքների քարտեզների տրամադրումը Ադրբեջանին պահվող 15 զինծառայողի դիմաց, խոսում է երկու երկրների՝ հարաբերությունները կայունացնելու և տարածաշրջանի պետությունների միջև հաղորդակցության հնարավորությունները վերականգնելու կամքի մասին.
«Կարելի է եզրակացնել, որ Արևմուտքը հասկացել է. Ադրբեջանը հենց այնպես չի վերադարձնի Հայաստանի զինված ուժերի ձերբակալված զինծառայողներին: Հայաստանում նրանց անվանում են ռազմագերիներ, մեր երկրում՝ դիվերսանտներ կամ ահաբեկիչներ:
Մյուս կողմից էլ, պարզ է, որ հայկական կողմի ունեցած ականապատված տարածքների քարտեզները տրամադրելու մերժումը ոչ մի կերպ չէր խոսում հակառակ կողմի բարի կամքի մասին:
Եվ հիմա, երբ այսպես կոչված գործարքն արդեն ավարտված է, կարելի է փաստել. կողմերը փոխզիջումներ արեցին և պատրաստ են տվյալ պայմաններում հարաբերությունների առավելագույն կարգավորման»:
Ավելին, Ասաֆ Գուլիևն ակնկալում է փոխանակման շարունակություն, որը կդառնա արդեն սկսված գործընթացի տրամաբանական շարունակությունը.
«Ի վերջո, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայկական և ադրբեջանական կողմերի շփումները կոմունիկացիաների բացման հարցերը լուծելու համար շարունակվել են, չնայած դրանք չեն գովազդվել: Եվ ինչպե՞ս կարող են հաղորդակցությունները բաց լինել, եթե կողմերը տարրական վստահություն չունեն միմյանց նկատմամբ»:
Միևնույն ժամանակ, Գուլիևը չի բացառում անակնկալներ՝ փոխանցված քարտեզներում.
«Շատ հնարավոր է, որ ինչ-որ անակնկալներ լինեն: Ասենք, չլինեն ականներ, որտեղ դա նշված է քարտեզների վրա, և լինեն ականներ այնտեղ, որտեղ քարտեզները «մաքուր» են: Անհնար է ամեն ինչ քարտեզագրել լարված պատերազմի ընթացքում: Սա պետք է հաշվի առնել: Բայց 97,000 ականները շատ լուրջ թիվ է, և դա թույլ կտա ադրբեջանական կողմին արագացնել օկուպացիայից ազատագրված տարածքների ականազերծման գործընթացը»:
Ասաֆ Գուլիևը վստահ է, որ կողմերը կշարունակեն փոխանակվել արդեն սկսված կարգով.
«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը գրավյալ է ճանաչում նախկին ԼՂԻՄ-ի շուրջ Հայաստանի կողմից գրեթե 30 տարի պահվող տարածքները: Սա արտացոլված է նաև ՄԱԿ-ի բանաձևերում: Եվ շատ բնական է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի ականապատված տարածքների քարտեզները նաև ազատագրված այլ շրջանների տարածքներում՝ Ադրբեջանում պահվող հայ զինծառայողների դիմաց:
Քանի որ ներկայիս պայմաններում Հայաստանի համար իմաստ չկա թաքցնել իր ունեցած քարտեզները, և իմաստ չունի, որ Ադրբեջանը տարիներ շարունակ պահի հայ զինծառայողներին: Միայն կողմերի բարի կամքը կարող է վերջապես խաղաղություն բերել մեր տարածաշրջանին»:
Տեղեկատվություն Երևանից
15 ռազմագերիների վերադարձի մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ.
«Այս պահին մեր խնդիրն է մեր տղաներին ընդունել ու հասցնել իրենց տներ, հանձնել իրենց հարազատներին, ապա զբաղվել մյուս գերիների վերադարձով»:
Հայ իրավապաշտպաններն ասում են, որ շուրջ 200 մարդ դեռ գտնվում է Ադրբեջանում: Իսկ Փաշինյանը վստահեցրել է ընտրողներին, որոնց հետ հանդիպել է, որ արվում է հնարավորը՝ Ադրբեջանից մնացած գերիներին վերադարձնելու համար.
«Ուզում եմ նախապես ներողություն խնդրել այն ընտանիքներից, ում զավակներն այսօր չեն վերադառնում, և նրանք դեռ պետք է սպասեն։ Հուսով եմ՝ նրանք ըմբռնումով կվերաբերվեն դրան։ Ցավոք, մենք չենք կարողանում բոլորին վերադարձնել»:
Մեկնաբանություն Երևանից
Քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյանը ասում է, որ վերջին շրջանում Ադրբեջանում ականապատված տարածքների թեման շատ է քննարկվում․
«Ես կասկածում եմ, որ Բաքվի ղեկավարությունն այս թեման օգտագործում է շատ հստակ նպատակների համար: Մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարությունն այդպիսով բացատրում է քաղաքացիներին, այդ թվում՝ Բաքվի վերահսկողության տակ անցած շրջանների բնակիներին՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու արգելքը:
Ինչն է այս արգելքի պատճառը՝ կարելի է միայն գուշակել: Կա՛մ Ադրբեջանը չի պատրաստվում զարգացնել այդ տարածքները՝ գիտակցելով, որ դրանք պետք է վերադարձվեն, կա՛մ պատրաստվում է այդ տարածքներում ստեղծել մի բան, որն անհամատեղելի է քաղաքացիական կյանքի հետ:
Բացի այդ, «ականների թեմայով» Բաքուն փորձում է հավասարակշռել Հայաստանի և համաշխարհային հանրության կողմից անմարդկային պահվածքի մեղադրանքները՝ հայ գերիներին պահելը, հումանիտար և այլ միջազգային կազմակերպություններին Արցախ չթողնելը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններից հրաժարվելը:
Խոսելով ականապատ տարածքների մասին՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ հայերն էլ են իբր դաժան: Եվ երրորդ պատճառը. Ադրբեջանում հասկանում են, որ գերիներին չեն կարող անվերջ պահել, նրանց պետք է ազատ արձակել, և անհրաժեշտ է հասարակությանը ներկայացնել այդ քայլի «հիմնավորումը»:
Վրաստանի վարչապետի և Վրաստանում ԱՄՆ դեսպանության մեկնաբանությունները
Հայաստանի 15 քաղաքացիներ Ադրբեջանից հանձնվել են հայկական կողմին Վրաստանի տարածքում, դա տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ֆիլիպ Ռիկորի ակտիվ օգնությամբ: Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության հատուկ հայտարարության մեջ:
Վրաստանի վարչապետն անձամբ անընդհատ կապի մեջ է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աջակցել է ականապատ տարածքների վերաբերյալ կարևոր նյութերի փոխանցմանը Ադրբեջանին՝ հայկական կողմից:
Հայտարարության մեջ շեշտվում է «Վրաստանի նշանակալի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության իրավիճակի բարելավմանն ուղղված այս հատուկ քայլը կատարելու գործում»:
Վրաստանի կառավարությունը հայտարարել է ապագայում իր գործընկերներին օգնություն ցուցաբերելու և, ի թիվս այլ քայլերի, հումանիտար հարցերի լուծմանը ակտիվորեն մասնակցելու պատրաստակամության մասին:
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ադրբեջանում պահվող 15 հայերի ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի որոշումը՝ Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկություններ, որոնք կնպաստեն ականազերծմանը և թույլ կտան խուսափել զոհերից հետագայում:
Դեսպանատունը հայտարարության մեջ հատուկ երախտագիտություն է հայտնում Վրաստանի վարչապետին և կառավարությանը՝ իրենց կարևոր դերակատարության համար «տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղ և բարգավաճ ապագային մոտեցնելու գործում»:
«Միացյալ Նահանգները ուրախ են աջակցել այս քայլերին և հուսով, որ դրանք հիմք կդնեն հետագա համագործակցության համար: Մենք շարունակում ենք կոչ անել վերադարձնել բոլոր պահվող անձանց և պատրաստ ենք օժանդակել տարածաշրջանի երկրներին համագործակցությունը շարունակելու և նրանց միջև առկա խնդիրների լուծման գործում:
Մենք նաև շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորման համար », — տեղեկացնում են ԱՄՆ դեսպանությունից: