3 միլիոն՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ստալինյան բռնաճնշումների զոհերի մասին: Տեսանյութ
Ամեն տարի հոկտեմբերի 30-ին բոլոր նախկին խորհրդային հանրապետություններում հիշում են քաղաքական բռնաճնշումների զոհերին, որոնք ասոցացվում են առաջին հերթին Ստալինի անվան հետ:
Ում են հիշում
Համաձայն ամենապահպանողական, փաստագրորեն ապացուցված տվյալների՝ Խորհրդային Միությունում քաղաքական դրդապատճառնեով բռնաճնշումների են ենթարկվել (գնդակահարություն, աքսոր և ճամբարներ, քաղաքացիական իրավունքներից զրկում) մոտ 13 միլիոն մարդ: Նրանց թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի բնակիչներ:
• Խորհրդային Միությունը վերածնվում է Հյուսիսային Օսիայում
• Ստալինը կրկին կենդանի է Հարավային Օսիայում և Արևելյան Ուկրաինայում
Հայաստան
Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում բռնաճնշումների սկիզբը ազդարարվել է դեռևս 1923-1928 թթ․-ին։
1930-ականներին սկսվել են հակաեկեղեցական հետապնդումները, որոնց ընթացքում բռնադատվել է 89 հոգևորական։
Միայն 1937թ. Հայաստանում բռնաճնշումների է ենթարկվել 4,951 մարդ, նրանցից 3,140-ը գնդակահարվել են
Տուժել են նաև բարձրաստիճան խորհրդային պաշտոնյաներ: Հարցի նկատմամբ խորհրդային իշխանությունների պաշտոնական մոտեցումը ներկայացրել է խորհրդային ամենագլխավոր և ամենասարսափելի առաջնորդներից մեկը՝ Լավրենտի Բերիան «Փոշիացնել սոցիալիզմի թշնամիներին» հոդվածում, որը հրապարակվել է «Պրավդա» թերթում:
Բերիան, ի թիվս այլոց, հակահեղափոխական գործունեության մեջ է մեղադրել Հայաստանի Կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության առաջին քարտուղար Աղասի Խանջյանին:
Այդ հրապարակումից ընդամենը մեկ ամիս առաջ՝ 1936թ., Աղասի Խանջյանը, համաձայն պաշտոնական վարկածի, ինքնասպանություն էր գործել:
Հաջորդ տարի՝ 1937թ. օգոստոսին, դարձյալ պաշտոնական վարկածով, ինքնասպանություն գործեց Հայաստանի ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը:
1930-ականներին սկսված զանգվածային կուլակաթափությունն ունեցվածքից զրկել է բազմաթիվ գյուղացիների: Քաղաքներում էլ հետապնդումների էին ենթարկվում հիմնականում քաղաքական և հասարակական գործիչները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, արվեստի հայտնի գործիչները, գիտնականները:
Բռնաճնշումների հիմնական շրջանը «Մեծ տեռորի» տարիներին էին՝ 1937-38թթ:
Ստալինյան բռնաճնշումների զոհ են դարձել Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Մկրտիչ Արմենը, Վահրամ Ալազանը, Գուրգեն Մահարին, Վաղարշակ Նորենցը, Վահան Թոթովենցը, Մովսես Սիլիկյանը, Լևոն Կարախանը և տեղի մտավորականության այլ գործիչներ:
Ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած հայաստանցիների ճակատագրերի ուսումնասիրություն առաջին անգամ կատարվել է 1993-1996 թվականներին: Իրավապահ մարմինների արխիվային տվյալների հիման վրա «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակվել է 1930-1938թթ. բռնաճնշումների զոհերի ցուցակը:
Միայն 1937թ. Հայատսանում բռնաճնշումների է ենթարկվել 4,951 մարդ, նրանցից 3,140-ը գնդակահարվել են: 1938թ. բռնաճնշումների է ենթարկվել 3,153 մարդ, որոնցից գնդակահարվել են 1390-ը։
Ութ տարվա ընթացքում՝սկսած 1930թ-ից, բռնաճնշումների է ենթարկվել Հայաստանի 14,904 բնակիչ, նրանից 4,639-ը գնդակահարվել են:
Այս թիվը հատկապես իմաստ է ստանում՝ հաշվի առնելով, որ 1939թ. Հայաստանում ապրում էր ընդամենը 1 միլիոն 300 հազար մարդ:
Նրանց մեղադրում էին հակախորհրդային, դաշնակցական, հակահեղափոխական գործունեության, ինչպես նաև բանդիտիզմի, տրոցկիզմի, լրտեսության, ահաբեկչության, ազգայնական գաղափարախոսության քարոզչության մեջ:
Դատավճիռներում ասվում էր, որ նրանց նպատակն է ստեղծել առանձին ազգային հայկական պետություն և խարխրել Խորհրդային Միության հիմքերը:
Հայ մտավորականությունը բռնաճնշումների է ենթարկվել նաև ԽՍՀՄ այլ հանրապետություններում, մասնավորապես Ռուսաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Այդ ցուցակում առավել հայտնի է քաղաքական և ռազմական գործիչ Հայկ Բժշկյանցը (Գայ):
Վրաստան
1937-1938թթ. Վրաստանում ապրում էր երկուսուկես միլիոն մարդ: Բռնաճնշումների է ենթարկվել 29,051 մարդ:
Նրանցից 14,372-ը գնդակահարվել են, մյուսները՝ աքսորվել:
29,051 մարդ Վրաստանում բռնաճնշումների է ենթարկվել 1937-38թթ: Նրանցից 14,372-ը գնդակահարվել են
Բռնաճնշումների են ենթարկվել այդ թվում հայտնի գրողներ, երգահաններ, բանաստեղծներ ու նկարիչներ, գիտական գործիչներ: Երկրի ամենապայծառ ուղեղները մեղադրվել են որպես «ժողովրդի թշնամիներ» և «վնասարարներ»:
Վրաստանում բռնաճնշումների գործընթացը ղեկավարում էր անձամբ Լավրենտի Բերիան:
Հազարավոր մարդիկ բռնաճնշումների են ենթարկվել միանգամայն անհեթեթ մեղադրանքներով:
Օրինակ, արխիվներում պահվում է մի ծեր կոշկակարի գործ, որին բռնաճնշումների են ենթարկվել այն բանի համար, որ նա իր աշխատանքի ընթացքում ասեղով ծակել է այն թերթը, որտեղ եղել է Ստալինի լուսանկարը, և ծակել է հենց նրա աչքը: Այդ մասին մատնություն է գրել հենց այն քաղաքացին, որի կոշիկն այդ պահին կարում էր կոշկակարը:
Ադրբեջան
Ադրբեջանում ստալինյան բռնաճնշումների «դեմքը» Միր Ջաֆար Բագիրովն էր՝ Ադրբեջանական ԽՍՀ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը:
Բռնաճնշումների են ենթարկվել բազմաթիվ հայտնի գրականագետներ: Նրանց ձերբակալությանը, որպես կանոն, նախորդում էին հալածանքներրը մամուլում:
120 հազար մարդ Ադրբեջանում բռնաճնշումների է ենթարկվել 1937-1938թթ.
Դա բանաստեղծ Ահմեդ Ջավադն էր՝ անկախ Ադրբեջանի օրհներգի խոսքերի հեղինակը:
29-ամյա բանաստեղծ Միխաիլ Մուշֆիգին գնդակահարվել է որպես «ժողովրդի թշնամի», ընդ որում, նրա աճյունը մինչ այժմ չի հայտնաբերվել:
Ամենահայտնի և տաղանդավոր բանաստեղծներից, գրողներից և դրամատուրգներից մեկը՝ Հուսեյն Ջավիդը ձերբակալվել է 1938թ. և երեք տարի անց մահացել ճամբարում:
Տուժել են նաև բազմաթիվ հայտնի գիտնականներ, նավթագործ-մասնագետներ և հենց կուսակցական էլիտան:
Մեղադրանքները կարող էին հնչել՝ որպես «հակահեղափոխական գործունեություն», «հակախորհդային քարոզչություն», «ազգայնականություն»: Մատնությունները վերածվել էին հաշիվներ մաքրելու համահասանելի գործիքի: Դատավճիռները կայացվում էին առանց մեղադրյալների մասնակցության:
Ադրբեջանում «Մեծ տեռորի» զոհերի ընդհանուր թիվը հայտնի չէ: Պատմաբաններն ու ականատեսներն ասում են, որ Մեծ տեռորի առաջին կես տարում ազատվում էին «կասկածելի» քաղաքացիներից՝ առանց հաշվառման, դատի և քննության:
Զոհերի հստակ թիվը պարզել հնարավոր չի եղել, բայց ընդհանուր առմամբ 1937-1938 թթ. ընթացքում բռնաճնշումների ենթարկվածները, այդ թվում տարբեր ժամկետներով դատապարտվածներ, արտաքսվածներ և հարկադիր տեղահանվածներ, Ադրբեջանում հաշվվում է 70, 000-120,000:
Ադրբեջանի համար, որի բնակչությունն այդ պահին կազում էր 3 միլիոնից մի փոքր ավելի, դա հսկայական թիվ է:
Ռուսաստան
Ռուսաստանում քաղաքական բռնաճնշումների զոհերի թիվը կազմում է մոտ 13 միլիոն, մոտ 1 միլիոն՝ գնդակահարվածներ:
Ամեն տարի ռուսական «Մեմորիալ» միությունը հոկտեմբերի 29-ին քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի արարողություն է անցկացնում: Այն տեղի է ունենում Մոսկվայում՝ «Սոլովեցկի քարի» մոտ, որը տեղադրված է ՎՉԿ—ՕԳՊՈՒ- ՆԿՎԴ- ԿԳԲ կենտրոնակայանի շենքի մոտակայքում, որտեղ կտտանքների են ենթարկել և սպանել քաղբանտարկյալներին:
Այժմ այնտեղ տեղակայված է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության գրասենյակը: