104 հավկիթ, 21 օր, 80 ճուտ. տեսանյութ Բաքվի ծայրամասում գտնվող փոքր թռչնաֆերմայից
Զաքիր Զեյնալովը միշտ երազել է թռչնաբուծությամբ զբաղվել: Կենսաթոշակային տարիքը լրանալուն պես, նա հրաժարվեց տաքսու վարորդի աշխատանքից և սկսեց ճտեր բուծել:
Զաքիրն ապրում է Մաշթաղայում՝ Բաքվի ծայրամասում գտնվող ավանում: Թռչնաբուծությամբ զբաղվել նրան ոչ ոք չի սովորեցրել, այնպես որ, մասնագիտության նրբություններին նա ծանոթացել է առաջին հերթին ինկուբատորի ձեռնարկից, ինպես նաև՝ սեփական սխալներից դասեր քաղելով:
Ինկուբատորը նա գնել է Ադրբեջանի ամենամեծ շուկայից, որը կրում է ««Սեդերեք» առևտրի կենտրոն» հպարտ անվանումը: «Սեդերեքում» վաճառվում է բացարձակապես ամեն ինչ՝ կոշիկից մինչև պաստառ:
Ինկուբատորը պոլիստիրոլի մեծ փրփրաճամպրուկի է նման: Դրանում 104 ձու է տեղավորվում, և, ինչպես Զաքիրն է ասում, 104 ձվից 21 օր անց 80 ճուտ է դուրս գալիս:
Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ. պետք է հետևել, որպեսզի ձվերն անընդհատ հավասարաչափ ջերմացվեն: Ինկուբատորում դրանք անընդհատ պտտվում են, բայց ոչ միշտ՝ ճիշտ, և դրանք պետք է ձեռքով ուղղել: Եթե լույս չի լինում, Զաքիրը ստիպված է լինում ինկուբատորը սրբիչով փաթաթել, որպեսզի այն չսառչի:
«Իսկ եթե կես ժամից ավել լույս չէր լինում, ինկուբատորին ավտոմեքենայի ակումուլյատոր էի միացնում: Թեև, ընդհանրապես, լույսն այնքան էլ հաճախ չեն անջատում՝ ամսական մի քանի անգամ, այն էլ՝ կարճ ժամանակով»:
Երբ ճտերը դուրս են գալիս, նրանց հատուկ խնամք է անհրաժեշտ. առաջին օրը՝ ոչ մի սնունդ, հաջորդ օրը՝ եռացրած քաղցր ջուր, իսկ հետո արդեն կարելի է հատուկ կեր տալ:
Զաքիրը երազում է ընդլայնել իր փոքր բիզնեսն ու սկսել հնդկահավ, ոչխար և այլ կենդանիներ բուծել: