100 տարի առաջ Բաքվում տեղի ունեցած «Մարտյան կոտորածը» բոլշևիկների դեմ մուսուլմանական ուժերի ընդվզման արդյունք է
Մարտի 31-ին լրանում է այն իրադարձությունների 100 տարին, որոնք Կովկասի ողբերգական պատմության մեջ են մտել «Բաքվի մարտյան կոտորած» պայմանական անվամբ: 1918թ-ի այդ օրը Բաքվում, ըստ տարբեր գնահատականների սպանվել է 3-12 հազար խաղաղ բնակիչ: Աղբյուրների մեծ մասը համակարծիք է, որ նրանք հիմնականում ադրբեջանցիներ են եղել:
Ինչպես սովորաբար լինում է հակամարտության համատեքստում այդ իրադարձությունների վերաբերյալ մի քանի վարկած կա, որոնք հաճախ տալիս են ինչպես հակասական տեղեկատվություն, այնպես էլ արմատապես տարբեր կերպ են մեկնաբանում փաստերը:
Այդ պատճառով էլ JAMnews-ն առաջարկել է այդ իրադաձությունների մասին պատմել երկու փորձագետների՝ պատմական գիտությունների դոկտոր Վահան Մելիքյանին (Երևան) և Թորգուլ Մաշալիին (Բաքու):
Ադրբեջանցի փորձագետ Թորգուլ Մաշալիի հոդվածը, որը հրապարակվել է JAMnews-ում, ներկայացնում է այդ իրադարձությունների վերաբերյալ արմատապես տարբերվող վարկած, որը տարածված է Ադրբեջանում:
Վահան Մելիքյանը պատրաստվում է լույս ընծայել իր գիրքը, որում անդրադարձ է արվում 1918թ-ի մարտյան իրադարձություններին: Գիրքը դեռևս համացանցում չկա, սակայն հեղինակը JAMnews-ին հնարավորություն է տվել որոշ կրճատումներով հրապարակել դրա նախաբանը:
«Բաքվի իրադարձությունները հայ-թաթարական բախումների բնույթ չեն կրել, կռիվների ամբողջ ընթացքում թուրքերը ձեռք չէին տալիս թրքական թաղամասերում և տներում ապրող հայերին: Իսկ հայկական զորամասերը փրկեցին և ապաստան տվին ավելի քան 14.000 մահմեդականների, որոնց հետ վերադարձրին պարսից հյուպատոսի միջոցով», — սա հայտնի ադրբեջանցի արդյունաբերող, լուսավորիչ և բարերար Հաջի Զեյնալ Աբդին Թաղիևի խոսքերն են:
Որպես հիմնահարցի [Բաքվում կատարվածի] խորքային քաղաքական պատճառներ` մի կողմից հանդես են գալիս 1917 թ. Ռուսաստանյան Փետրվարյան հեղափոխությունն ու բոլշևիկյան հոկտեմբերյան հեղաշրջումը, մյուս կողմից` դրանց արդյունքում պանթուրքիզմի աննախադեպ ակտիվացումը Անդրկովկասում:
Ազատվելով ռուսական դարավոր գերիշխանությունից` Կովկասի թաթարական ազգայնամոլ, հիմնականում խոշոր կալվածատիրական միջավայրում 1917 թ. գարնանից սկսեց ձևավորվել թյուրքական կամ մահմեդական, ազգային անկախ պետության ստեղծման գաղափարը:
Այն ուղղակիորեն սնվում ու աջակցություն էր ստանում Օսմանյան Թուրքիայի կողմից և դիտարկվում էր որպես պանթուրքիզմի իրականացման առաջին ու կարևորագույն հանգրվանը:
Գաղափարի կրողները «Մուսավաթ» կուսակցության ղեկավար գործիչներն էին: Բոլշևիկյան հեղաշրջումից հետո նրանք ակտիվորեն ներգրավված էին խորհրդային իշխանությունը չճանաչող Անդրկովկասյան կոմիսարիատի կազմում… և նպաստում էին ցեղակից ու կրոնակից Թուրքիայի շուտափույթ ներգրավմանն Անդրկովկասի ներքին ազգային-քաղաքական հիմնախնդիրների լուծմանը:
[Միաժամանակ] վրացական Սոցիալ-դեմոկրատական մենշևիկյան կուսակցության նպատաը բոլշևիկյան Ռուսաստանից անջատումն էր, ինչպես նաև Անդրկովկասում հայկական տարրի թուլացումը, իսկ պանթուրքիզմի համատեքստում` օբյեկտիվորեն նաև նրա վերացումը: Պ անթուրքիզմի համատեքստում Բաքուն նոր նշանակություն էր ձեռք բերում: Բոլշևիկների կողմից այն դիտարկվում էր որպես երկրամասը խորհրդայնացնելու, այլ խոսքով` այդ ճանապարհով կայսերական ռուսական տարածքները վերադարձնելու գլխավոր միջոց: Մուսավաթի համար քաղաքը վերածվում էր «ազգային իդեալի» հավաքական կենտրոնի:Այս կիզակետում բախվում էին պանթուրքիզմի ու խորհրդային իշխանության շահերը:
Բաքվի խորհրդային իշխանությունը ներկայացված էր Ստեփան Շահումյանի անձով, և թուրք-թաթար-վրացական եռյակի կողմից դա մեկնաբանվում էր իբրև հայամետ ազգային գործոն:
Ուստի և Բաքվի համար պայքարը 1918 թ. մարտ-ապրիլ ամիսներին ստանում էր նաև ազգային, իսկ հայության համար` գոյապայքարի նկարագիր:
Ա սելով «1918 թ. մարտյան իրադարձություններ»` անհրաժեշտ է նկատի առնել 1917 թ. դեկտեմբերից մինչև 1918 թ. ապրիլի սկիզբն ընկած ժամանակահատվածը, Անդրկովկասյան երկաթուղու երկայնքով 1917 թ. դեկտեմբեր — 1918 թ. հունվար ամիսներին հակառուսական ու հակահայկական բռնությունները, Շամխորի նախճիրը, Երևանի նահանգի հակահայկական թուրքական ու քրդական խռովությունները, Ատրպատականի հայկական կոտորածները, Արևելյան Անդրկովկասի ռուս, հայ-հրեա ազգաբնակչության էթնիկ զտումները և վերջապես` Անդրկովկասում իշխանության համար մղվող բազմաշերտ ու անզիջում պայքարը, Թիֆլիսի գրավման հիմնահարցը:1918 թ. Բաքվի մարտյան ընդհարումների հիմնահարցը առավել քան երբեք քաղաքականացվել է խորհրդային պատմագրության կողմից: Վերջինիս ներկայացուցիչները Բաքվի դեպքերի մեկնաբանման ելակետ են ընդունում քաղաքացիական պատերազմի հիմնադրույթը, և այստեղից էլ` հակամարտող կողմերի տարանջատման խնդիրը, այն է` մի կողմից խորհրդային իշխանություն և մյուս կողմից` մուսավաթական ուժեր և «Վայրի դիվիզիա» [հիմնականում կազմված էր Կովկասում ծնված մուսուլման կամավորներից — JAMnews]:
Այդպիսի մոտեցումը լիովին անտեսում է Բաքվի և Արևելյան Անդրկովկասի հայկական գործոնի մասնակցությունը, առավել ևս բոլշևիկներ-Դաշնակցություն համագործակցության փաստը, իսկ Դաշնակցության կողմից իբր հայ-թաթարական ազգամիջյան կոտորածներ սանձազերծելու խնդիրը մղվում է առաջին պլան:
Մ արտյան դեպքերը, որոնք տեղի են ունեցել 1918-ին, քաղաքականացվում են նաև մեր օրերում: Ադրբեջանական վեբկայքերում պատմաբաններից շատերը փորձում են ներկայացնել «այն բոլոր չարչարանքները, որ բաժին հասան ադրբեջանցի ժողովրդին»:Անգլիացի լրագրող-ուսումնասիրող Թոմաս դե Վաալն իր «Սև այգի» աշխատասիրության մեջ ընդգծում է այն էական հանգամանքը, որ 1918 թ. մարտի 31-ի և «ցեղասպանություն» եզրույթի միավորումը վկայում է այն մասին, որ «հիշատակի օրը ոչ այնքան անցյալին է վերաբերում, որքան մերօրյա քաղաքականությանը: Եթե ցեղասպանության օր ունեն հայերը, ինչո՞ւ Ադրբեջանը նույնպես չունենա»: Իրադարձությունների զարգացման հեռանկարի առումով Թ. դե Վաալը միանգամայն սթափ եզրահանգման է գալիս, նշելով, թե «օգտագործելով եզրույթը` Ալիևը մենամարտ սանձազերծեց երկու ժողովուրդների միջև»:
Ինչ վերաբերում է 1918 թ. մարտին հայերի ու բոլշևիկների կողմից իբր 12 հազար թաթարների կոտորածի ստահոդ փաստին, ապա խորհուրդ ենք տալիս այս և ադրբեջանցի մյուս հեղինակներին, հիշելու իրենց անվանի հայրենակից Զ. Թաղիևի երախտիքի խոսքը` ուղղված Բաքվի հայությանն ու նրա ազգային կազմակերպություններին:
1918 թ. Մարտյան իրադարձությունները մուսավաթական խռովության արդյունք էին:
Դ րանց նպատակն էր` Բաքվում տապալել ժողովրդավարական սոցիալիստական խորհրդի իշխանությունը, գրավելու քաղաքը և այն հռչակելու թաթարական հանրապետության մայրաքաղաք: Եվ քանի որ երկրամասի գլխավոր նավթարդյունաբերական կենտրոնում գերիշխող էր հայկական տարրի և ազգային կազմակերպությունների ու հաստատությունների ազդեցությունը, ուստի այդ իշխանության ու Բաքվի համար պայքարը վերածվեց Բաքվի և նահանգի հայ ազգաբնակչության գոյապայքարի:1905-1907 թթ. հայ-թաթարական ընդհարումներից հետո Բաքվի 1918 թ. մարտյան դեպքերը, փաստորեն, հայկական տարրի թուլացման ու վտարման երկրորդ փուլ կարելի է դիտարկել: Նշված համատեքստում կայացավ նաև հայկական բոլոր հոսանքների ու կուսակցությունների համատեղ հանդես գալու աննախադեպ համերաշխության ու փոխգործունեության երևույթը:
Բաքվի 1918 թ. Մարտյան իրադարձությունները Անդրկովկասի համար ունեցան խոշոր և բեկումնային քաղաքական նշանակություն: Խոսքը վերաբերում էր նախ և առաջ պանթուրքիզմի վճռական գրոհը կանխելուն: