Ադրբեջանում աղջկա դաժան սպանության մեղադրյալը հրաժարվել է իր խոստովանությունից
Հունվարի 27
Իլկին Սուլեյմանովը, որը մեղադրվում է Ադրբեջանում 10-ամյա աղջկա սպանության համար, հրաժարվել է խոստովանական ցուցմունքներից՝ հայտարարելով, որ դրանք կտտանքների հետևանքով է տվել։
«Նա ասել է, որ նման բան չի եղել, այդ ամենը հորինված սցենար է», — հաղորդել է Սուլեյմանովի փաստաբանը։
Փաստաբանը նշել է նաև, որ իր վստահորդի մարմնի վրա բռնության հետքեր կան, փոխանցում է Turan գործակալությունը։
Պաշտպանությունը բողոք է ներկայացրել, սակայն դատարանն այն չի բավարարել։
Գլխավոր դատախազությունը հերքում է կտտանքների մասին հայտարարությունը։
Իլկին Սուլեյմանովը կալանավորվել էր հունվարի 10–ին Նարմին Գուլիևայի առևանգման և դաժան սպանության կասկածանքով, սպանությունը երկրում մեծ արձագանք էր առաջացրել։ Սկզբից նա խոստովանել էր իր մեղքը։
Սուլեյմանովը կարող է լուրջ ժամկետով ազատազրկման դատապարտվել, ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
Հունվարի 10
Տասնամյա Նարմին Գուլիևայի դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հոր նախկին համադասարանցին։ Նա ճանաչել է իր մեղքը, սակայն սպանության պատճառները դեռ անհայտ են։
Նարմին Գուլիևան կորել էր նոյեմբերի վերջին, իսկ հունվարի 6-ին նրա տնից քիչ հեռու հայտնաբեվել էր նրա այրված դին։
Այս սպանությունը մեծ արձագանք էր առաջացրել հասարակությունում։ Սոցցանցերի շատ օգտատերեր պահանջում էին հնարավորինս արագ գտնել մարդասպանին և պատժել օրենքի ողջ խստությամբ։ Սկսել էին խոսել անգամ այն մասին, որ նման դեպքերի համար պետք է Քրեական օրենսգիրք վերադարձնել մահապատիժը (որն Ադրբեջանում չի կիրառվում)։ Գործը նախագահ Իլհամ Ալիևի անձնական վերահսկողության տակ է առնված։
Ձերբակլվածը 48-ամյա Իլկին Սուլեյմանովն է։ Նրա տանը ոստիկանությունը արյուն հիշեցնող հետքեր է հայտնաբերել։ Նմուշները փորձաքննության են ուղարկվել։
Հունվարի 8
Սոցցանցերի օգտատերերը տասնամյա Նարմին Գուլիևայի մարդասպանին գտնելու և առավելագույնս խիստ պատժելու պահանջով արշավ են սկսել։ Ոմանք նույնիսկ մահապատիժ են պահանջում, սակայն Ադրբեջանում այն չի կիրառվում։
Աղջիկը կորել էր նոյեմբերի վերջին և, ինչպես պարզվել է, նրան սպանել և այրել են։ Մարդասպանին դեռ չեն գտել։
Սպանությունն Ադրբեջանում երեխաների իրավունքների և նրանց նկատմամբ դաժանության մասին քննարկման նոր ալիք է առաջացրել։ Ինչպես նաև այն մասին, թե որքանով է թույլատրելի մահապատիժը հատուկ դեպքերում։
• Թե ինչպես են Ադրբեջանում «մոռանում» աղմկահարույց հանցագործությունների մասին
• Ֆեմիցիդը Վրաստանում․ հայտարարված սպանությունների ժամանակագրություն
Որոնումների մեկուկես ամիս և պատահաբար հայտնաբերված մարմին
Նարմին Գուլիևան ապրում էր Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու գյուղում։
Նոյեմբերի 21-ին Նարմինը կորել էր։ Աղջկա հոր խոսքով՝ նա գնացել էր հորեղբոր տուն և չէր վերադարձել։ Ծնողները ոստիկանություն էին դիմել, սակայն որոնումները ոչ մի արդյունք չէին տվել։ Իսկ հունվարի 6-ին տնից ոչ հեռու հայտնաբերվել էր աղջկա այրված մարմինը։
Դեռևս պարզ չէ, թե ինչպես և երբ է սպանվել աղջիկը, որտեղ են նրան պահել այս մեկուկես ամիսն, ու ինչու ոստիկանությունը չի կարողացել գտնել նրան, թեև, կարծես, հետազոտել էր ողջ գյուղն ու դրա մերձակայքը։
Մարդիկ պահանջում են կտտանքներ և մահապատիժ
Այս դեպքը մեծ արձագանք է ստացել լրատվամիջոցներում և հասարակությունում։
Դոնդար Գուշչու գյուղ էին ժամանել Թովուզի շրջանի պատգամավոր Գանիրա Փաշաևան և օմբուդսմեն Սաբինա Ալիևան, որը գլխավոր դատարանին էր դիմել մեղավորին արագ գտնելու և ձերբակալելու համար բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու խնդրանքով։
Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների պետական կոմիտեն հայտարարել է․
«Կատարվածը ևս մեկ անգամ ցույց է տալիս մանկահասակ երեխաների ծնողների պատասխանատվության, երեխաների, նրանց պահվածքի, նրանց հետ շփման վերահսկման կարևորությունը, երեխաների հետ ուշադիր և զգոն լինելու անհրաժեշտությունը»։
Սոցցանցերում մարդիկ արշավ են սկսել #QatiliTapın (#ԳտեքՄարդասպանին), #UşaqlarÖlməsin (#ԹողԵրեխաներըՉմահանան), #NərminÜçünSusma (#ՄիԼռիրՀանունՆարմինի) հեշթեգերով։
Ոմանք կարծում են, որ դա մանկապիղծի ձեռքի գործ է, մյուսները կասկածում են աղջկա հարազատներին։
Ընդ որում, շատերը կարծում են, որ մարդասպանին պետք է մահապատժի ենթարկել՝ չնայած այն բանին, որ Ադրբեջանի Քրեական օրենսգրքով մահապատիժ նախատեսված չէ։
Որոշ մեկնաբանություններ․
«Պետք է վերադարձնել մահապատիժը։ Նմաններին պետք է գնդակահարել։ Թե չէ քսան տարի կնստի, դուրս կգա»։
«Նրան պետք է ժողովրդի աչքի առաջ կախել»։
«Նմաններին ոչ թե մահապատժի, այլ օրուգիշեր կտտանքների է պետք ենթարկել»։