10 փաստ, որոնք զարմացնում են բաքվեցուն Հունգարիայում
Սա իմ երրորդ ճամփորդությունն էր Հունգարիա: Առաջին երկուսը կապված էին աշխատանքի հետ, ազատ ժամանակ քիչ էր մնում: Այս անգամ ես շատ նոր և զարմանալի բաներ իմացա:
1. Դեբրեցեն. համեստ քաղաք առանց զբոսաշրջիկների
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը իրավամբ Եվրոպայի գեղեցկագույն քաղաքներից մեկն է համարվում: Երբ կայսրական ճարտարապետությամբ այդ վսեմ քաղաքից մեկնում ես բնակչությամբ երկրորդ քաղաք՝ Դեբրեցեն, սկզբում զբոսաշրջիկին թվում է, որ հայտնվել է ինչ-որ մաքուր, հարմարավետ, բայց այնուամենայնիվ խուլ գավառում: Հատկապես ապշեցնում է զբոսաշրջիկների գրեթե լրիվ բացակայությունը: Իհարկե, հյուրանոցներ այստեղ կան և քիչ չեն, սակայն իմ փոքր հյուրատանն, օրինակ, ապրում էին միայն հունգարներ, որոնք եկել էին այլ քաղաքներից: Դեբրեցենը խաղաղ, համեստ և միաժամանակ մոնոէթնիկ փոքր քաղաք է: Երկուհարյուրհազարանոց բնակչության 96%-ն, ըստ պաշտոնական տվյալների, հունգարներ են: Դա էլ ավելի է ուժեղացնում երկու միլիոն բնակչությամբ բազմազգ Բուդապեշտի հետ հակադրությունը:
2. Հունգարական ռեֆորմացիայի կենտրոն
Մարտին Լյութերը՝ բողոքական եկեղեցու հայր-հիմնադիրներից մեկը, կոչ էր անում խոնարհ լինել և հրաժարվել անհարկի շքեղությունից: Բողոքականության ոգին կարծես մարմնավորվել էր հունգարական ռեֆորմացիայի կենտրոնում՝ Դեբրեցենում:
2017 և 2018 թվականներին մի քանի պատմական հոբելյան է լինելու: Մեզ՝ Հարավային Կովկասի բնակիչների համար առաջին անկախ ազգային հանրապետությունների հարյուրամյակն է մոտենում: Ռուսները նշեցին իրենց արյունոտ հեղափոխությունների հարյուրամյակը: Իսկ Հունգարիայի բողոքականները Եվրոպայի մյուս բողոքականների հետ միասին պատրաստվում են նշել եկեղեցական ռեֆորմացիայի 500-այակը: Մեզ բախտ վիճակվեց Ռեֆորմացիայի թանգարանում ներկա գտնվել մի դասախոսության, անսովոր և հետաքրքիր էր հետևել, թե ինչպես է մոտ 500-հոգանոց դահլիճը մի քանի րոպեում լցվում մինչև վերջ հիմնականում տարեց մարդկանցով:
3. Ազատության ոգին համալսարանում
Եթե փողոցում երիտասարդ արտասահմանցու եք տեսնում, կարող եք 99%-ով վստահ լինել, որ նա տեղի համալսարանի ուսանող է: Դեբրեցենի համալսարանը Եվրոպայում հնագույններից մեկն է, այն հիմնադրվել է 1538թ-ի այդ նույն եկեղեցական ռեֆորմացիայի ժամանակահատվածում:
Դասախոսությունների մուտքն ամբողջությամբ ազատ է: Ոչ մի պատիժ չկա դասերը բաց թողնելու համար, միայն թե ուսանողը կարողանա հանձնել քննությունը, որը հաճախ իրենից ներկայացնում է կարճ պրեզենտացիա և հարցուպատասխան: Հսկայական գրադարանի մուտքը նույնպես ազատ է, սակայն ելքին դետեկտորներ կան գրադարանից գիրք դուրս բերելը կանխելու համար:
Հունգարացի ուսանողների հետ միասին համալսարանում բազմաթիվ արտասահմանցիներ են սովորում: Stipendium Hungaricum պետական ծրագրի շրջանակում այս տարի Ադրբեջանից հունգարական բուհեր է ընդունվել 200 ուսանող: Նրանք բոլորն ապահովված են կենսաթոշակներով և բնակարանով (կամ, ըստ ընտրության, բնակարանի վարձակալման ամենամսյա վճարով): Վրաստանից մի քանի տասնյակ ուսանող կա, Հայաստանից՝ չկա, քանի որ Հայաստանը 2012թ-ին խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ ի նշան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու դեմ բողոքի, որն իր հայ գործընկերոջը սպանել էր և ցմահ բանտարկության դատապարտվել հունգարական դատարանի կողմից: Սակայն ուսանողների շրջանում այլ երկրների քաղաքացի շատ հայեր կան:
4. Աշունը Nagyerdö անտառապուրակում
Համալսարանի գլխավոր մասնաշենքի փողոցի մյուս կողմում տեղակայված է հսկայական Nagyerdö անտառապուրակը (կարդացվում է Նադյերդյո՝ մեծ անտառ): Ուսանողներն այստեղ կարող են պատրաստվել դասերին՝ նստելով գետնին: Պուրակի խորքում տեղական ֆուտբոլային թիմի մարզադաշտն է, որի շուրջբոլորը վազքուղի է: Էլ ավելի խորքում է տեղի կենդանաբանական այգին և բազմաթիվ ատրակցիոններով զվարճանքների կենտրոնը:
5. «Դեբրեցենի հայտնի նրբերշիկներն» այնքան էլ դեբրեցենյան չէին
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր քաջարի զինվոր Շվեյկը խոստացել պորուչիկ Լուկաշին դեբրեցենյան նրբերշիկ բերել: Այն նույն պորուչիկին, որն ասել էր, որ քանի դեռ սպաները լափում են զինվորների բաժինը, Ավստրիան չի կարող պատերազմը շահել:
Բնականաբար ցանկություն առաջացավ փորձելու այդ հայտնի նրբերշիկները: Որքան էր իմ զարմանքը, երբ խոհարարը կոտրտված անգլերենով հայտարարեց, որ այդ նրբերշիկները հունգարական չեն, այլ չեխական: Ստիպված էի գուգլել և համոզվել, որ նա ճիշտ է: Հայտնի չէ, թե որտեղից է այդ կծու նրբերշիկների անունը մնացել «դեբրեցենյան»: Հնարավոր է, նույն այդ տրամաբանությամբ, մենք հետխորհդային երկրներում պատիճավոր բիբարն անվանում ենք «բուլղարական», սակայն Բուլղարիայում այն կոչվում է «չուշկա»:
Խմիչքներից Հունգարիան հայտնի է իր գինիներով: Տոկայի գինին համարվում է
«գինիների արքա և արքաների գինի»: Իսկ ավելի թունդ խմիչքներից կարելի է փորձել մրգային «պալինկան», որը նման է թորած օղու: Լինում է խնձորի, սալորի, հատկապես գնահատվում է ծիրանինը:
6. Երկու ժամ դեպի հյուսիս. կարծես դեպի այլ աշխարհ
130կմ դեպի հյուսիս՝ գրեթե Սլովակիայի հետ սահմանին տեղակայված Էգեր քաղաքը Դեբրեցենից շատ բաներով է տարբերվում: Առաջին հերթին, այն զուտ կաթոլիկ քաղաք է, նույնիսկ հունգարական կաթոլիկ արքիեպիսկոպոսության մայրաքաղաքն է: Էգերում մի քանի վսեմ կաթոլիկ տաճար կա՝ բոլոր տիպիկ սրբապատկերներով և հարուստ որմնանկարներով: Առաջին հերթին, քաղաքում իսկական ամրոց կա: Որպես Բաքվի բնակիչ ես շատ եմ սիրում այդպիսի «քաղաքներ քաղաքում», կամ, ինչպես մենք ենք ասում, «Իչերի շեհեր»՝ «ներքին քաղաք»:
7. Ամենահյուսիսային թուրքական մինարեթը
Թուրքերն Էգեր քաղաքն անվանում են Eğri՝ «ծուռ»: Չգիտեմ, թե ինչն է այստեղ ծուռ, միգուցե հին փողոցները, սակայն անվանումը մնացել է, և հունգարներն էլ են այն հաճախ օգտագործում: Օրինակ, «Բիթլզի» թանգարանը կոչվում է «Egri road» լոնդոնյան «Abbey road»-ի նմանությամբ:
Հունգարիան մոտ 100 տարի Օսմանյան կայսրության տիրապետության տակ է եղել 16-րդ դարում: Սակայն, չնայած բոլոր ջանքերին, կայսրությունն այդպես էլ չի կարողացել գրավել Վիեննան և ստիպված է եղել նահանջել դեպի Բալկաններ: Այդ ժամանակահատվածից Էգերում ևս մեկ տեսարժան վայր է մնացել՝ աշխարհում ամենահյուսիսային օսմանյան մինարեթը: Այն հիանալի է նայվում կաթոլիկ եկեղեցիների գմբեթների շրջապատում: Մինարեթից բացի քաղաքում ևս մի քանի հիշատակում կա պատմության թուրքական ժամանակահատվածից, օրինակ, թուրք-հունգարական բարեկամության կոթողն ու թուրքական ռեստորանը, որտեղ հիանալի սուրճ են պատրաստում: Այդ սրճարանի տերն, իմանալով, որ մենք Ադրբեջանից ենք, հատուկ մեզ հետ խոսեց ոչ թե թուրքերեն, այլ ադրբեջաներեն: Շատ հաճելի էր:
8. «Մեծ Հունգարիայի» խորհրդանիշները՝ պետական շենքերի վրա
Մենք Հարավային Կովկասում սովոր ենք պատմական քարտեզներին, որոնց վրա հարևան պետություններից զգալի տարածքներ են զավթած: Սակայն նույնիսկ մեզ մոտ դա մասնավոր բնույթ է կրում: Ես ապշած էի, երբ Հունգարիայի խորհրդարանի շենքի վրա պետական դրոշին զուգահեռ տեսա նաև Սեկեի շրջանի դրոշը, որն այսօր գտնվում է Ռումինիայի ամենակենտրոնում: Գրախանութներում 2500 ֆորինտով (մոտ 10 դոլար) վաճառվում են «Մեծ Հունգարիայի» քարտեզներն անգլերեն մակագրությամբ՝ «Justice for Hungary» («Արդարություն Հունգարիայի համար»): Էգերի կենտրոնում գտնվող կոթողի վրա քարտեզ է պատկերված Գաբսբուրգների կայսրության ժամանակների հունգարական տիրապետության տարածքներով և նշված է, որ Հունգարիան կորցրել է իր տարածքի 72%-ն այն ժամանակահատվածից:
9. Ոչ ոք չի շտապում ջնջել սոցիալիստական անցյալի հետքերը
Դեբրեցենում շատ կարելի է տեսնել «սոցիալիստական ռեալիզմի» ոճի խճանկար կամ շենք: Դա օբյեկտիվ պատճառ ունի. քաղաքի 50%-ն ավերվել է երկրորդ աշխարհամարտի տարիներին: Սակայն Վարշավան նույնպես գրեթե ամբողջությամբ ավերվել է, այնուամենայնիվ Լեհաստանի մայրաքաղաքում այդպիսի բան դժվար է գտնել: Հունգարներն, ըստ ամենայնի, պարզապես չեն նկատում այդ ատրիբուտների կապը խորհրդային օկուպացիայի հետ: Փոխարենը լավ հիշում են, թե ինչպես է ռուսական կայսրական բանակը ճնշել 1849թ-ի հունգարական հեղափոխությունը, իսկ մարշալ Ժուկովն արյան ծովում է խեղդել 1956թ-ի հեղափոխությունը:
10. Հունգարերենը Եվրոպայի ամենաբարդ լեզուն է
Դժվար է նույնիսկ պատկերացնել, սակայն հունգարերեն լեզվում գոյականի 25 հոլով կա: 18 հիմնական և 7 լրացուցիչ: Բացի այդ, հունգարական հնչյունաբանությունն էլ է բավականին ինքնատիպ: Օրինակ, պարզվեց, որ հունգարերենում 4 տարբեր «օ» հնչյուն կա: Բացի այդ, հունգարերենում շատ քիչ են փոխառված բառերը: Անգլերեն հազվադեպ են խոսում, համենայնդեպս, Դեբրեցենում: Այնպես որ, ինչ-որ տեղ անգլերեն խոսք լսելիս այնպես էի ուրախանում, կարծես հին ծանոթի էի հանդիպել:
Այսքանը: Кöszönöm a figyelmet! (Շնորհակալություն ուշադրության համար)