Ղարադենիզի ափերին
Բաթումիի հին քաղաքի հատվածում տեղակայված թեյարանում առավոտից աշխուժություն է տիրում: Այսօր արևոտ շաբաթ օր է, և թեյարանի մշտական հաճախորդները հավաքվել են սրճարանի՝ մայթին գտնվող սեղաններից մեկի մոտ:
Ոմանք «նեղ մեջքով» բաժակներով թեյ են խմում և թերթ կարդում, մյուսները սրճարանում փորձում են փրկվել արևի այրող շողերից, որտեղ թեժ թղթախաղ և դոմինո են խաղում:
Յալչին Իբրահիմօղլուն հայրենակիցների հետ չի խաղում: Թեյարանի մոտ նստած՝ իր նոր մեքենային գնորդ է փնտրում: Արդեն 8 ամիս է Բաթումիում է բնակվում և գումար է վաստակում մեքենաների ներկրմամբ և վաճառքով:
Յալչին Իբրահիմօղլուն Քութայիսի փողոցում գտնվող թեյարանում (թուրքական թաղամաս)
«Մինչ այստեղ գալը ես բեռնատար էի քշում, և ստիպված էի ճանապարհորդել մի երկրից մյուսը: Առաջին անգամ Բաթումի եկա որպես զբոսաշրջիկ, հետո ընկերներիս խորհրդով որոշեցի տեղափոխվել այստեղ ապրելու: Ինձ ասացին, որ այստեղ հեշտ է բիզնեսով զբաղվելը: Որոշեցի փորձել ուժերս, միգուցե բախտս բերի», — ասում է Յալչինը:
Յալչինի ծնողները սեփական շինարարական բիզնես ունեն: Ապագայում նա նույնպես պատրաստվում է շինարարությամբ զբաղվել: Իսկ քանի դեռ արդարադատության նախարարությունից Վրաստանում մշտական բնակության իրավունք չի ստացել, հայրենակիցների հետ է շփվում և թեյ խմում Բաթումիի Քութայիսիի փողոցում:
Քութայիսի փողոցն ու դրան հարող տարածքը տեղացիները «թուրքական թաղամաս» են անվանում: Բաթումիի հին թաղամասի նավահանգստից երկու րոպեի հեռավորության վրա գտնվող փողոցում տասնյակ թուրքական ռեստորաններ, սրճարաններ, թեյարաններ, խանութներ, գեղեցկության սրահներ, հյուրանոցներ, դիսկոտեկներ ու պոկերի ակումբներ կան:
Հին Բաթումիի «թուրքական թաղամասը» այստեղ բնակվող կամ հյուր եկած թուրքերի հավաքատեղին է: Բազմաթիվ զվարճանքի վայրերից զատ այս տեղը թուրքերին գրավում է նաև նրանով, որ այստեղ է գտնվում Բաթումիի գլխավոր մզկիթը, որտեղից ամեն օր տարածվում է աղոթքի ձայնը:
Բաթումիի Օրթա Ջամե մզկիթը Քութայիսիի փողոցում
Այս փոքր փողոցով անցնելիս քեզ Ստամբուլում ես զգում: Այդ զգացողություններին սրություն է հաղորդում ռեստորաններից լսվող «Խոշգելդին» (բարի գալուստ), թուրքական երաժշտությունն ու օդում տարածվող շաուրմայի բույրը:
Սուլեյմանը «Ղարադենիզի» վրացի խոհարարն է: Նա պնդում է, որ պատրաստում է քաղաքի լավագույն շաուրման
«Թուրքական թաղամասում» գտնվող օբյեկտների մեծ մասի տերերը թուրքեր են, իսկ սպասարկող անձնակազմը՝ վրացիներ: Նրանց մեջ կան նաև մուսուլման-մեսխեթներ, ովքեր եկել են այստեղ բիզնեսով զբաղվելու համար:
«Վրաստանում համակարգը լավն է: Եթե հարկ ես վճարում, խնդիր չկա: Իմ ռեստորանի անձնակազմը շատ միահամուռ է, մենք ընտանիքի պես ենք: Սա իմ տունն է», — բացատրում է «Ղարադենիզ» ռեստորանի տեր 45-ամյա Մուրադ Օզգենչի-Գենջալօղլին:
«Ղարադենիզ» ռեստորանի տեր Օզգենչի-Գենջալօղլին: Ղարադենիզ բառը թարգմանաբար նշանակում է «սև ծով»
Մուրադը ծագումով վրացի է: Նրա նախնիները հարյուր տարուց ավելի է Թուրքիայում են ապրում: Նրա յոթ եղբայրերն ու քույրերը նույնպես Արդվինում են մեծացել: Շատ դժվարություններ է հաղթահարել մինչև ֆինանսական հաջողության հասնելը: 11 տարեկանում շինարարությունում է աշխատել՝ բեռներ տեղափոխելով, նրա խոսքով, դա նրան սովորեցրել է գնահատել աշխատանքը: Բաթումիում ռեստորանային գործից բացի նա բիզնես ունի նաև Թուրքիայում, որտեղ ընտանիքն է ապրում:
«11 տարեկանից շինարարությունում եմ աշխատել: Աշխատանքի գինը շատ լավ գիտեմ: 45 տարեկան եմ, ոչ մի անգամ 15 օր անգամ չեմ հանգստացել: Ժամը 7-8-ին գալիս եմ, գնում շուկա, և մինչև գիշերվա 12-ն այստեղ եմ լինում: Այնպիսի դժվարությունների միջով ենք ստիպված անցնել… ոչ ցորեն կար, ոչ եգիպտացորեն, և մայրս ստիպված էր բերել դրանք Աբխազիայից և վաճառել», — հիշում է Մուրադը:
Մուրադի «Ղարադենիզ» ռեստորանը, որի անվանում թարգմանաբար նշանակում է «սև ծով», մեծ պահանջարկ է վայելում Քութայիսի փողոցում: Ինչպես հպարտությամբ նշում է ռեստորանի տերը, վրացիները նույնպես հաճախ են գալիս, նրանց թվում են նաև տեղական կառավարության անդամներ: 2009թ-ին Մուրադն իր ռեստորանն է բացել և քաղաքցիություն ստացել: Այժմ շաբաթը երկու օր նա ընտանիքի հետ Արդվինում է անցկացնում, մնացած ժամանակը Բաթումիում է լինում՝ ռեստորանում:
Թուրքական ռեստորանի աշխատակիցները տաքանում են արևի տակ
Քանի որ փողոցը նավահանգստից հեռու չէ, այն միշտ աչքի է ընկել էթնիկ բազմազանությամբ: Բաթումիի այս փոքր թաղամասում տարիներ շարունակ կողք կողքի ապրել են հույները, հայերը, ադրբեջանցիները, վրացիներն ու հրեաները:
Զբոսաշրջիկներ Թուրքիայից թուրքական թաղամասում
90-ականներից հետո տարբեր ազգության մարդիկ սկսեցին աստիճանաբար լքել այս փողոցը: Թուրքական թաղամասի կառուցումն այստեղ սկսվեց 2003թ-ից: Թուրքական ռեստորանները, հյուրանոցները, պոկեր-ակումբներն ու այլ զվարճանքի կենտրոնները սկսեցին սնկերի պես աճել:
Նարգիլեն այստեղ անհրաժեշտ իր է
Կիրակի օրը թուրքական թաղամասում. թուրք հյուրերը թեյարանի առջև
Աստիճանաբար սկսեց աճել նաև տեղի բնակչության դժգոհությունը, որը սկսեց բողոքել Բաթումիի քաղաքապետարան: Նրանք նախկինի պես կասկածանքով են վերաբերվում թուրքական օբյեկտների աճող քանակին:
«Ես այստեղ ապրում եմ արդեն 45 տարի: Նավահանգստին մոտ լինելու պատճառով այստեղ ապրել են տարբեր կրոնի և ազգության մարդիկ, սակայն ոչ ոք ոչ մեկին չի անհանգստացրել: Իսկ հիմա գիշերը հնարավոր չէ դուրս գալ փողոց: Նրանք իրենց այնպես անամոթաբար են պահում, բառացիորեն թռնում են իրար վրա մարդկանց մոտ: Տուն եմ գնում զարտուղի ճանապարհներով, որպեսզի չհանդիպեմ նրանց», — ասում է 75-ամյա Մակվալա Ջիջավաձեն՝ նկարագրելով հյուրանոցների և դիսկո-ակումբների հաճախորդներին:
Այս իտալական բակը Քութայիսի թուրքական թաղամասում է: Տեղացիները բողոքում են ռեստորանների և բարերի աղմուկից
56-ամյա Ահմեդ Կադիձեն նույն խնդիրներն է մատնանշում: Նա արդեն 20 տարի ապրում է Քութայիսի փողոցում գտնվող իտալական հարմարավետ բակում: Կադիձեի խոսքով, նա ճանաչում է այս թաղի շատ թուրքերի և նույնիսկ ընկերություն է անում ոմանց հետ: Սակայն նա նույնպես չի թաքցնում իր դժգոհությունը:
«Մեր փողոցն այս թաղի ամենահանգիստ և հարմարավետ փողոցներից էր: Այստեղ կարելի է հանգստանալ: Կարելի է կնոջդ երեխաների հետ դուրս թողնել և չանհանգստանալ, որ մեկը հանկարծ կարող է իրեն ավելորդություն թույլ տալ նրանց հանդեպ: Այժմ վախենում ես՝ մեկը թարս չնայի նրանց», — ասում է Ահմեդը:
Ռեջեփ Այդին-Բարամիձեն տեղի մսի խանութի տերն է: Նա Աջարիայում է ապրում արդեն 10 տարի: Աշխատանքից ազատ ժամանալ ընկերների հետ թեյախմություն է անում
Թուրքերն, ում հետ մենք շփվեցինք, ասում են, որ հասկանում են տեղացիների դգոհությունը: Հաճախ ագրեսիա է զգացվում, չնայած որ կոնֆլիկտային իրավիճակների դեռ չի հասնում:
«Գիտե՞ք՝ ինչ է տեղի ունենում: Ձեզ, օրինակ, դուր կգար, եթե դուք ապրեիք վերևում, իսկ ես ներքևում ողջ գիշեր երաժշտություն միացնեի: Մենք դեռ ոգելից խմիչքներ չենք վաճառում, որպեսզի հարբածները հետո չաղմկեն: Այստեղ ապրող 100 թուրքերից միայն 20 են նորմալ մարդ: Մնացածը կամ խաղում են, կամ աղմկոտ դիսկոտեկներ կազմակերպում: Ինձ համար դա ընդունելի չէ», — ասում է Մուրադ Օզգենչի-Գենջալօղլին:
Քութայիսի փողոցում գտնվող օբյեկտների մեծ մասը հիմնականում վարձակալում են թուրքերն ու մեսխեթ-մուսուլմանները: Փողոցի բնակիչները հույս ունեն, որ կոմերցիոն օբյեկտների տեր վրացիները հարևանների կարծիքները հաշվի կառնեն և կդադարեն թուրքերին վարձակալության տալ դրանք:
«Հասկանում եմ, որ տեղացիները հազիվ թե կարողանան հարևաններից տարածքի վարձակալման համար այդքան գումար վճարել, սակայն հույս ունեմ, որ նրանք հաշվի կառնեն մեր կարծիքը: Չէի ցանկանա բնակարանս փոխել թուրքերի պատճառով, իսկ նրանք հանգիստ շարունակեն ապրել մեր թաղամասում», — ասում է Մակվալա Ջիջավաձեն:
Սակայն ոչ բոլորն են կիսում այս կարծիքը: Շատերին նույնիսկ դուր է գալիս այս արևելյան բազմազանությունը:
«Ինձ դուր է գալիս, որ մեր քաղաքում այսպիսի թաղամաս կա: Շատ եվրոպական քաղաքներում, որտեղ ես եղել եմ, կան փողոցներ և մի ամբողջ թաղամասեր, որտեղ ապրում են թուրքեր, չինացիներ, արաբներ: Նրանք իրենց մշակույթին բնորոշ շտրիխներն են ավելանցում: Ինչքան էլ մենք՝ բաթումցիներս, բողոքենք, մի բան ակնհայտ է, որ սա անհրաժեշտ և անխուսափելի գործընթաց է մեր հետագա զարգացման համար», — ասում է Գեորգի Դավիթաձեն:
- Վրաստանի արդարադատության 2015թ-ի վիճակագրական տվյալներով, Աջարիայում բնակվում է Թուրքիայի 1591 քաղաքացի, նրանցից 269-ը Վրաստանի քաղաքացու կարգավիճակ ունեն, 89-ը՝ մշտական բնակության թույլտվություն:
- 2015թ-ի տվյալներով, թուրքական ներդրումները Աջարիայի մասնավոր հատվածում կազմել են ընդհանուր արտասահմանյան ներդրումների 39%-ը (107,5 մլն դոլար), ինչը 66%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:Այլ երկրների համեմատ Թուրքիան առաջին տեղում է այցելուների քանակով: Սահմանի հատման վիճակագրական տվյալների համաձայն Թուրքիայից 78 633 զբոսաշրջիկ է այցելել այս տարածաշրջան, ինչը 1,2%-ով ավել է 2014-ի տվյալից: