Ֆուտբոլ. պրագմատիզմ և ինտրիգ
Չգիտեմ՝ ձեզ համար ինչպես, սակայն ինձ համար Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որի կեսն արդեն անցել է, կարծես կոնտրաստային ցնցուղ լինի:
Խաղերի մեծ մասը դիտելիս, որքան էլ որ ես անսահման սիրում եմ այս սպորտաձը, անընդհատ քունս տանում էր: Չափազանց պրագմատիկ ֆուտբոլը, այդ թվում նաև առաջնության ֆավորիտների կատարմամբ, մի միտք էր առաջ բերում, որ այդ մարդիկ ում համար ասես աշխատում են՝ մարզչական շտաբի, տեխնիկական-տակտիկական գործողությունների վիճակագրության, անձնական բանկային հաշվեհամարի, գոռացող երկրպագուների համար, ովքեր ֆուտբոլը դիտարկում են որպես արբելու և կռվելու առիթ, սակայն ոչ թե հենց ֆուտբոլի և դրա իրական երկրպագուների համար:
Ֆուտբոլիստները վիճում էին, քրտնում, ֆսֆսում, տառապում, սակայն չէին խաղում: Միայն խաղերի ավարտին, երբ թիմերից մեկը հանկարծ «հիշում էր», որ իրեն ձեռնտու չէ ցուցատախտակի հաշիվը, սկսվում էր գլխապտույտ ճոճոնակը: Եվ այդ ժամանակ ես զարթնում էի: Սակայն դա նույնպես հատվածաբար էր տեղի ունենում:
Դե ասեք՝ ինչ կարելի է ասել շվեդների խաղի մասին, երբ նրանք առաջին երկու տուրերում ոչ մի գնդակ չուղարկեցին հակառակորդի դարպասը: Եվ դա այն դեպքում, երբ թիմում եր խաղում այնպիսի մեգաաստղ, ինչպիսին է Զլատան Իբրահիմովիչը: Գերմանացիները համեստ հաղթանակ են տանում Հյուսիսային Իռլանդիայի հանդեպ, ֆրանսիացիները շվեյցարացիների հետ ոչ-ոքի են խաղում, իսկ անգլիացիներն՝ իրենց երիտասարդ աստղաբույլով, փնչում էին ռուսների հետ: Իտալացիներն ընդհանրապես ցանկացած հակառակորդի հետ բացառապես պաշտպանական ֆուտբոլ էին խաղում:
Այնպիսի տպավորություն է որ իսկական ֆուտբոլն իր հրաշագործներով այս օրերին տեղափոխվել է մեկ այլ աշխարհամաս, որտեղ Сopa Аmerica-ն է ընթանում, իսկ ազատված տեղի համար ռուսական առաջնությունն են հրավիրել: Այնտեղ այնպիսի կիրք, գեղեցկություն և նրբագեղություն կա. բնականաբար Сopa Аmerica-ի մասին եմ խոսում (իսկ դուք ի՞նչ մտածեցիք):
Մեսսիին, չիլիացիներին, կոլումբացիներին և ջախջախված մեքսիկացիներին հաճելի էր դիտել: Իսկ այտեղ սեփական կիսադաշտում Իգնաշևիչը ծուլորեն փոխանցում է անում Բերեզուցկիին, Բերեզուցկին՝ Իգնաշևիչին և այդպես 45 անգամ մեկ խաղի ընթացքում:
Եվ պետք է նշել, որ ռուսական այդ պաշտպանները գրեթե բոլոր հավաքականներում իրենց հետևորդներն ունեին: Չե՞ք հավատում՝ մրցաշարի լավագույն փոխանցողների վիճակագրական տվյալները նայեք, այնտեղ հիմնականում միմյանց փոխանցում կատարող կենտրոնական պաշտպաններն են, և այդ ժամանակ կհասկանաք իմ կիսաքուն վիճակի էությունը:
Եվրոպական առաջնության բախտը, կարելի է ասել, բերել է, որ մեծ տարբերություն կա ժամային գոտիներում, և ԱՄՆ-ում խաղերը տեղի էին ունենում կեսգիշերն անց, թե չէ խաղերի հեռարձակման վրա ահռելի գումարներ ծախսած հովանավոր-ընկերությունները հանդիսատեսին տոնուսի մեջ պահելու համար ստիպված կլինեին ֆուտբոլային երկրպագուների նոր «ճակատամարտեր» վարել: Սա իհարկե կատակ է:
Սակայն նշեմ, որ խմբային փուլի հետաքրքրությունը փոխհատուցեց իր ինտրիգով: Շնորհակալություն Միշել Պլատինիին, որ ընդլայնեց առաջնության անցկացման ձևաչափը մինչև 24 թիմ: Թե չէ նման առաջնություններում դեռ երկար չէինք տեսնի, օրինակ, հունգարացիներին:
Թվում էր՝ ԽՍՀՄ հավաքականից 0:6 հաշվով կրած խայտառակ պարտությունից հետո Հունգարիայի հավաքականն ընդմիշտ ուղարկվել է ֆուտբոլային լուսանցք: Շատերը հավանաբար մտածում էին, որ մեկ բալը խմբային փուլում այս թիմին կերջանկացնի: Իսկ նրանք վերցրին ու խառնեցին բոլոր դրույքները՝ ոչ միայն առաջին տեղը զբաղեցնելով խմբում, այլ նաև ցուցադրելով բավականին գրավիչ խաղ:
Կամ ի՞նչ վատ հայտնագործություն էր Իսլանդիայի հավաքականը: Եթե հունգարացիները գոնե փոշու հաստ շերտով պատված փառահեղ պատմություն ունեն, ապա կղզեցիներն այն պարզապես չունեն: Ավելի ճիշտ՝ հիմա են կերտում: Եթե կարծում եք, որ վիկինգների այդ հետնորդները առանց այդ էլ իրենց գլխից բարձր թռան և փլեյ-օֆում անգլիացիների հետ խաղում նրանց ոչ մի լավ բան չի սպասվում, իմ խորհուրդը՝ գուշակություններ մի արեք:
Դե բայց ամենից շատ ինձ դուր եկան խորվաթները: Թերևս միակ հավաքականն է, որը խմբային փուլում էսթետական ֆուտբոլ ցուցադրեց, նույն այն ֆուտբոլը, որը հիմա կա Сopa Аmerica-ում: Չնայած որ Խորվաթիան Չեխիայի հետ խաղում 20 րոպե ուներ, երբ հաղթում էր 2:0 հաշվով, հանկարծ թուլանալով որոշեց խաղալ հաշիվը պահպանելու համար և քիչ էր մնացել դրա համար պատժվեր:
Արդյունքում չեխերը ոչ-ոքի պոկեցին, իսկ խորվաթներն, ովքեր ամաչում էին կատարվածի համար, հաջորդ խաղում արդեն հաշիվները մաքրեցին իսպանացիների հետ: Ընդ որում՝ առանց իրենց գլխավոր աստղ Լուկա Մոդրիչի:
Հաշվի առնելով այն, թե ինչպես են թիմերը տեղակայվել փլեյ-օֆի ցանցում, եթե իհարկե, բելգիացիներն ուշքի չգան, հենց Խորվաթիայի հավաքականն է դառնում եզրափակչի ուղեգրի գլխավոր հավակնորդը:
Եզրափակչի մյուս ուղեգրի համար արյունահեղություն է լինելու՝ գերմանացիները, ֆրանսիացիները, իտալացիները, անգլիացիները: Եվ այստեղ, միայն պրագմատիզմը, ինչպես խմբային փուլում էր, բավարար չէ: Հակառակ դեպքում, էլ ինչո՞ւ ենք սիրում ֆուտբոլը:
Р.S. Այն մասին, թե ինչպես խաղացին Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները, որոնց ես հին խորհրդային ավանդույթի համաձայն երկրպագում էի, ավել լավ է՝ լռեմ: Նրանք առանց այդ էլ արդեն տանն են:
Լուսանկարները՝ http://www.uefa.com/uefaeuro/draws/
Հրապարակվել է 25.06.2016