Ֆուտբոլային հակամարտություն՝ խաղադաշտից դուրս
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի շուրջ, անկախ նախկինում ունեցած անհաջողություններից ու ձախողումներից, երբեք այսպիսի իրավիճակ չէր ստեղծվել: Ֆեդերացիան չէր փորձել խնդիրները բարդել խաղացողների վրա, նրանք էլ իրենց հերթին երբևէ չէին «համարձակվել» ընդդիմանալ ՀՖՖ նախագահին: Վերջապես, ի՞նչ է կատարվել ու կատարվում մեր հավաքականի հետ ու նրա շուրջ:
Այն, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլում անհաջողություններ է ունենալու, պարզ դարձավ դեռ 2014-ին կայացած մեկնարկային խաղերում: Արագ, հարձակողական ու, ամենակարևորը, նվիրված ֆուտբոլ հայ երկրպագուները չէին տեսնում:
Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը Բեռնար Շալանդն էր, որը փորձում էր ինչ-որ նոր տակտիկական լուծումներ գտնել: Սակայն պարտությունների մղձավանջը չէր դադարում: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ 2014-ի նոյեմբերին հայտարարեց, որ շարունակելու են համագործակցել Շալանդի հետ:
Մի քանի ամիս անց Ալբանիայից պարտություն կրելուց հետո շվեյցարացին հրաժարական տվեց: Նրան հաջորդած Սարգիս Հովսեփյանը ևս ոչինչ չտվեց հայկական թիմին: Արդյունքում՝ Հայաստանի ընտրանին 8 պարտություն կրեց ու 2 ոչ-ոքի արդյունք գրանցեց:
Բնականաբար, այսպիսի արդյունքն ու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ձախողումը չէր կարող գոհացնել երկրպագուներին: Ֆրանսիայի դեմ ընկերական խաղի ժամանակ երկար ընդմիջումից հետո նրանք ֆուտբոլիստներին ճանապարհեցին սուլոցներով: Երեւանում Դանիայի դեմ խաղում «Հայկական առաջին ճակատ» ֆան շարժումը խաղադաշտում կոչ արեց ֆուտբոլիստներին «ՍԹԱՓՎԵԼ»՝ պաստառի վրա ներկայացնելով նրանց գրանցած պարտությունները:
Մի քանի օր անց էլ ալբանացիների հետ մրցապայքարում «պահանջեցին մարզիչ»:
ՖԱՖ-ն այս ամենից հետո հանդես եկավ ասուլիսով ու ՀՖՖ-ին ներկայացրեց երեք պահանջ.
1. Արտասահմանում աշխատող, բարձրակարգ ու խարիզմատիկ գլխավոր մարզիչ
2. Ոչ ֆուտբոլային պահանջների պատճառներով ֆուտբոլիստներից հրաժարվելու բացառում
3. Տոմսերի գների իջեցում:
Պահանջները մնացին անպատասխան, իսկ ՖԱՖ-ը բողոքի երթ կազմակերպեց դեպի ՀՖՖ: Այստեղ նրանց սպասում էին փակ դռներն ու ոստիկանությունը: Արդյունքում ավելացվեց 4-րդ պահանջը՝ Հայրապետյանի ու գործկոմի հրաժարականը:
ՖԱՖ-ի 2-րդ երթը նույնպես ՀՖՖ-ն անտեսեց: Երկրպագուները հայտարարեցին, որ պայքարը շարունակելու են ու հասնելու են իրենց նպատակներին:
Գրեթե 2 ամիս լռությունից հետո ՀՖՖ-ն վերջապես արձագանքեց այս ամենին: Ռուբեն Հայրապետյանն որոշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում արձագանքել իրավիճակին ու տալ հուզող հարցերի պատասխանները:
Սակայն բացահայտումներն ու անկեղծացումները սպասվածից ավելին էին: Պարզվում է՝ «դավաճանության» մեջ նա կասկածում է հավաքականի մի քանի ֆուտբոլիստների: Խոսքը չարաբաստիկ Հայաստան-Ալբանիա խաղին է վերաբերում, երբ սեփական հարկի տակ հայ ֆուտբոլիստներն անփառունակ ավարտեցին ԵՎՐՈ-2016-ը:
«Անհրաժեշտ է վերացնել դավաճանությունը: Ալբանիայի դեմ խաղը մեծ ձախողում ու դժբախտություն էր մեզ համար: Պետք է մեղավորներին ջրի երես հանել, այլապես ոչնչի էլ չենք հասնի»,- զայրույթն այսպես արտահայտեց նա:
Վատ ելույթը պատճառաբանեց նաեւ ֆուտոլիստների մեծամտությամբ, չխաղալու ու ավելիին չձգտելու ցանկությամբ:
Հայրապետյանի հայտարարությունն ազգային ընտրանու ֆուտբոլիստներն անպատասխան չթողեցին: Մի քանի օր անց 9 խաղացողներ ներկայացրին կատարվածի իրենց տարբերակը: Նրանք բացառեցին Ալբանիայի դեմ խաղի հետ կապված բոլոր մեղադրանքները՝ վստահեցնելով, որ հավատում են իրար, ու թիմում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու:
«Ազգային ընտրանու կազմում խաղալու բոլոր տարիների ընթացքում միշտ նվիրված ու անմնացորդ ենք տրվել, ամեն ինչ արել ենք ի շահ թիմի: Մեր հավաքականում միշտ եղել է ու հիմա էլ միասնական մթնոլորտ է: Մենք մեկ ընտանիքի պես ենք, ֆուտբոլիստների միջեւ հարաբերությունները նախկինի պես ջերմ ու ընկերական են»,- փաստել են ֆուտբոլիստները:
Ռուբեն Հայրապետյանի անկեղծանալուց հետո միայն մեկ այլ ֆան շարժում՝ «Red Eagles»-ը որոշեց, որ «ֆուտբոլային խայտառակության համար չկան պատասխաններ»: Հայտարարեց, որ հանդիպում է պահանջում ՀՖՖ նախագահի հետ: Նրանց այս պահանջը շուտով կատարվեց: Մի քանի օր անց «Red Eagles»-ականներն արդեն զրուցում էին Հայրապետյանի հետ: Հենց նրանց հետ հանդիպման ժամանակ վերջինս պատասխանեց նաեւ ՖԱՖ-ի պահանջներին:
1. ՀՖՖ-ն երրորդ անգամ դիմելու է «Նանտի» մարզիչ Միշել Տեր-Զաքարյանին, որպեսզի վերջինս գլխավորի ազգային թիմը:
2. Արտասահմանում հանդես եկող հայազգի խաղացողներից ՀՖՖ-ն շարունակելու է բանակցել Դավիթ Յուրչենկոյի հետ, քանի որ մեր թիմն ունի դարպասապահի լուրջ խնդիր:
3. Քննարկում են տոմսերի գների վերանայման հարցը, որը մինչեւ նոր մրցաշրջան արդեն լուծված կլինի:
4. Հայրապետյանը հրաժարական կտա միայն այն դեպքում, երբ թիմը ձախողվի ԱԱ-2018-ում:
Հարաբերությունների շուտափույթ պարզումը միայն օգուտ կտա ազգային ընտրանուն ու կօգնի կենտրոնանալ առաջիկա ընտրական մրցաշարի՝ ԱԱ-2018-ի վրա:
Լուսանկարները. ՀՖՖ կայք, Գևորգ Ղազարյան, Արմինե Մարտիրոսյան