Ֆլագմանը վերադառնում է
«Այնա» օրաթերթը վերադառնում է: Այս նորությունն օրակարգում գլխավորն է, քանի դեռ Ստամբուլի ողբերգությունն այն հետին պլան չի մղել:
«Այնա – Զերկալո (երկու լեզվով էլ «hայելի»)» օրաթերթը մեզ հետ էր 1990 թ-ից, և երբ այն փակվեց, բաքվեցիները տհաճ զգացողություն ունեցան: Կարծես ինչ-որ բան խախտվել է կյանքի սովորական ընթացքում: «Այնան» անվերջ էր թվում:
Թերթը հրատարակվում էր ամեն օր «կրճատ» տարբերակով՝ ընթացիկ նորություններ, իսկ շաբաթ օրերին՝ «հաստլիկը», որը ներառում էր նաև վերլուծական հոդվածներ, հորոսկոպ, պատմվածք՝ նախավերջին թերթում և խաչբառ: Կեսօրին արդեն հնարավոր չէր այն գնել. ողջ տպաքանակը մի քանի ժամում թռցնում էին: 90-ականների կեսերին կար ժամանակ, երբ այն թողարկվում էր հարյուր հազար տպաքանակով:
Երբ «Այնա-Զերկալոն» 2014-ին ֆինանսական պատճառներով փակվեց, այլ խմբագրությունների և լրատվամիջոցների լրագրողներն ընկալեցին դա որպես վերջին անկախ թերթի ավարտ: Դրան նախորդել էր «Զերկալոյի» լրագրողներից մեկի՝ Ռաուֆ Միրքադիրովի ձերբակալությունը, ում ավելի ուշ 6 տարվա ազատազրկման էին դատապարտել պետական դավաճանության մեղադրանքով:
«Այնա Զերկալոն» 24 տարվա ընթացքում ինքնատիպ դպրոց էր դարձել, որը լրագրողների մի ողջ սերունդ է մեծացրել: Թերթը, զգուշորեն խուսանավելով աշխարհի հզորների մինչև վերջ պահպանեց սեփական, ոչ մեկի կողմից չպարտադրված և ադրբեջանական մամուլի ընդհանուր ֆոնին ազատ խմբագրական քաղաքականությունը:
Էլչին Շիհլին՝ «Այնա -Զերկալո» թերթի նախկին և ներկա գլխավոր խմբագիրը, բացատրեց, որ թերթն իրենից այժմ ներկայացնելու է բլոգ ayna.az և նրա համար գրելու են միայն սյունակագիրներ:
«Հաշվի առնելով մարդկանց արձագանքն այս նորության տարածմանը, կարելի է ասել, որ ոմանց համար հետաքրքիր է լինելու: Մեզ համար գրելու պատրաստ հեղինակներն իմ ընկերներն են: Մենք համախոհներ ենք, չնայած որոշ տարաձայնությունների՝ կարողանում ենք ընդհանուր հայտարարի գալ»:
Էլչին Շիհլիի կարծիքով, ընթերցողներին կհետաքրքրեն լուրջ պրոֆեսիոնալների հոդվածները, որոնք հավաքված կլինեն մեկ տեղում: «Դա չի նշանակում, որ ուրիշները չեն կարողանա մեզ մոտ հոդվածներ հրապարակել: Տեսնենք, եթե շրջանակն ընդլայնվի, ցանկություն լինի մեզ համար գրելու, մենք կընդունենք նրանց»:
Սակայն «Զերկալոյի» համար գրողները չպետք է հոնորարի ակնկալիք ունենան: Թերթը բացման պահին փող չի ունեցել, չունի նաև այժմ, սակայն մարդիկ համաձայն են անվճար աշխատել:
Գուլու Մագերամլի, մեդիափորձագետ.
«Երբ մեդիառեսուրսների նորությունները չեն բավարարում հասարակությանը, կանխակալություն կա, հավասարակշռություն չի պահպանվում, հասարակությունը նորմալ տեղեկատվություն չի ստանում, լսարանը հայացքը թեքում է դեպի առանձին անհատների հոդվածները: Եվրոպայում, Ռուսաստանում նման պրակտիկա կա»:
Բոլոր նրանք, ովքեր այս ռեսուրսի համար են գրելու, լրագրության ոլորտում որոշակի ուղի անցած մարդիկ են, լրագրողներ, ում էլիտար լսարանը վստահում է: Բացի այդ, նախագիծը ղեկավարում է մարդ, ով ազգային գիտակության վրա հիմնված հասարակական դիրքորոշում ունի: Նրան շրջապատող հեղինակները նույն կերպ են ընկալվում: Որքան ինձ հայտնի է, լինելու է նաև հեռուստատեսային նախագիծ»:
Նիջաթ Մելիքով, «Զերկալո» թերթի քաղաքականության բաժնի նախկին ղեկավար.
«Այն, որ «Այնան» միայն էլեկտրոնային տարբերակով է «թողարկվելու»՝ հեղինակային հոդվածներով, «Այնա-Զերկալո» թերթի հիմնադիր Էլչին Շիհլիի որոշումն է: Ամեն դեպքում շեֆը հետխորհրդային տարածքում ամենատաղանդավոր և փորձառու լրագրողներից է, և ինձ մոտ նրա նպատակներն ու նշանակետերը կասկածներ չեն առաջացնում, ինչպես նաև վստահ եմ, որ ճիշտ քայլեր են արվելու»:
Հրապարակվել է 30.06.2016