«Վերջին նախազգուշացումն էր». վրացի վերլուծաբանները՝ Օ'Բրայենի այցի մասին
Օ’Բրայենի այցը Վրաստան
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Վրաստանի վարչապետի, ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո ճեպազրույց է ունեցել և հայտարարել, որ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը անհամատեղելի է Եվրամիության չափանիշների հետ։ Օ’Բրայենը խոսել է նաև վրացի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հնարավոր պատժամիջոցների մասին։
JAMnews-ը տեղացի վերլուծաբաններից հետաքրքրվել է, թե որքանով է իրատեսական կառավարության անդամներին և խորհրդարանականներին իմպիչմենտի ենթարկելը, երբ Միացյալ Նահանգները կդիմի կոշտ միջոցների:
Թենգիզ Փխալաձե, միջազգային հարաբերությունների մասնագետ, Բրյուսելի միջազգային քաղաքական տնտեսության եվրոպական կենտրոնի ավագ գիտաշխատող
«Օ’Բրայենն ամեն ինչ հստակ ասաց: Մենք ապրում ենք շատ ճգնաժամային պահ, երբ կարող ենք կրոցնել այն ամենը, ինչին հասել ենք մինչ հիմա: Եվ սա միայն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարց չէ։ Շատ լուրջ վնաս կարող է պատճառվել մեր երկրի շահերին և անվտանգությանը, երկիրը կարող է մնալ առանց քաղաքական աջակցության և ընդհանրապես առանց օգնության, որը կարևոր դեր է խաղում վրացական պետության կառուցման գործում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Օ’Բրայենը երկու այնքան տարբեր հայտարարություններ արեցին, որ ես պատրանքներ չունեմ, թե մոտ ապագայում կարող է մերձեցում տեղի ունենալ։ Ես չունեմ զգացողություն, որ [Վրաստանի] կառավարությունը ադեկվատ է ընդունել Միացյալ Նահանգներից հնչող ուղերձները:
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա այդ որոշումը կայացնում է [ԱՄՆ] պետքարտուղարը, ուստի Օ’Բրայենը չէր կարող այստեղ հայտարարել ինչ-որ կոնկրետ պատժամիջոցների մասին։ Բայց հստակ ասվեց, որ եթե ոչինչ չփոխվի, և ամեն ինչ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը, Վրաստանի իշխող կուսակցության հռետորաբանությունը, նրա դավադրության տեսությունները և միանգամայն անիմաստ մեղադրանքները արևմտյան գործընկերների հասցեին մնա այնպես, ինչպես կա, ապա հարաբերությունները [ԱՄՆ-ի և. Վրաստանի] կվերանայվեն»։
Զուրաբ Բատիաշվիլի, քաղաքագետ
«Իհարկե, Օ’Բրայենի հայտարարությունը շատ կոշտ էր. Իհարկե, դիվանագիտական էթիկան պահանջում է, որ «կուլիսներում» ասվածը չհանրայնացվի։ Բայց մենք տողատակերը կարդալ գիտենք, ու պարզ է, որ սա վերջին նախազգուշացումն էր։ Եթե մոտ ապագայում ոչինչ չփոխվի, եթե օտարերկրյա գործակալների մասին օրենքն ամեն դեպքում ուժի մեջ մտնի, հետևանքները ծանր կլինեն։
Եվ որ ամենակարևորն է, այդ պատժամիջոցները կազդեն ոչ միայն այս օրենքի նախաձեռնողների, այլև դրան կողմ քվեարկած պատգամավորների ու նրանց ընտանիքների անդամների վրա։ Երբ խախտում ես Վրաստանի Սահմանադրությունն ու դեմ ես գնում ազգի կամքին, քեզ պատժում են, և այդ պատիժը կլինի ֆինանսական սահմանափակումների, ինչպես նաև արևմտյան երկրներ մուտքի արգելքի տեսքով։ Չի կարելի գնալ ընդդեմ Արևմուտքի և միաժամանակ օգտվել այն բոլոր առավելություններից, որոնք նա տրամադրում է:
Իհարկե, այս ամենի գլխին Բիձինա Իվանիշվիլին է, և նրա ընտանիքի անդամները նույնպես կընդգրկվեն պատժամիջոցների ցուցակում։ Դա տեղի կունենա շատ շուտով, շատ քիչ ժամանակ է մնացել։ ԱՄՆ-ը կարող է նման որոշում կայացնել ավելի արագ։ Իսկ Եվրամիության դեպքում դա կարող է մի փոքր ավելի երկար տևել, բայց դա էլ անպայման տեղի կունենա։ Կան նաև այնպիսի արևմտամետ երկրներ, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և այլն։
Բացի այդ, շատ հետաքրքիր է Օ’Բրայենի մեկնաբանությունը Իվանիշվիլիի՝ իր հետ հանդիպելուց հրաժարվելու վերաբերյալ։ Մենք գիտենք, որ Իվանիշվիլին գործնականում մեկուսացված է լայն հասարակությունից և իրականության վերաբերյալ շատ խեղաթյուրված պատկերացում ունի, և Օ’Բրայենը կենտրոնացել է դրա վրա: Իվանիշվիլիի գաղափարները և նրա դավադրության տեսությունը վտանգավոր են իր, բայց ամենակարևորը՝ երկրի համար, որովհետև փաստացի նա Վրաստանի ոչ պաշտոնական կառավարիչն է: Երբ կառավարիչը սխալ պատկերացումներ ունի աշխարհի մասին, դա շատ վտանգավոր է։ Իմ կարծիքով՝ սա է պատճառը, որ Օ’Բրայենը հատուկ շեշտադրեց դա:
Այս պահին չկան նշաններ, որ վրացական իշխանություններն ինչ-որ բան լսել ու հասկացել են։ Այդ մասին է վկայում վարչապետ Կոբախիձեի հայտարարությունը: Բայց գլխավորն այն է, թե ինչ կասի Բիձինա Իվանիշվիլին։ Իսկ Կոբախիձեն պարզապես ձայնը կրկնօրինակող դերասան է։ Համենայն դեպս, ինձ դեռ այդպես է թվում: Սպասենք, կտեսնենք»։