Համավարակ, շվեդական մոդել. «Կառավարությունները պետք է վստահեն մարդկանց»
Համաճարակի դեմ պայքարի շվեդական ռազմավարության հիմնական սկզբունքը շատերի համար պարզ և գրավիչ թվաց. ոչ մեկին չփակել, ոչինչ չարգելել: Եվ համաճարակի դեմ պայքարի շվեդական մոդելն էր, որ առավելագույն ուշադրության արժանացավ: Բայց արդյո՞ք ստացվեց: 10 միլիոնանոց երկրում COVID-19-ից մահացել է գրեթե վեց հազար մարդ, ինչը փոքր Սկանդինավիայի համար չափազանց շատ է:
Ռուսական «Նովայա գազետա»—ի հարցերին պատասխանել է Շվեդիայի հանրային առողջության գործակալության գլխավոր համաճարակաբան Նիլս Անդերս Տեգնելը՝ այն մարդը, որին երկրի կառավարությունը լիովին վստահել է համաճարակի դեմ պայքարը:
Օգոստոսի 20-ից Շվեդիայում COVID-19 վարակի նոր դեպքերի թիվը սկսել է արագորեն նվազել: Այս պահին արձանագրված առավելագույնը 333 նոր դեպք է: Գերմանիայում այս ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է 2034, Իսպանիայում՝ 12.183, Ֆրանսիայում՝ 10.563: Ընդհանուր առմամբ, Շվեդիայում համաճարակի մեկնարկից ի վեր 87.5 հազար մարդ հիվանդացել է կորոնավիրուսով, մահացել է 5860 մարդ, մահացության գագաթնակետը եղել է ապրիլին, աշնանը իշխանություններն օրական գրանցում են մեկից հինգ մահ:
— Ո՞րն է վիրուսի տարածման ցածր ցուցանիշների բանալին: Խաղադրույք բնական իմունիտետի՞ վրա, թե՞ մեկ այլ բան:
— Հիմնականում՝ մարդիկ շատ հստակ հետևում էին մեր կողմից տրված ցուցումներին: Սա հնարավորություն տվեց ցուցանիշները բավականին ցածր մակարդակի վրա պահել ամբողջ Շվեդիայում՝ համեմատած այլ երկրների հետ:
• Կորոնավիրուս․ համավարակից արագ տարածվող միֆերը
— Նոր ուսումնական տարվա մեկնարկը կարո՞ղ է ինչ—որ կերպ ազդել Շվեդիայում համաճարակաբանական իրավիճակի վրա:
— Այն դպրոցներում, որտեղ երեխաները սովորում են մինչև 9-րդ դասարան, այսինքն՝ մինչև 15 տարեկան, վիրուսը գրեթե չի տարածվում: Հիմա, երբ մենք ավագ դպրոցներ ենք բացում 16-19 տարեկան երեխաների հետ, կարող ենք նկատել վարակի դեպքեր, բայց դա վտանգավոր չէ. երեխաները լուրջ չեն հիվանդանում, նրանց հոսպիտալացման կամ բուժման կարիք չկա: Նրանք վարակը փոխանցում են միմյանց, բայց ոչ տարեցներին կամ ռիսկի խմբում գտնվող մեկին: Եվ սա հիվանդությունների այդքան մեծ տոկոս չէ:
— Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն որպես օրինակ բերել է ձեր բաց հասարակության ռազմավարությունը: Կարո՞ղ են այլ երկրներ ձեր մոդելը վերցնել որպես օրինակ:
— Որոշ բաներ, որոնք մենք օգտագործել ենք Շվեդիայում, կարող են տեղափոխվել այլ երկրներ: Օրինակ, պետությունների մեծ մասը կարող է չփակել դպրոցները առանց հատուկ հետևանքների: Սա հենց այն դասն է, որը քաղվել է շվեդական փորձից: Ավելին, կառավարությունները կարող էին ավելի մեծ վստահություն ցուցաբերել սեփական բնակչության նկատմամբ, քան ցուցաբերել են մինչ այժմ:
— Այսպիսով, համաճարակի դեմ պայքարը վստահությա՞ն մասին է, ոչ թե արգելքների՞:
— Համենայնդեպս Շվեդիայում, միանշանակ, այո: Եթե մարդիկ ինչ-որ բան անում են իրենց կամքով, նրանց համար շատ ավելի հեշտ է պահպանել ցուցումները, քան երբ նրանց ստիպում են: Միշտ կարելի է խուսափելու միջոց գտնել և չանել այն, ինչ ձեզ թելադրում են:
— Սպասու՞մ եք որոշակի պատվաստանյութի:
— Եթե հավատանք դեղագործական ընկերությունների ասածներին, կարող ենք Ամանորին պատվաստանյութ ակնկալել:
— Եվրոպայում միայն երկու երկիր ժամանակին հրաժարվեց մեկուսացումից՝ Շվեդիան և Բելառուսը: Մի՞թե այնտեղ էլ իշխանություններն ապավինել են բնակչության վստահությանը սահմանափակումների փոխարեն:
— Ես այնքան էլ քաջատեղյակ չեմ Բելառուսի թեմային՝ դատելու բնակչության վստահությունը կառավարության նկատմամբ: Բայց ներկայիս իրավիճակը կասկածներ է հարուցում՝ կա արդյոք պետության հանդեպ վստահություն, ինչպես Շվեդիայում: