Քամել առավելագույնը․ ինչո՞ւ են ադրբեջանցի զինվորականները ներխուժել Հայաստանի տարածք
Վերջին մի քանի շաբաթում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը վառոդի տակառ է հիշեցնում․ լուցկին մոտեցնես՝ ամեն ինչ հօդս կցնդի։ Սկզբնական փուլի լճացումը փոխարինվել է կողմերի միջև անդադար բախումներով, այնուհետև՝ հրաձգությամբ և զոհով, ինչպես նաև վեց հայ զինծառայողների գերեվարմամբ։
Երկու երկրներն ավանդաբար իրավիճակի բացարձակ հակադիր մեկնաբանություն ունեն, իսկ առաջատար խաղացողները միայն կողքից հետևում են և «դիվանագիտորեն» հայտարարում լարվածության թոթափման անհրաժեշտության մասին։ Ընդ որում, ընդհանուր պատկերը չի փոխվում, իսկ ճգնաժամը սպառնում է «թեժ փուլ» մտնել։
- «Ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը»․ Ֆրանսիայի նախագահ
- Երևան-Բաքու-Մոսկվա աշխատանքային խումբը դադարեցրել է աշխատանքը․ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատարը՝ պատճառների մասին
- Ինչո՞ւ է Հայաստանի արտգործնախարարը լքել պաշտոնը․ նրա և փորձագետի մեկնաբանությունները
Ինչպե՞ս է սկսվել
Հայաստանի տեղեկատվական անվտանգությունն Արցախյան երկրորդ պատերազմում պարտություն կրելուց հետո տուժել է ոչ պակաս, քան զինված ուժերը։ Եթե պատերազմից առաջ ծայրահեղ դժվար էր «տեղեկատվական ռումբեր» նետել մեդիայի և սոցցանցերի հայկական տիրույթ, ապա այժմ բացարձակ հակառակ իրավիճակ է․ ցանկացած նորություն Բաքվից ակնթարթորեն հանրությանն է փոխանցվում։
Դա մեծ մասամբ բացատրվում է ճգնաժամով պետական կառույցների աշխատանքում, որոնց համար արդեն սովորական է դարձել հերքել, այնուհետև՝ հաստատել տեղեկությունը։ Նույն բանը տեղի ունեցավ նաև Հայաստանի տարածք ադրբեջանցի զինծառայողների ներթափանցման մասին նորության դեպքում։
Սկզբում Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու մասին լուրը հայտնեցին Տելեգրամ-ալիքները։ Սոցցանցերում երկար քննարկումներից հետո պաշտպանության նախարարությունն, այնուամենայնիվ, հաստատեց․ ադրբեջանական ԶՈւ-ն խախտել է պետական սահմանն ու մի քանի կիլոմետրով առաջ եկել դեպի երկրի տարածքի խորքը, ընդ որում՝ մի քանի ուղղություններով։
Պետության ղեկավար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նիստին հայտարարեց․ Բաքուն սադրանքի է դիմել, սակայն Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են ուժային եղանակով հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր։
Թվում էր, թե Երևանի դիրքորոշումն աներկբա է, և իրավիճակն արագ հարթվելու է։ Սակայն, պարզվեց, որ միայն հայտարարություններով խնդիրը չես լուծի։
Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին
Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի զինվորական կազմի ավելացմանը զուգահեռ, Երևանում հաճախակի դարձան դաշնակիցների՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օգնությանը դիմելու մասին խոսակցությունները։
Որոշակի պահի ակնհայտ դարձավ, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը բավականաչափ վճռականություն, հնարավոր է, նաև ռեսուրս չունի խնդրի ինքնուրույն լուծման համար։ Արդյունքում՝ եղավ այն, ինչ չէր եղել երբեք․ Հայաստանի իշխանությունը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ ռազմական դաշինքին, որի անդամ է երկիրը, կազմակերպության կանոնադրության երկրորդ հոդվածի համաձայն։
Դաշինքին անդամակցող պետության անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում այդ հոդվածը ենթադրում է օգնություն տրամադրելու նպատակով խորհրդակցությունների մեկնարկ, սակայն դեռևս ոչ ռազմական օգնության տրամադրում։
Միաժամանակ, Երևանն ակնհայտորեն նախնական խորհրդակցություն չի անցկացրել կազմակերպության իր գործընկերների հետ՝ Հայաստանին անհրաժեշտ արձագանքի հարցում վստահ լինելու համար։ Սակայն հնարավոր է, որ երկրի իշխանությունը շատ լավ հասկանում էր այդ դիմումի ելքը, այդ պատճառով էլ նման քայլի է դիմել։
Փաստ է այն, որ կազմակերպությանը դիմելուց հետո անցել է ավելի քան երկու շաբաթ, սակայն պաշտոնական արձագանքը դեռ չկա։ Սա այն դեպքում, երբ կառույցի կանոնադրությունը ենթադրում է պատասխան երեք օրվա ընթացքում։
Բանը հասել է նրան, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակում հստակ դժգոհություն է հայտնում ՀԱՊԿ անգործությունից, որն, ի դեպ, գործում է Ռուսաստանի հովանու ներքո։ Նման բան նախկինում դժվար էր պատկերացնել։
«Միջազգային գործնկերները համարժեք գնահատական չեն տալիս և իրերն իրենց անունով չեն կոչում։ Կոչ եմ անում մեր միջազգային գործընկերներին՝ հստակ գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին, հստակ դիրքորոշում հայտնել։ Հետագա լարումներից և բախումներից խուսափելու համար այն անվտանգային համակարգը, որին մաս է կազմում Հայաստանի Հանրապետությունը, այն միջազգային գործընկերները, ում անհանգստացնում են Հարավային Կովկասում տեղի ունեցող նման անթույլատրելի գործողությունները և զարգացումները՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխան պետության նկատմամբ, պետք է հստակ գնահատական տան»,- հայտարարել է իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Պարբերաբար ՀԱՊԿ դանդաղկոտության վերաբերյալ դժգոհություն է հայտնում նաև վարչապետի պաշտոնակատարը։ Սակայն Երևանն, այնուամենայնիվ, հույսեր է կապում ՀԱՊԿ-ի հետ։ Տարբեր մակարդակներում հաճախակի են դարձել խոսակցությունները կառույցին չորրորդ հոդվածով դիմելու հնարավորության մասին, որը ենթադրում է անհապաղ ռազմական օգնություն։
Սակայն ակնկալել, որ «ղազախ կամ ղրղզ զինվորը կգա ու կպաշտպանի Հայաստանի սահմանն, անիմաստ է», վստահ է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը․
«Հետևաբար, սա դիմում է Ռուսաստանին։ Պետք է հասկանալ, որ նախընտրական փուլ է [հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն — JAMnews], և դա շատ ցավոտ է ընկալվում հայկական դաշտում։ Հետևաբար, դիմում են մի կազմակերպության, որն, ինչպես ինձ է թվում, կարող է միջոցներ ձեռնարկել։ Սակայն կարծում եմ, որ դրանք ոչ ռազմական բնույթի միջոցներ են լինելու։ Դրանք այն մեթոդներն են լինելու, որոնք Ռուսաստանը սովորաբար կիրառում է․ քաղաքական ազդեցության, ճնշման փորձեր, բանակցությունների և Ալիևին համոզելու փորձեր, որ նա մի քիչ զիջի»։
Իրավիճակն իրոք դեռևս զարգանում է հենց այս սցենարով։ Ավանդաբար բանակցություններն անցկացվում են Մոսկվայի միջնորդությամբ։ Սակայն, ինչպես մյուս դեպքերում, Ռուսաստանն այժմ էլ ի վիճակի չէ թարմ հետքերով հանգուցալուծել իրավիճակը։
Հետևանքն առաջին զոհն է և գերեվարված զինվորները
Համացանցում պարբերաբար տեսանյութեր են հայտնվում, որոնցում կամ ադրբեջանցի, կամ հայ զինծառայողները միմյանց վռնդում են զբաղեցրած դիրքերից։ Մինչև վերջերս դա տեղի էր ունենում առանց զենքի կիրառման։ Սակայն մայիսի 25 -ին հակառակորդի գնդակից զոհվեց հայ ժամկետային զինծառայող, իսկ երկու օր անց 6 հայ զինծառայողներ գերեվարվեցին ադրբեջանցիների կողմից։ Երևանի և Բաքվի սահմանային դիմակայությունն ավելի թեժ փուլ է մտել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ժամանակ առ ժամանակ հայտարարում է խնդիրն ուժային եղանակով լուծելու պատրաստակամության մասին։ Սակայն անգամ երկրի ներսում են այդ հայտարարություններն ընկալվում մեծ թերահավատությամբ։
Ադրբեջանում հասկանում են, որ Հայաստանի անվտանգության համակարգը ծայրահեղ խոցելի է, այդ պատճառով էլ ամեն օր ավելի հանդուգն քայլերի են դիմում, կարծում է կառավարման ոլորտի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը․
«Ցանկացած պետության գոյության տրամաբանությունն անվտանգության համակարգի շրջանակում է, և եթե այդ համակարգը չկա, քաղաքացիներն իրենց անպաշտպան են զգում, իսկ մյուս բոլոր ոլորտների գործունեությունը կաթվածահար է լինում։ Նման իրավիճակում Բաքուն շարունակելու է ոտնձգություններ իրականացնել հանրապետության տարածքի նկատմամբ»։
Ինչո՞ւ է Ադրբեջանը սրում իրավիճակը
Հայկական իշխանությունը որոշել է ընտրություններ անցկացնել՝ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որն առաջացել է Արցախյան պատերազմում կրած պարտության հետևանքով, ընդ որում՝ մտադիր է կրկին հաղթել։ Սակայն այն ընտրությունների է գնում այն պայմաններում, երբ կատարվել են հրադադարի մասին եռակողմ հայտարարության միայն Բաքվի համար շահեկան կետերը։
Չեն վերադարձվել հայ ռազմագերիները, Հայաստանի հարավում կոմունիկացիաների վերաբերյալ դիրքորոշման ակնհայտ հակասություններ կան։ Իսկ վերջերս հայտնի է դարձել, որ Հայաստանին, ըստ էության, ստիպում են փաստաթուղթ ստորագրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման վերաբերյալ։ Եվ այդ համաձայնագիրն, ըստ ամենայնի, կբերի որոշ տարածքների հանձնմանը Բաքվին։
Այս բոլոր չլուծված հարցերը հանգեցրել են նրան, որ Ադրբեջանը Հայաստանի ներքաղաքական օրակարգին միջամտելու իրական լծակ է ձեռք բերել։
Այդ պատճառով էլ ընտրությունները պետք չէր անցկացնել հենց հիմա, վստահ է Հովհաննես Ավետիսյանը․
«Հայաստանում ճգնաժամի հաղթահարման քննարկումները գնում են արդեն կես տարի, և ի սկզբանե ճիշտ գաղափար էր առաջ քաշվել․ ստեղծել անցումային կառավարություն, որը հնարավորինս արագ կփոխարիներ գործող ղեկավարությանը։ Խնդիրներն օր-օրի սրվում են, սպառնալիքներն ավելի են լրջանում, և այդ պատճառով էլ ժամանակավոր կառավարության գաղափարը դեռ արդիական է»։
Ինչո՞վ է ամեն ինչ ավարտվելու
Ներկայիս իրավիճակից ելք գտնելու առաջարկ է արել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը։ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է երկու երկրների զորքերը հայելային եղանակով հետ քաշել սահմանից, այնտեղ տեղակայել Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիտորդներին, այնուհետև պարզել, թե ում տարածքն է դա, ի վերջո։
Օրեր են անցնում, սակայն որևէ արձագանք Բաքվից չկա և, ըստ ամենայնի, չի լինելու։
Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանն իր կարծիքն է հայտնել Փաշինյանի առաջարկի վերաբերյալ․
«Նման հայտարարություններ անելուց առաջ անհրաժեշտ է համապատասխան համաձայնություն ստանալ «հյուրերից», որոնք հրավիրվում են։ Դատելով այն բանից, որ վերջին օրերին Փարիզի և Վաշինգտոնի հետ ուղղակի շփումներ չեն եղել, կարելի է եզրակացություն անել, որ ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ն ուղղակի համաձայնություն չեն տվել»։
Փորձագետը վստահ է նաև, որ Փաշինյանի հայտարարությունը Ռուսաստանի տարակուսանքն է առաջացնելու, որը հազիվ թե համաձայնի, որ ՆԱՏՕ-ի զինծառայողներ հայտնվեն երկրում, որն իր ազդեցության գոտում է։
«Տեսականորեն կարող եմ ենթադրել, որ ռուսական ճնշման հետևանքով որևէ փոխզիջումային կամ ոչ փոխզիջումային տարբերակի գուցե հնարավոր լինի գալ։ Սակայն այս դեպքը [ադրբեջանցի զինվորների ներխուժումը Հայաստան] միակը չէ և միակը չի լինելու։ Կարծում եմ, որ նման իրավիճակներ առաջանալու են անընդհատ։ Սա պատահականություն չէ, այլ ռազմավարություն։ Չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ը կարող է նվազեցնել լարվածությունը»,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Երևանի փարիզյան հույսը
Հայաստանի իշխանությունը սահմանային սրացման ամենասկզբից ձգտում է ընդգծել Ռուսաստանի բացառիկ դերն իրավիճակի լուծման հարցում։ Սակայն Մոսկվայի անգործությունը տարակուսանք է առաջացնում ոչ միայն երկրի քաղաքական վերնախավի, այլև հասարակության շրջանում։ Շատերն են հարցադրում անում, թե ինչու է Ռուսաստանը չեզոք դիրքորոշում զբաղեցնում, մինչդեռ պարտավոր է սատարել դաշնակցին ոչ միայն որպես ՀԱՊԿ անդամի, այլև երկկողմանի պայմանագրերի հիման վրա։
Հայաստանում վստահ են, որ Անկարան շարունակելու է Բաքվին դրդել և օգնություն ցուցաբերել, և դժվար կլինի դիմակայել թուրքական տանդեմին՝ առանց ռուսական աջակցության։ Սակայն ռազմավարական դաշնակիցը լարվածության թուլացման անհրաժեշտության մասին հայտարարություններից առաջ չի գնում։
Այս պայմաններում հատկանշական է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի չպլանավորված աշխատանքային այցը Փարիզ։ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է անցկացրել Ֆրանսիայի նախագահի հետ և ստացել Մակրոնի աջակցության խոսքը․
«Ես կողմերին բացահայտ կոչ եմ անում վերադառնալ մայիսի 11-ի դրությամբ իրենց դիրքեր [Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերն առաջ է տվել Հայաստանի տարածքում մայիսի 12-ին — JAMnews]։ Ֆրանսիան պատրաստ է աջակցել բանակցություններին կողմերի միջև։ Փարիզը սատարում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։
Արդյո՞ք Փարիզն էլի քայլ կանի և իրական օգնություն կտրամադրի Հայաստանին։ Այս սցենարը դեռևս անիրական է թվում։
Մոսկվան հազիվ թե դրական արձագանքի Երևանի գործողություններին։ Սակայն այն պայմաններում, երբ Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է դաշնակցային պարտավորությունների կատարում, սակայն չի ստանում անգամ սատարող հայտարարություններ, միջազգային գործընկերների հետ Փաշինյանի համագործակցության փորձերը տրամաբանական են թվում։
Միայն մի մեծ հարց է մնում․ արդյո՞ք Հայաստանը կարող է իրեն թույլ տալ ճկունություն դրսևորել միջազգային հարթակում՝ քաղաքական խորը ճգնաժամի և սեփական սահմանների աննախադեպ անկայունության պայմաններում։