Քաղբանտարկյալներ՝ ըստ էության
Ազատության մեջ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շուրջ ութ օր անցկացնելուց հետո ակտիվիստ Վարդգես Գասպարին վերադարձել է իր առօրյա կյանքին: Ամեն առավոտ նա զբոսնում է 12-ամյա որդու հետ Ազգային ժողովին հարող «Սիրահարների այգու» տարածքում, որտեղ պարբերաբար գետնին պառկելու միջոցով արտահայտել է իր վերաբերմունքը Հայաստանի դատաիրավական համակարգի, արդարադատության նկատմամբ:
Վարդգես Գասպարին այն քաղաքացիներից մեկն է, ով քրեակատարողական հիմնարկում հայտնվեց քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելու պատճառով: Դրա համար էլ հայաստանյան քաղաքական դաշտի մի մասը անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստներին, նաև Վարդգես Գասպարիին, համարում է քաղբանտարկյալ, մյուս մասն էլ պնդում է՝ սա որևէ կապ չունի քաղբանտարկյալ հասկացության հետ:
Անձամբ Վարդգես Գասպարին իրեն քաղաքական բանտարկյալ չի համարում.
«Անկեղծ ասած, ես ինձ քաղաքական չեմ համարում. ոչ թե այն պատճառով, որ քաղաքականությունը շառ ու փորձանք է, այլ որովհետև քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, դժվար եմ կողմնորոշվում: Ես ինձ, առաջին հերթին, քաղաքացի եմ համարում, ակտիվիստ քաղաքացի, իրավապաշտպան»:
Ակտիվիստն ավելացնում է, որ իրեն կալանավորելու հանգամանքն այս կամ այն ուժի հաղթանակը կամ պարտությունը չէ: Շուրջ տասը տարի է Վարդգես Գասպարին պայքարում է դատաիրավական համակարգի անկախացման, արդարության, օրենքի գերակայության հաստատման համար: Այսօր էլ ինքն է դարձել արդարություն փնտրողներից, իրավապաշտանի կարիք ունեցողներից մեկը.
«Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ոստիկանությանը հայհոյել եմ, դատավորին անարգել: Ոստիկանությանն ասել եմ, որ դուք ստորագույն սրիկա հանցագործներ եք, մարդասպաններ եք, սպանել եք իմ հարզատներին:
Սա հայտնի է, գոնե Մարտի մեկին [խոսքը, 2008-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված արտակարգ դրության մասին է, երբ իշխանության կողմից ընտրությունների արդյունքները չճանաչող հանրության դեմ կիրառված ուժի արդյունքում սպանվեց տասը մարդ] այդպես է եղել, տասը զոհերից երեքը սպանվել են ոստիկանության «չերյոմուխա» զինատեսակից: Սա առիթ է հանդիսացել քրեական գործ հարուցելու համար: Բայց ես չեմ հրաժարվում իմ ասածներից»:
Քաղբանտարկյալ է՞ Գասպարին, թե՞ ոչ
Հայաստանի իշխանությունները Վարդգես Գասպարիին քաղբանտարկյալ չեն որակում՝ նշելով, որ վերջինս կալանավորվել է քրեական գործի շրջանակում:
«Քաղբանտարկյալ, քաղաքական հայացքների պատճառով կալանավորված» եզրույթներն ընդունելի չեն, զգույշ օգտագործեք այս տերմինները: Չեմ կարծում, որ Գասպարիի նկատմամբ նախնական կալանք ընտրելը քաղաքական հայացքների հետ է կապված: Դատարանը որոշում է կայացրել կալանավորելու մասին դատական գործընթացի հետ կապված, և սա ամենևին չի նշանակում, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում կա»,- ասում է ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Ընդդիմադիր գործիչներն ու իրավապաշտպանները, սակայն, համաձայն չեն, պնդում են, որ Վարդգես Գասպարիին հենց քաղաքական հայացքների պատճառով էին կալանավորել: Ինչպես նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Արթուր Սաքունցը, որևէ իշխանություն երբեք էլ չի ընդունի, որ իր երկրում քաղաքական բանտարկյալներ կան: «Համարում եմ, որ այն, ինչ կատարվեց Գասպարիի հետ, քաղաքական հետապնդման արդյունք էր և իր քաղաքական անզիջում բողոքի հետևանք»,- նշեց նա:
Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ քաղաքական հայացքների համար հետապնդումը անհանդուրժելի է ժողովրդավարությանը ձգտող պետության և առհասարակ ժողովրդավարության համար. «Տարին սկսվեց Գևորգ Սաֆարյանի ազատազրկմամբ, հետո կալանավորվեց ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ նրա համար միայն, որ իշխանությունների կամայականնությունների դեմ կազմակերպում է բողոքի ակցիաներ»:
Մեր օրերի քաղբանտարկյալները
Հայաստանում 18 քաղաքացի այսօր ազատազրկված է քաղաքական հայացքների պատճառով. սա որոշ իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականն է։ Նրանցից 15-ը «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով ամբաստանյալի աթոռին հայտնվեցին 2013-ի նոյեմբերի 5-ին Մաքսային միությանն անդամակցելու դեմ երթ կազմակերպելու պատճառով:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ով պայքարում էր ազատամարտիկների, զինծառայողների իրավունքների, արժանապատվիվ կյանքի համար ևս կալանավորվեց: Ազատության հրապարակում մի քանի ակցիա նախաձեռնելուց հետո նրան դատապարտեցին խարդախության համար։
Ցուցակում ներառված է նաև Հայկ Կյուրեղյանը, ով «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործի դատավարությունից առաջ օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանի վրա։ Կյուրեղյանը բարձրացել էր մեքենայի վրա և խաղալիք ատրճանակով փորձել ցույց տալ իր անհանդուրժողականությունը Շանթ Հարությունյանին և իր ընկերներին կալանավորելու հարցում:
Եվ վերջերս կալանավորված «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, ով փրոձել էր Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Միջադեպի հետևանքով նա ձերբակալվել էր, ինչից հետո կալանավորվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածով:
Ու՞մ կարելի է համարել քաղբանտարկյալ
Քաղբանտարկյալ եզրույթը քրեական օրենսգրքում սահմանված չէ։
Փոխարենը կա Եվրոպայի խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սահմանումը, ըստ որի՝
քաղաքական բանտարկյալ պետք է համարել անձնական ազատությունից զրկված անձին, եթե ազատազրկումը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի, մասնավորապես՝ մտածելու, խղճի և դավանանքի ազատության, կարծիք արտահայտելու և տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև հավաքների և միավորումների ազատության ոտնահարմամբ,
քաղբանտարկյալ է նա, ով աանձնական ազատությունից զրկված է, երբ «ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, օրինախախտման հետ առանց որևէ առնչության», ով ազատությունից զրկվել է «այլ անձանց համեմատ՝ խտրական վերաբերմունքի հիման վրա», ում «կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են այն իրավախախտմանը, որով տվյալ անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել»:
18 քաղաքացիների պարագայում էլ, ինչպես պնդում են նրանց փաստաբանները, վերոնշյալ կետերը առկա են:
Սակայն Հայաստանի իշխանությունները ոչ 2008 թվականի Մարտի մեկի դեպքերից հետո, ոչ էլ հիմա, չեն ընդունում, որ երկրում կան քաղբանտարկյալներ։ Այս մասին ժամանակին անձամբ հայտարարել է թե՛ նախագահ Սերժ Սարգսյանը, թե՛ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, վերջերս էլ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Վարդգես Գասպարիի հետ կատարվածին:
Գասպարիին աջակցման բողոքի ակցիայի կադրերը
Պատճառն, ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, հասկանալի է՝ իշխանությունները վախենում են վնաս հասցնել երկրի միջազգային վարկին, բայց միաժամանակ չեն կարող թույլ տալ, որ իրենց իրավագիտակցությամբ տարանջատվող այս քաղաքացիներն օրինակելի դառնան մյուսներին.
«Իր իրավունքները իմացող քաղաքացին, ով չի վախենում անարդարության դեմ պայքարել, ամենավտանգավոր երևույթն է գործող իշխանությունների համար: Մարդիկ, ովքեր ցույց են տալիս, որ պայքարից հրաժարվել չի կարելի, որ պայքարը կարող է արդյունավետ լինել, որ կամք է պետք՝ իրավիճակի փոփոխության համար, կարող են վարակիչ դառնալ հասարակության լայն շերտերի համար: Մի քանի հոգին վտանգավոր չեն իրենց համար, բայց նրանք կարող են դառնալ վարակիչ՝ ևս մի քանի հոգու համար և այդպես շարունակ»:
Արդարություն հաստատելու գինը
Ամենով հանդերձ, Վարդգես Գասպարին չի հիասթափվում: Թեև ընտանիքը նրան աջակցում է, բայց Գասպարին նշում է, որ պայքարը մեծ էներգիա է պահանջում և ծանր բեռ է, առաջին հերթին, ոչ թե իր, այլ՝ ընտանիքի համար:
«Մարդիկ առավոտից մինչև երեկո չեն կարողանում իրենց ֆինանսական, կենցաղային հարցերը լուծել, առավել ևս, երբ կողքից էլ հասարակական գործ ես անում, այն էլ այդքան ակտիվ, չես հասցնում լուծել խնդիրներդ: Մեկ տարում մոտ 500.000 դրամի տույժ են բռնագանձել ինձանից: Ու սա այն դեպքում, երբ ես խնայում եմ իմ երեխային կոշիկ առնել:
Չեմ կարծում, որ իմ ընտանիքն արժանի է նման դաժան վերաբերմունքի: Մեկ էլ պատերազմի ժամանակ էր, որ մարդիկ այդպես վարվում իրենց ընտանիքի հետ, թողնում էին կին, երեխա ու գնում պատերազմի: Չեմ ուզում շարունակել իմ ընտանիքի հետ այդքան դաժան վարվել»,- ասում է Վարդգես Գասպարին:
Այժմ, նա փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ, հատկապես, որդու՝ բացակայությունը լրացնելու համար: Ի դեպ, Գասպարիի 12 ամյա տղան դպրոց չի հաճախում առողջական խնդիրների պատճառով, որոնք առաջացել են դեռ 3 տարեկան հասակում ընտանիքի նկատմամբ իրավապահների բռնաճնշումների հետևանքով:
Հրապարակվել է՝ 19.04.2016