Փաշինյանին հարվածելու փորձ եկեղեցում, կան ձերբակալվածներ
Քաղաքացին փորձել է հարվածել Փաշինյանին
Հայ հանրության ուշադրության կենտրոնում նախօրեին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպն է։ Եկեղեցու տարածքը լքելիս քաղաքացիներից մեկը փորձել է հարվածել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կա երեք ձերբակալված։
Փորձագետների և քաղաքացիների մեծ մասը դատապարտել է երկրի ղեկավարի հանդեպ նման վերաբերմունքը։ Կան նաև այնպիսիք, որոնք կարծում են՝ վարչապետ Փաշինյանն է «սադրիչ այց» կատարել եկեղեցի։ Մասնավորապես՝ սադրիչ են որակում այն հանգամանքը, որ վարչապետը թիկնապահների խմբով մուտք է գործել եկեղեցի, երբ այն արդեն իսկ բազմամարդ էր և փորձել է առաջանալ՝ խանգարելով պատարագի ընթացքը։
Մեծամասնությունը, սակայն, վստահ է՝ երկրի ղեկավարի հանդեպ նման վերաբերմունքը պետք է ստանա իր արժանի գնահատականը, այդ թվում՝ իրավապահների կողմից։ Կարծում են՝ հակառակ դեպքում վտանգված կլինի մինչև անգամ Հայաստանի ժողովրդավարական ընթացքը։
Միջադեպի մանրամասները, մեկնաբանություններ
- Հայաստանի իշխող ուժի նախկին պատգամավորը՝ ՍԴ դատավոր․ կա՞ անաչառության և անկախության ռիսկ
- «Ընդդիմադիրները պատերազմի կուսակցություններ են»․ Հայաստանի ԱԺ նախագահ
- «Լեգիտիմացնելով փախստականների թիրախավորումը»․ Փաշինյանն արցախցիներին «փախածներ» է անվանել
«Տենց չնայես ինձ»․ ի՞նչ է տեղի ունեցել եկեղեցում
Մարտի 29-ին Հայ առաքելական եկեղեցին նշում էր հավատացյալների ամենասիրելի տոներից մեկը՝ Ծաղկազարդը։ Փաշինյանն ու թիմակիցներն էլ Երևանում անց էին կացնում հերթական ներկուսակցական քարոզարշավը։ Վարչապետն ու համակիրները Սուրբ Աննա եկեղեցի հասան, երբ պատարագն արդեն ընթացքի մեջ էր, եկեղեցին՝ բազմամարդ։
Անվտանգության աշխատակիցներն ապահովում էին Փաշինյանի մուտքը, այնուհետև ելքը՝ նախ ճանապարհ բացելով, որ վարչապետն առաջանա դեպի եկեղեցու կենտրոնական հատված, այնուհետև՝ դուրս գա։ Ընդ որում՝ վարչապետը չսպասեց պատարագի ավարտին և որոշեց ավելի շուտ լքել եկեղեցու տարածքը։
Երբ Փաշինյանը դուրս էր գալիս եկեղեցուց, քաղաքացիներից մեկը անվտանգության աշխատակիցներից պահանջեց չհրել իրեն, ասաց, թե ուզում է իր տեղում կանգնած մնալ։
«Տենց չնայես ինձ»,- վարչապետին ասաց երիտասարդն ու փորձեց ձեռքով հարվածել նրան։
Երկրի ղեկավարը զուսպ արձագանքեց, ձեռքի շարժումով հորդորեց լռություն պահպանել և դուրս եկավ եկեղեցուց։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Սուրբ Աննա եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ հնչեց Գարեգին Բ կաթողիկոսի անունը։ Եկեղեցի-իշխանություն հակասությունների ֆոնին Փաշինյանը սովորաբար մասնակցում է բացառապես այն պատարագներին, որոնց ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը զեղչվում է։
Միջադեպի մասնակից երիտասարդը բերման է ենթակվել։
Ի սկզբանե Ոստիկանությունը հաղորդել էր, որ ձերբակալվել է 2 անձ։ Մեկ օր անց՝ մարտի 30-ին, Քննչական կոմիտեից հայտնեցին 3 անձի՝ 2007 թվականին ծնված եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանների և Գևորգ Գևորգյանի ձերբակալության մասին։
Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել 2՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նկատել է․
«Խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր պայմաններից մեկն է, բայց ոչ միակը: Ամենակարևոր պայմաններից են նաև ուրիշի անձնական տարածքի անձեռնմխելիությունը և սեփական կարծիքի համար բռնությունից պաշտպանված լինելը: Այս երկու դրույթների ապահովման երաշխավորը պետությունն է:
Հետևաբար, եթե երեկ [ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հայհոյած] և այսօր պետական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ բռնության փորձի համար ձերբակալված անձինք հանկարծ 2-3 օր հետո ազատ արձակվեն, կնշանակի, որ ՀՀ իշխանությունը չի կարողանում նույնիսկ ինքն իր խոսքի ու կարծիքի ազատությունը պաշտպանել բռնությունից, էլ ուր մնաց մյուս քաղաքացիների դեպքում:
Հետևաբար, եթե այդ մարդիկ գրավով, երաշխավորությամբ կամ այլ կերպ ազատվեն պատասխանատվությունից, ուրեմն Հայաստանում ժողովրդավարություն չկա»։
Քաղաքագետ, միջազգայնագետ Սոսի Թաթիկյանն ընդգծել է․
«Տարօրինակ է տեսնել, թե ինչպես են որոշ ընդդիմադիրներ և անգամ վերլուծաբան/քաղաքագետներ փորձում արդարացնել Հայաստանի ղեկավարի հանդեպ ֆիզիկական բռնության փորձը և այն հրահրողի ձերբակալումը համարում ժողովրդավարության խախտում։
Ըստ որում, դա անում են այնպիսի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում սկիզբ են դրել բռնության մշակույթին։
Դուք գիտե՞ք, թե ցանկացած ժողովրդավարական երկրում ինչպես կվարվեին երկրի ղեկավարի հանդեպ նման արաքի դեպքում։
Խոսքը նրա վրա լոլիկ շպրտելու մասին չէ, որը մի քանի անգամ տեղի է ունեցել ժողովրդավարական երկրներում և կարող է որակվել որպես բողոքի արտահայտություն կամ խուլիգանություն, այլ իրական բռնության փորձի մասին է։ Էլ չեմ խոսում ոչ ժողովրդավարական որևէ երկրի մասին։
Միաժամանակ, նկատեցի, որ վարչապետի որոշ խիստ քննադատներ քննադատել են նրա հանդեպ բռնության փորձը, որը ողջունելի է»։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը հարցնում է․
«Թիկնապահների խմբով մտնել լեցուն եկեղեցի, ինչի՞ համար: Ցույց տալու, որ հավատացյա՞լ ես, թե՞ պարզապես մտնել՝ քարոզչություն անելու համար: Եթե մտնել եկեղեցի, ինչու՞ չմնալ հենց մուտքի մոտ, այլ փորձել լեցուն եկեղեցում առաջ շարժվել այցելուների բազմության մեջ թիկնազորի և ուղեկիցների խմբով՝ ստեղծելով անհարմարություն և դե ֆակտո խանգարելով արարողության ընթացքը:
Ըստ էության, վարչապետ Փաշինյանն այսօր «սադրիչ այց» կատարեց Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ ընթանում էր Ծաղկազարդի պատարագը:
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ, եթե վարչապետ Փաշինյանի՝ եկեղեցի մուտքի նպատակն ընդամենը պատարագին ներկա լինելն էր, ապա նա կարող էր մուտք գործել և շատ համեստ կանգնել մուտքի մոտ, առանց՝ թե ավելորդ ուշադրություն գրավելու, թե հավաքված բազմությանը ավելորդ անհարմարություն պատճառելու:
Բայց նա մտնում է եկեղեցի ու շարժվում առաջ, այն էլ զգալի խմբով: Թիկնապահները, բնականաբար, անում էր իրենց գործը, նրանք պետք է հնարավորինս տարածություն ապահովեն Փաշինյանի և մարդկանց միջև, դա նրանց գործառույթն է, նրանց աշխատանքի կոշտ կանոնը: Եվ հենց դա նկատի ունենալով էլ վարչապետ Փաշինյանը պետք է ձեռնպահ մնար այդ քայլից:
Հենց այստեղ է, որ քայլը այլ կերպ, քան սադրիչ, դժվար է գնահատել: Եվ սադրանքը տեղի ունեցավ, պատարագին ներկա երիտասարդը չկարողացավ զսպել իրեն և արտահայտվեց, առաջացավ միջադեպ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Քաղաքացին փորձել է հարվածել Փաշինյանին